Մատչելիության հղումներ

Ադրբեջանական անցակետով անցնելու որոշումը Արայիկ Հարությունյանը բացատրել է հանրային պահանջով. Դավիթ Գալստյան


Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյան
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյան

Ինչո՞ւ է Արցախի իշխանությունը խախտել իր իսկ սահմանած կարմիր գիծը, և որոշել, որ արցախցիները պետք է օգտվեն Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից։ Այս հարցի պատասխանը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամները նախօրեին կայացած հանդիպման ժամանակ փորձել են պարզել հենց նախագահ Արայիկ Հարությունյանից։

Հանդիպմանը մասնակցած Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով, Արայիկ Հարությունյանը ադրբեջանական անցակետից օգտվելու որոշումը բացատրել է հանրային պահանջով. - «Քննարկել ենք, թե ո՞րն այն դրդապատճառը, երբ որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ դա կարմիր գիծ է և մեր համար անընդունելի, չգիտենք ինչ-ինչ պատճառներով այսօր դա կարմիր գիծ չէ, և արդեն իշխանության կողմից որոշում է ընդունվել, որպեսզի քաղաքացիները անցնեն։ Արայիկ Հարությունյանը փորձեց դա ներկայացնել որպես հանրային պահանջ, փորձել է մեզ բացատարել, որ դա հանրային պահանջ է, շատ մարդիկ տարբեր հարցեր ունեն, խնդիրներ ունեն։ Չնայած մինչև այդ էլ Կարմիր խաչը... մեր համար էն ժամանակ ընդունելի էր, որ Կարմիր խաչի միջոցով մեր հիվանդներին տեղափոխենք։ Սակայն տեսնում ենք, որ արդեն շատ ավելի լայն շրջանակներ են սկսել օգտվել, որը անընդունելի է մեր համար»։

Հանրային շարժման անդամները, որտեղ ընդգրկած են Արցախի խորհրդարանի չորս ուժերը, տարբեր հասարակական գործիչներ, նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, չեն համաձայնել Արայիկ Հարությունյանի պնդմանը, թե ադրբեջանական անցակետով անցնելու հանրային պահանջ կա Արցախում։

Դավիթ Գալստյանի փոխանցմամբ, դա է վկայում նաև Արցախում իրականացրած ստորագրահավաքը, որին միացել է 60 հազար արցախցի։ Այլ հարց է, որ իր որոշումը արդարացնելու համար Արայիկ Հարությունյանը, ըստ պատգամավորի, փորձում է մեղքը կրկին բարդել հանրության վրա. - «Չհամաձայնվեցինք, բերեցինք այնտեղ շեշտադրումները, որ 60 հազարից ավել քաղաքացիներ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժմանը երբ որ նույն Արայիկ Հարությունյանը միացել է և իր ստորագրությունն է դրել, էնտեղ ևս գրված է որպես կարմիր գիծ այդ անցակետը։ Եվ 60 հազար Արցախում բնակվող մեր հայրենակիցները ստորագրել են, որ այո, դա անընդունելի է, դա կարմիր գիծ է։ Բայց այսօր իշխանությունները դա հանրային պահանջ են ձևակերպում, որը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»։

Արցախի համար ադրբեջանական անցակետից չօգտվելը շարունակում է մնալ կարմիր գիծ. Արցախի արտգործնախարար

Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, այսօր արձագանքելով ընդդիմությունից հնչող մտահոգություններին, «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է՝ ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչի ուղեկցությամբ արցախցիները միայն խիստ անհրաժեշտության դեպքում են անցնում ադրբեջանական անցակետով, մասնավորապես՝ Հայաստանում շտապ բուժօգնություն ստանալու և ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով։

Սերգեյ Ղազարյանը վստահեցրել է, որ Արցախի համար ադրբեջանական անցակետից չօգտվելը շարունակում է մնալ կարմիր գիծ. - «Նման մտահոգությունը հիմքեր ունի՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը անում է ամեն ինչ, որպեսզի լեգիտիմացնի այդ անցակետը, ինչը մեր տեսակետից անընդունելի է»։

Ադրբեջանական անցակետում խնդիրներ են առաջանում արցախցիների համար

Մինչդեռ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավարն ասում է, որ ադրբեջանական անցակետում խնդիրներ են առաջանում արցախցիների համար։ Փակագծեր չբացելով՝ ընդդիմադիր պատգամավորը միայն ասաց, թե այն վերաբերմունքը, որին արժանանում են Հայաստան գնացող կամ Արցախ վերադրաձող անձինք, անընդունելի է. - «Ինֆորմացիա կա, որ շատ ավելի խնդիրներ են առաջանում էդ շփման պահին, որը որ չեն բարձրաձայնում շատերը։ Թե ինչպիսի վերաբերմունք է լինում, դա անընդունելի է։ Գնացողներից շատերը ասում են, որ դա հային վայել չէ։ Կոնկրետ ինչը, ես չեմ կարող ասել, բայց խոսալով մարդկանց հետ, ովքեր որ գալիս են, գնում են, խոսում են, որ շատ անհարգալից վերաբերմունք է լինում, որը որ անընդունելի է, հային վայել չէ այդ ճանապարհով գնալը, մարդիկ փոշմանում են, որ գնացել են, հիմա մտածում են, որ չեն կարողանալու գան»։

Երաշխավորված չէ արցախյան պատերազմի մասնակիցների անվտանգ անցումը ադրբեջանական անցակետով

Դավիթ Գալստնանն ասաց, թե Արցախի նախագահից չեն ստացել նաև այն հարցի պատասխանը, թե արդյոք երաշխիքներ կան, որ ադրբեջանական անցակետով արցախայան պատերազմին մասնակցած անձինք կարող են անվտանգ անցնել։ - «Այդ հարցերի պատասխանը մենք չստացանք։ Չկա հայկական կողմից որևէ երաշխիք, կամ որևէ գործողություն չենք տեսնում, որ եթե հանկարծ խնդիր ստեցծեն, ի՞նչ ենք մենք անելու։ Հույսներս ամբողջովին ռուս խաղաղապահների վրա է, հայկական որևէ երաշխիք չկա։ Ռուսական միգուցե կա, ես տեղյակ չեմ»։

Արցախի արտգործնախարարը ևս այսօր հստակ պատասխան չտվեց, թե արդյոք կա պայմանավորվածություն, որ ադրբեջանական անցակետով ղարաբաղյան պատերազմի մասնակիցները կարող են անարգել անցնել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը նրանցից շատերի դեմ քրեական գործեր ունի հարուցած։ Սերգեյ Ղազարյանը միայն նշեց, թե հաշվի առնելով Ադրբեջանից հնչող հայտարարությունները, Արցախի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հետապնդվել, քանի որ չկա մեկը, որ իր ներդրումը չի ունեցել անկախ Արցախի կառուցման գործում։

XS
SM
MD
LG