Տեղ գյուղի բնակիչ Բենիկ Աբալյանը հեգնանքով է արձագանքում մայրաքաղաքից եկող լուրերին, թե իշխանությունները քննություն են ուզում անել, որ պարզեն՝ ինչպես Տեղի դաշտեր մտան ադրբեջանական ստորաբաժանումները. - «Մեղավորը ես եմ, թող գան ինձ փնտրեն»:
Ադրբեջանական ավելի քան 10 հենակետերից մեկն էլ Աբալյանի հողատարածքի վրա է:
«Տեղ գյուղը Հայաստանի բանալին ա, Փաշինյանը պիտի զորքը բերեր իմ հողամասում..., ի՞նչ ա պատասխան տալու, մարդիկ ցորեն են ցանել, մշակել են», - ասաց բնակիչը:
Տեղ գյուղի արյունոտ միջադեպից երեք օր անց վերսկսվել են ինժեներական աշխատանքները: «Թե՛ մեր, թե՛ ադրբեջանական զինուժը շարունակում են դիրքավորումը», - տեղեկացանք գյուղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանից։
«Թուրքն էլ ա մեր հողում, մերոնք էլ են մեր հողում, նորից նույն ձևի ամեն մեկն իրա պոստը պահում ա, ոնց որ կռվից առաջ էր», - ասաց Հովսեփյանը:
Ապրիլի 11-ին ադրբեջանցիները մեքենայով մոտեցել էին հայկական դիրքում աշխատող զինծառայողներին՝ նրանց հորդորել կանգ առնել, զրույցը ձեռնամարտի էր փոխարինվել, ապա՝ փոխհրաձգության։ Ադրբեջանական զինուժը ժամեր անց կրակ էր բացել նաև խոշոր տրամաչափի զենքերից։ 4 հայ զինվորականի կյանք խլած այս միջադեպից հետո՝ Տեղ գյուղի տարածքում գտնվող այդ դիրքը մնացել էր հայկական և այսօր, ըստ Հովսեփյանի, այդ նույն դիրքում էլ հայկական կողմը ակտիվ աշխատանք է կատարում. - «Հա, լավ էլ աշխատում են, թափով աշխատում են»:
Զինված այս բախմանը նախորդել էր երկշաբաթյա լարված իրավիճակը Տեղի այդ հատվածում։ Ըստ Հայաստանի իշխանությունների՝ ադրբեջանական ստորաբաժանումները մինչև 300 մետր խորացել են հայկական տարածքներում։ Արգամ Հովսեփյանը չի կարծում, որ այժմ կողմերի միջև որևէ բանակցություն է ընթանում, քանի որ բանակցողը հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանն էր, նա էլ ապրիլի 11- ին վիրավորում էր ստացել, դեռ ապաքինման փուլում է:
«Ամեն օր Գյոզալյանն էր իջնում, թե բանակցում էին, կանգնում էին, մենակ մեր բանակն ա արել, ինչ արել ա՝ բանակն ա արել: Ըստ ձեզ, ո՞վ պիտի բանակցի», - նշեց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամը:
Տեղի բնակիչ Աբալյանն ասում է՝ «աչքերս փակ կգծեմ այդ սահմանը»՝ թող վերևներից գան, գտնեն իրեն:
«Հենա քարտեզ կա մեր գյուղապետարանում, հողամասն էլ ես աչքերս փակ կարամ սահմանով գնամ, իրանք էլ մաշինով հետևիցս գան, գծեն», - ասաց նա:
Տեղում անհանգիստ են՝ ինչո՞վ է ավարտվելու սահմանի ճշգրտման գործընթացը
Տեղում անհանգիստ են՝ ինչո՞վ է ավարտվելու սահմանի ճշգրտման այս ցավոտ, մարդկային կյանքեր խլող գործընթացը:
«Մենք խաղաղ բնակիչներ ենք, բայց՝ ախ ու վախով, մեր հայկական հողում չենք կարողանում ապրենք: Այս պահին շատ ուժեղ վախենում ենք, ամեն մի պահ, ամեն մի րոպե, շորներս չենք հանում, հագուստով քնում ենք, հագուստով վեր կենում», - ասաց գյուղի բնակիչ Ալվարդ Դալիջունցը՝ շարունակելով, - «Իրավիճակը շատ վատ ա, մենք խնդրում ենք մեր կառավարությանը, որ իրանք մեզ մի քիչ սատար կանգնեն, գան մեզ օգնեն»:
Ալվարդ Դալիջունցի որդին, որ 44-օրյա պատերազմում վիրավորվել ու դեռ չի ապաքինվել, աշխարհազորային է՝ Տեղի սահմանին. նրա փոքրիկ երեխաները վերջին փոխհրաձգության ժամանակ հաշվում էին՝ մեկ, երկու, երեք՝ մի՞թե չվերջացան ադրբեջանցիների փամփուշտները:
Այսօր գյուղում ավագանու նիստ էր հրավիրված, ավագանու ընդդիմադիր անդամները պնդում էին՝ օրակարգային մեկ՝ անվտանգության հարցը պիտի քննարկվի, բայց նիստում կադրային նշանակման թեմա էր։
Այսօր Տեղում ծանուցում են տարածել՝ վաղը գյուղ կգա Պաշտպանության նախարարության խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, որ Սյունիքի նախկին մարզպետն էր՝ բարձրաստիճան այլ սպաների հետ։ Հանդիպումը սահմանների պաշտպանությանն ու բնակիչների անվտանգությանն է վերաբերելու։ Հրավիրում են՝ «գյուղի մտահոգ և հայրենասեր բնակիչներին»։