Մատչելիության հղումներ

Ստեփանակերտն անհրաժեշտ է համարում միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափի վերականգնումը


Արցախի շարունակվող խիստ շրջափակման, ուժի կիրառման և էթնիկ զտման ահագնացող սպառնալիքների պայմաններում, երբ Արցախի 120 հազար բնակչությունը, ըստ էության, գտնվում է պատանդի կարգավիճակում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է։ Այս մասին հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ այսօր հրապարակած մեկնաբանությունում:

Ընդգծելով, որ Արցախն «ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում», գերատեսչությունը շարունակում է. - «44-օրյա պատերազմի ավարտից հետո արդեն իսկ եղել են նման շփումների փորձեր հրատապ մի շարք խնդիրների լուծման նպատակով։ Մասնավորապես, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մարդասիրական, ենթակառուցվածքային և այլ տեխնիկական հարցեր՝ ուղղված մարդկանց խաղաղ և բնականոն կյանքի համար պայմանների ապահովմանը, արձանագրվել են կոնկրետ արդյունքներ՝ անհայտ կորածների ճակատագրի բացահայտման և զոհվածների աճյունների որոնման, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ հարցերում։ Այս ձևաչափով վերջին հանդիպումն անց է կացվել 2023 թվականի մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանն առնչվող հարցեր։ Սակայն, ադրբեջանական կողմը սկզբում հրաժարվել է կատարել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ այնուհետև դիմել է տարբեր սադրանքների և ագրեսիվ գործողությունների՝ հետևողականորեն մերժելով նշված ձևաչափով հանդիպումները շարունակելու Արցախի Հանրապետության բոլոր հետագա առաջարկները»։

Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ խաղաղ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափը, «որի շրջանակներում հնարավոր կլինի բարեխղճության, համագործակցության և կողմերի իրավահավասարության սկզբունքների հիման վրա քննարկել բոլոր վիճահարույց հարցերն ու հակասությունները», - նշված է հայտարարությունում։ «Միևնույն ժամանակ այս մեխանիզմը պետք է լինի ներառական և ներկայացուցչական, ինչպես նաև ունենա համապատասխան կարողություններ և լիազորություն՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը», - նշում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարների արդյունավետ համագործակցության կարևորությունը»:

«Այս առումով առաջնային նշանակություն ունեն միջազգային հանրության հավաքական և անհատական ջանքերը՝ ուղղված Արցախում նորմալ կենսապայմանների ստեղծմանը, Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանը, ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի վերացմանը և մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժի ապահովմանը», - ասված է հայտարարությունում:

Ռուսական մամուլը գրել է, մասնավորապես, թե ԱՄՆ-ը վերջնագրի տեսքով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հարկադրում է համաձայնել մոտ ապագայում երրորդ երկրում հանդիպել ադրբեջանական կողմի հետ՝ ամերիկացիների հովանու ներքո։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը երեկ ասել է, թե ծանոթ է այդ հրապարակումներին, և եթե փաստերը հաստատվեն, ամերիկյան կողմը պարտավոր է պարզաբանում տալ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն էլ այդ հրապարակումներին և Մոսկվայի հայտարարությանն արձագանքել է, որ խաղաղությունը պետք է ներառի Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը, և Վաշինգտոնը կողջունի ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG