Մատչելիության հղումներ

Ըստ իշխանական պատգամավորի, 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը կստեղծվի փետրվարին


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մի քանի օրից որոշում կկայացնի 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ ամենայն հավանականությամբ փետրվարին կձևավորվի։

«Կարծում եմ՝ փետրվար ամսին։ Մոտ օրերս հայտարարություն ,կարվի և, իմ կարծիքով, փետրվար ամսին արդեն որոշում կկայացվի էդ հանձնաժողովը ստեղծելու մասին», - ասաց Խաչատրյանը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը յոթ ամիս առաջ էր հայտարարել, որ շուտով կձևավորվի հանձնաժողովը։ Յոթ ամսվա ընթացքում իշխանականները իրավական ուղիներ էին փնտրում, որ շրջանցեն Ազգային ժողովի կանոնակարգն ու հանձնաժողովը ավելի մեծ մասշտաբով ձևավորեն՝ ընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերը։ Իսկ Ազգային ժողովի կանոնակարգով կարող է ձևավորվել միայն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հիման վրա:

«Աշխատանքը կատարելու են էդ պատգամավորները հանձնաժողովի, բոլորն իրավահավասար են, և այստեղ որևէ բան փոխել, կամ օբյեկտիվ իրականության մեջ ինչ-որ պատկերներ փոխել, կամ շեղել բացառապես հնարավոր չէ», - ասաց Արմեն Խաչատրյանը։

Եթե Ազգային ժողովի կանոնակարգով ձևավորվի, ապա հանձնաժողովը կղեկավարի իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդամների մեծամասնությունն էլ կլինի իշխող խմբակցությունից, ինչպես պաշտպանության հանձնաժողովում է։

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է, որ այս կազմով քննվեն պատերազմի հանգամանքները

Ընդդիմադիր խմբակցությունները դեմ են, որ այս կազմով քննեն 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Խորհրդարանի երկրորդ ուժի՝ «Հայաստան» խմբակցության համար սա անընդունելի է։ Իշխանության ստեղծած հանձնաժողովն այդ կազմով չի կարող անաչառ քննել պատերազմի հանգամանքները, «Ազատությանն» ասաց խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Նախ այն պատճառով, որ իրենք արդեն կողմ են այդ ամբողջ պրոցեսին, ներկայացնում են օրվա քաղաքական իշխանությանը, և ակնհայտ է, որ էդ հանձնաժողովի աշխատանքները վերածելու են շոուի․ փորձելու են նշանակել մեղավորներ, մաքրել իրենց պատասխանատվության բաժինը, և իրականում օբյեկտիվ, արդարացի քննություն տեղի չի ունենալու, որպեսզի մեր հանրությունը հասկանա՝ ինչի մասին է խոսքը», - ասաց Սաղաթելյանը։

Ստեղծվող հանձնաժողովի նիստերին մասնակցելու նպատակահարմարության հարցը դեռ քննարկվում է «Հայաստան» խմբակցությունում, վերջնական դիրքորոշումը կհայտնեն մի քանի օրից. «Վերջնական որոշման հետ կապված անհրաժեշտ է հասկանալ լրացուցիչ պայմաններ, նոր վերջնական որոշում կայացնել»։

Պաշտպանության հանձնաժողովի անդամներից յոթը իշխանությունից են, չորսը՝ ընդդիմությունից։ Ստեղծվող հանձնաժողովի մասին «Պատիվ ունեմ»-ն էլ բացասական վերաբերմունք ունի։ Հանձնաժողովի նպատակը Փաշինյանի թիմին մաքրագործելն ու մեղավորներ նշանակելն է, պնդում է խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Մասնագիտական վերլուծություն ռազմարվեստի տեսանկյունից իրականացնելու համար որոշում ունի Պաշտպանության նախարարությունը և գենշտաբը, որ կարող է ստեղծվել մասնագիտական հանձնաժողով, իսկ այդ քաղաքական հանձնաժողովի ստեղծումը միտված է միայն ու միայն իրենց մեղավորությունից մաքրազարդելու, մաքրազերծելու համար»

Այդուհանդերձ, «Պատիվ ունեմ»-ը կմասնակցի՞ հանձնաժողովի նիստերին, թե՞ կհրաժարվի։ «Մասնակցության վերաբերյալ հայտարարություն կլինի արդեն հանձնաժողովի ստեղծումից հետո», - ասաց Մամիջանյանը։

Քննիչ հանձնաժողովի նիստերը լրագրողների համար դռնփակ են։ Հանձնաժողովն իրավունք ունի հրավիրել բարձրաստիճան պաշտոնյաներին ու հարցեր տալ դեպքերի մասին։ 2016-ի ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում մեկ տասնյակից ավելի պաշտոնյաներ են բացատրություններ տվել, այդ թվում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովում պարզվել էր, որ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը քառօրյա պատերզմի ժամանակ վատ դերակատարություն է ունեցել։ Այդ ժամանակ Արտակ Դավթյանը եղել է ԳՇ օպերատիվ վարչության պետը։

«Արտակ Դավթյանի մասով դուք կկարդաք 16 թվականի քննիչ հանձնաժողովի եզրակացության մեջ, Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարում է, ըստ իս, ունեցել 16 թվականի պատերազմական գործողությունների ժամանակ», - ասել էր Քոչարյանը։

Սակայն այս բացահայտումից հետո գործող իշխանությունը հենց Արտակ Դավթյանին էլ վստահեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Իշխանական պատգմավորն այս նշանակումը բացատրում է ճգնաժամային իրավիճակով. «Երկրի պաշտպանության հետ կապված գուցե ճգնաժամային իրավիճակներ են եղել, որի դեպքում կադրային շարժն էլ եղել է քիչ ընկալելի»։

Քննիչ հանձնաժողովը պատասխանատվության ենթարկելու լծակներ չունի։ Նիստերի ավարտից հետո Ազգային ժողովին զեկույց են ներկայացնում։ Քառօրյայի 97 էջանոց զեկույցից Անդրանիկ Քոչարյանը միայն հատվածներ ընթերցեց խորհրդարանում։ Մոտ երկու տարի տևւած քննության ընթացքում հանձնաժողովի ղեկավարը հնչեղ բացահայտումներ էր խոստանում, բայց այդպես էլ հանրությունը չիմացավ՝ ինչ են պարզել։ Զեկույցն ամբողջությամբ չհրապարակվեց։

XS
SM
MD
LG