Մատչելիության հղումներ

Արցախի ճգնաժամը հաղթահարելու համար Փաշինյանը երկու լուծում է առաջարկում. Բաքուն երկուսն էլ մերժում է


Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ահազանգեց՝ Արցախում հումանիտար ճգնաժամ է. Ադրբեջանն անգամ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տալիս։

«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է բնական գազի, էլեկտրական էներգիայի արտաքին մատակարարումներից, դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները Լեռնային Ղարաբաղի, դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված։ Այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք», - կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախում ստեղծված ծանր իրավիճակում Փաշինյանը երկու լուծում է առաջարկում, Բաքուն երկուսն էլ մերժում է

Ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու համար վարչապետը երկու քայլ առաջարկեց. Լաչինի միջանցքը բացելու Միջազգային դատարանի որոշման կատարումը, ինչը Ադրբեջանը հրաժարվում է անել դեռ փետրվարից, և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որի շուրջ սակայն Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ համաձայնության չեն գալիս։ Բաքուն տևական ժամանակ է մերժում է Երևանի այս գաղափարը՝ պնդելով, թե Ղարաբաղի հայերը իր քաղաքացիներն են։

«Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է։ Ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։ Երկրորդ, պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը», - ասաց Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանի առաջարկած երկու լուծումները Ադրբեջանը տևական ժամանակ մերժում է։ Վարչապետն այսօր այդպես էլ չհստակեցրեց, թե ինչպես է պատկերացնում այս երկու քայլերի իրագործումը Բաքվի կոշտ դիրքորոշման պայմաններում։

Փաշինյանի կառավարությունը իրավապաշտպան կազմակերպություն չէ, որ հայտարարություններով սահմանափակվի. Մամիջանյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ընդգծում է, որ վարչապետ Փաշինյանը չի կարողանում իրականություն դարձնել Լաչինի միջանցքի հարցին վերաբերող երկու փաստաթղթերը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով Լաչինի միջանցքում վերահսկղություն պետք է իրականցնեն միայն ռուս խաղաղապահները, և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, համաձայն որի Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։ Հետևաբար, ըստ Մամիջանյանի, պետք է արձանագրել, որ խնդիրը այսօրվա իշխանություններն են։

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

Բացի դրանից, Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի ներկայացուցչի համոզմամբ, Բաքու-Ստեփանակերետ երկխոսության մեխանիզմ ստեղծելու առաջարկը ի սկզբանե ձախողված տարբերակ էր, քանի որ պարզ էր, որ Բաքուն երբեք էլ չի համաձայնելու հավասարը հավասարի պես շփվել Ստեփանակերտի հետ, և իշխանության նպատակն ընդամենը Արցախից ձեռքերը լվանալն է եղել. - «Պաշտոնական Երևանը պիտի աշխարհին ցույց տա, որ Արցախի անօրինական, հակահումանիստական շրջափակումը մեր առաջնահերթությունն է, մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն անելիքներից է, գործառույթներից է։ Այլ ոչ թե տպավորություն ստեղծի աշխարհում, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվացել է Արցախից»։

Դիտարկմանը, թե կառավարության նիստում վարչապետը բարձրաձայնել է՝ դրանով ցույց տալով, որ առաջնահերթություն է Հայաստանի համար Արցախում ստեղծված իրավիճակը, Մամիջանյանն արձագանքեց. - «Հայաստանի Հանրապետությունը, ԱԳՆ-ն իրավապաշտպան հասարակական կազմակերպություն չէ, որ հայտարարություններով սահմանափակվի։ Այսինքն՝ ընդամենը ամեն հինգշաբթի օրը այս կամ այն տեղեկությունները տրամադրել կարող են նաև լրատվական ծառայությունների մեկնաբանները»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այս ողջ ընթացքում Արցախի շրջափակումը չպետք է լիներ «ձեռքի հետ» վարվող արտաքին քաղաքական ուղղություն, այն պետք է լիներ հիմնականը, ինչը սակայն, նրա գնահատմամբ, Փաշինյանի իշխանությունը չի արել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG