2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին վաղը կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի ընդդիմադիր 2 խմբակցությունները, սակայն, դրան չեն մասնակցի:
«Քննիչ հանձնաժողովի ձևավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն, քանի որ իշխող ուժի՝ ճնշող մեծամասնություն ունեցող հանձնաժողովն չի կարող առարկայական քննել սեփական իշխանության, կառավարության գործունեությունը», - հայտարարում են «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
«Նիկոլ Փաշինյանին ուղղելու հարց պարզապես չկա, Նիկոլ Փաշինյանը և՛ 44-օրյա պատերազմի հետ կապված, և՛ Հայաստանի ու Արցախի հետ կապված հարցերում իր մոտեցումներն արտահայտել է, հիմա այդպիսի դիրքորոշումների արտահայտությունից հետ նրան որևէ տալու հարց չկա: Երբ որ քաղաքական փոփոխություններ տեղի կունենան երկրում, դրանով կզբաղվեն իրավապահ մարմինները և համապատասխան համակարգում կլինեն այն գնահատականները, որոնք ուղղված կլինեն իշխանությանը՝ իրենց արածի ու չարածի համար», - ասաց «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Աբրահամյանը հիշեցնում է՝ նախկինում առաջարկել էին Ազգային ժողովից դուրս հանձնաժողով ձևավորել, այդ առաջարկը, սակայն, իշխանականները մերժել էին։ Ընդդիմադիրների կարծիքով՝ «Փաշինյանի հրապարակային, ուղիղ եթերում ցուցմունք տալու նախաձեռնությունը չի նպաստի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն, քանի որ անհնար է լինելու պետական, ռազմական, դիվանագիտական գաղտնի տեղեկությունների հրապարակումը կամ դրանց շուրջ հարցեր տալը։
Վաղվա նիստը ընդդիմադիրներն անվանում են շոու ու հայտարարում, որ այն «իշխանության և անձամբ Փաշինյանի կողմից իր վրայից պատասխանատվությունը գցելու գործելաոճի ևս մի դրսևորում է»։
Պաշտպանության հանձնաժողովից իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հիշեցնում է ընդդիմադիրները նախկինում հրաժարվել են նաև փակ ձևաչափով վարչապետի հետ հարցուպատասխանի մասնակցել, հիմա էլ հրաժարվում են բաց տարբերակից, ըստ նրա, սխալ են գործում։
«Հենց այդ հարթակն է, որտեղ իրենք կարող են ամենասուր հարցերը տալ ու ամենասուր քննադատությունն անել ու մեղադրանքները հնչեցնել ու լսել պատասխանը, համաձայնվել կամ չհամաձայնվել, այնպես որ ինչի հետ չեն համաձայնվել, չեմ կարող ասել», - նշեց Պողոսյանը:
Փաշինյանի՝ նիստն մասնակցելու մասին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը տեղեկացրել էր անցյալ շաբաթ՝ մանրամասնելով, որ վարչապետից դրական պատասխան են ստացել։ Փաշինյանն, ըստ Պողոսյանի, վաղը հանդես է գալու հրապարակային զեկույցով ուղիղ եթերում, ինչին կհաջորդի հարցուպատասխան, ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ օրը, քանի որ զեկույցը երկար է լինելու։
Մինչ օրս բացառապես իշխանականներից կազմված քննիչ հանձնաժողովը փակ նիստերում հարցաքննել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին, նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին և մի քանի այլ պաշտոնյաների։