Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
Նիստի մեկնարկին գործադիրի ղեկավարը հայտարարեց՝ սա իր ունեցած լավագույն հնարավորությունն է համապարփակ կերպով խոսել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության, 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հետ կապված հանգամանքների մասին ելույթի և հարցուպատասխանի միջոցով։
Ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրվեց և պատերազմը կանգ առավ նոյեմբերի 9-ին
Ըստ Փաշինյանի՝ շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը։
«Էականն այստեղ Շուշիի ռազմավարական արժեքն էր․ հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ։ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր 5-րդ փորձն էր», - ասաց վարչապետը՝ նշելով՝ առաջին նման խոսակցությունը հոկտեմբերի 7-ին էր, երբ ծննդյան օրվա առիթով զանգահարել էր Ռուսաստանի նախագահ Պուտինին։
«Նախագահը կարևոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է գնալ կոմպրոմիսների, և օգտվելով այս առիթից ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել՝ հնարավորինս արագ կրակի դադարի հասնելու համար։ Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարեցվի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում ու հետո սկսվեն խորհրդակցություններ։ Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար», - պատմեց Փաշինյանը՝ նշելով, որ նույն օրը Պուտինի հետ երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը փոխանցել է, որ Ադրբեջանի նախագահը համաձայն չէ հրադադար հաստատելուն։
Հաջորդ օրը, Պուտինը տեղեկացրել է Փաշինյանին՝ ադրբեջանական կողմը նախապայման ունի՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար, այնպես որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով։
«Բացի դա, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է ետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին և Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել։ Այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար, դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման չպիտի լիներ», - տեղեկացրեց Փաշինյանը՝ նշելով՝ Երևանը չի ընդունել նախապայմանները։
«Ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ»
Իմ դիրքորոշումն ինչպես հիմա, նախկինում էլ եղել է, որ՝ այո, ճանապարհները պետք է բացվեն, այո՛ Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է Նախիջևանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցք և դա պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, ասաց գործադիրի ղեկավարը։
«Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում պատերազմը կանգնեցնելու պայմանները հետևյալն էին՝ բոլոր 7 շրջաններն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ԼՂ կարգավիճակը թողնվում է անորոշ, ԼՂԻՄ-ի այդ պահին արդեն կորսված տարածքները մնում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այդ պահին ԼՂԻՄ-ի էական տարածքներ արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էին, Շուշին հանձնվում է Ադրբեջանին, Մեղրիում տեղակայվում են խաղաղապահներ և փաստացի ստեղծվում է միջանցք, այսինքն՝ մեր վերահսկողության ներքո չգտնվող շերտ Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող։ Նման պայմաններին ես չէի կարող համաձայնվել որքան էլ ես հասկանում էի իրադրության ծանրությունը։ Հիմա երբ հետահայաց նայում եմ, էլի չէի կարող համաձայնել», - ասաց Փաշինյանը։
«Ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում»
Ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում, ասաց վարչապետը՝ միևնույն ժամանակ նկատելով՝ քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նկատապ և մոտիվացիա, մյուս կողմից էլ բանակցություններից ակնհայտ էր, Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին էր։
«Շուշին վերցնելով ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանում գրոհել Ստեփանակերտը և արդեն ոչ միայն ճակատից այլև թիկունքից գրոհել 5, 6, 7-րդ պաշտպանական շրջանները Պաշտպանության բանակի», - ասաց վարչապետը։
