Ընդդիմադիր պատգամավորների բոյկոտի պայմաններում Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովը այսօր միաձայն կողմ քվեարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողովի աշխատակարգին։
Արդեն նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի իշխանական անդամները չբացառեցին, որ առաջին հրավիրյալներից մեկը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, և ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, բա տենց հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերները ո՞նց իրանց ձեռքից բաց թողեցին, քանի ժամ ուզում էին, ինչ հարց ուզում էին», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ինչպես ավելի վաղ էին հայտարարել, որոշել են չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Հիմնավորումը հետևյալն է՝ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները:
«Օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ որ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձազերծվել է Ադրբեջանի կողմից պատերազմ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ», - հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորները լքեցին հանձնաժողովի դահլիճը, չբացառելով որ ինչ-որ պահի նիստերի կարող են և մասնակցել. «Եթե մարդ ես, մի օր նպատակահարմար համարենք, կարող է գանք, շարունակենք մասնակցել»
Պատգամավորները, որպես ի պաշտոնե հանձնաժողովի անդամներ, նաև կարող են ծանոթանալ քննիչ հանձնաժողովի ցանկացած փաստաթղթերի ու ձայնագրությունների։ Այստեղ խնդիր տեսավ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ես չհասկացա, դուք ըստ ձեր ցանկության եք որոշելո՞ւ ինչ-որ մի պահի մասնակցել, թե չէ: Էդպես չի լինում», - նշեց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը պնդում է, ընդդիմադիրների բոյկոտը չի կարող հանձնաժողովի նկատմամբ անվստահություն ստեղծել, բայց դժգոհ է գործընկերների որոշումից, նիստին նախորդած զրույցներից ինքը հետևություն էր արել, թե ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին մասնակցել նիստի աշխատանքներին:
«Եթե մեր ընդդիմադիր գործընկերները կամ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որպեսզի իրենք բաց ճակատով գան ու իրենց հետաքրքրող հարցերը ուղղեն ցանկացած պաշտոնյայի, ցանկացած փաստաթղթի հետ ծանոթանալու առումով, դա արդեն խոսում է, թե ինչ որակի ընդդիմություն ունենք», - հայտարարեց նա:
44-օրյա պատերազմի հետևանքով որդուն կորցրած ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը հակադարձում է՝ ամենաշատը ինքն է շահագրգռված, որ պատերազմի բոլոր հանգամանքները բացահայտվեն, բայց նախադրյալներ չի տեսնում։ Անգամ հանձնաժողովի անվան մեջ է խնդիր տեսնում:
«Ստեղծվում է սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքները.... ո՞ւմ կողմից սանձազերծված, ի՞նչ ռազմական գործողություններ, նույնիսկ էն սկիզբը իրենք արդեն սխալ են դրել», - նշեց Նազարյանը:
«Պարզ էր չէ՞, որ Ադրբեջանի կողմից, բայց այս պատերազմը կարող է պարզվի՝ ոչ միայն Ադրբեջանի կողմից էր», - արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը:
Ընդդիմադիրներին անհանգստացնում է նաև հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված փորձագետների կազմը։ Ինչպե՞ս կարող է Արծրուն Հովհաննիսյանը, որ 44 օր շարունակ հանրության վստահեցնում էր թե հաղթելու ենք, օբյեկտիվ քննություն անցկացնել, հարցնում են:
«Արծրուն Հովհաննիսյանը տնօրինում է շատ մեծ տեղեկատվության, դուք հիմա այն պատկերի շուրջ եք, որ Արծրուն Հովհաննիսյանի շուրջ փորձեցին ստեղծել: Արծրուն Հովհաննիսյանը որպես Պաշտպանության նախարարության այդ ժամանակ ինֆորմացիայի կրող, շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի աշխատանքների ընթացքում», - պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը:
Ավելի վաղ խոսվում էր նաև հանձնաժողովի աշխատանքներում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին ներգրավվելու իշխանության ցանկության մասին: Այսօր հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, այդ հարցը հընթացս է որոշվելու. «Այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չի»:
Հանձնաժողովի հետագա նիստերը կանցկացվեն դռնփակ։ Հանձնաժողովի լիազորությունների ժամկետ է սահմանվել վեց ամիսը, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել ևս կես տարով։