Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսօր կրկին մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նիստն ընթանում է փակ դռների հետևում։
Անցած նիստից հետո Քոչարյանն ասաց, որ քննարկել են բոլոր մանրուքները, սկսած՝ պատերազմից առաջ բանակի վիճակից, մինչև սպառազինության, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու հարցեր։ Քննիչ հանձնաժողովի ղեկավարը դրվատանքի խոսքեր հնչեցրեց Օնիկ Գասպարյանի հասցեին, նաև ասաց՝ ոչ մեկը նրա չափ ավանդ չունի Զինված ուժերում, գիտելիքներով էլ չի կարող մրցել։
Իշխանություն-Օնիկ Գասպարյան հրապարակային հակասություններն առաջացել էին 2021-ի փետրվարին, երբ այն ժամանակ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Գասպարյանն ու շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։
Գասպարյանը 2020-ի նոյեմբերի 17-ին հայտարարել էր, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը և առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերքեցին, թե բանակի ղեկավարը առաջարկել է անհապաղ կանգնեցնել պատերազմը։
Քոչարյանն անցած նիստից հետո անպատասխան թողեց հարցը, թե արդյո՞ք Գասպարյանը կրկին պնդել է պատերազմի ավարտից հետո արած իր հայտնի հայտարարությունը պատերազմը դադարեցնելու մասին։