Շուշիի անկում
Ըստ Փաշինյանի՝ հասկանալով, որ Շուշիի անկյունաքարային նշանակությունն էլ ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էին։
«Ի վերջո հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է, բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն՝ ըստ էության փակել ճանապարհը։ Լուրն ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն ԶՈւ ԳՇ-ն չէր հաստատում այդ տեղեկատվությունը։ Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահն ասում է, ԳՇ-ն չի հաստատում։ Հետո լուր եկավ, որ ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա։ Ըստ էության, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին», - ներկայացրեց վարչապետը՝ շեշտելով՝ լուրը ծանր էր իր համար, որովհետև՝ «իմ բոլոր հրամաններում, հրահանգներում ասել էի, որ Շուշին պետք է պահվի և ստացել էի հավաստիացում, որ կպահվի»։
Շուշիի անկման դրվագի հետ կապված քրեական գործեր են հարուցված և այս հանգամանքները դեռ սպասում են և պիտի արժանանան մանրամասն պարզաբանման, հայտարարեց Փաշինյանը։
«Առաջարկվում էր կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին»
Փաշինյանն ասաց՝ համաձայնել է բանակցություններ սկսել՝ պայմանով, որ դրանում չլինեն Շուշին և Հայաստանի տարածքով միջանցքին վերաբերող դրույթներ, ինչպես նաև առաջարկելով, որ հայկական կողմն Աղդամի շրջանը վերադարձնի Հադրութի շրջանի դիմաց։
«Սա էր եռակողմ հայտարարությունը ստորագրելուն ուղղված գործընթացի մեկնարկը», - ասաց վարչապետը՝ նշելով՝ հասել էին շրջադարձային կետի՝ եթե կարողանում են պահել Շուշին դա շրջադարձ է, եթե չեն կարողանում պահել, դա էլ է շրջադարձ։
«Նոյեմբերի 8-ի դրությամբ, որքան էլ ասում էին, որ Շուշին մեր հսկողության տակ է, հասկանում էի, որ այն ամբողջությամբ հետ բերել այլևս չենք կարող», - ընդգծեց Փաշինյանը։
Նոյեմբերի 8-ից 9-ը շուրջ 20 հեռախոսային խոսակցություն Պուտինի հետ և պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը։
«Ի վերջո քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը», - ասաց Փաշինյանը՝ հայտնելով, որ Ադրբեջանը չէր ստորագրել և նոր լրացումներ էր առաջարկել։
«Օրվա ընթացքում էդ ստորագրված տեքստը շրջանառությունից դուրս եկավ, օրվա ընթացքում տարբեր քննարկումներ, տարբեր համաձայնություններ, օրվա վերջում պարզվում է, որ նոր լրացումներ են առաջարկվում։ Այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրվի ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում», - ասաց գործադիրի ղեկավարը՝ նշելով, որ որոշ ժամանակ անց համաձայնություն ձեռք բերվեց այդ կետը հանել փաստաթղթից։
«Տևական բարդ քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն իհարկե ավելի վատն էր քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիով միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»։
Հնարավո՞ր էր խուսափել 44-օրյա պատերազմից
Այո, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծած լինեինք Ղարաբաղի հարցը, ասաց Փաշինյանը։
Ըստ ընթացակարգի՝ Փաշինյանն այսօր միայն ելույթ ունեցավ, իսկ առաջիկա նիստին արդեն պատգամավորները վարչապետին հարցեր տալու հնարավորություն կունենան։
Ըննդիմությունը բոյկոտել է նիստը։ Նրանք երեկ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նիստը համարում են «շոու», որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է»։
Ընդդիմադիրներին այսօր հակադարձեց ԱԺ նախագահը։ Ընդդիմությունը հնարավորություն ուներ վարչապետին ուղիղ եթերում հարց տալ այս վերջին տարիների ընթացքում իրենց հնչեցրած բոլոր մեղադրանքների շուրջ, ասաց Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով՝ «ասելիք չունեն, դրա համար էլ չեն եկել»։
Ընդդիմադիրների դիտարկումը, թե Փաշինյանն այս կերպ փորձում է իր մեղքն ուրիշների վրա բարդել, Սիմոնյանը ծիծաղելի համարեց։ «Փաշինյանը երբեք որևիցե մեկի վրա մեղք չի բարդել, այլ հակառակը՝ ես իրեն հաճախ ասում եմ՝ «էդքան շատ մի շեշտի և մի քո վրա վերցրու այն բաները, որոնք կապ չունեն քեզ հետ»։ Թող գան, թույլ չտան դա անել», - ասաց ԱԺ նախագահը։