Մատչելիության հղումներ

Մերոնք ուշացել են, հակառակորդը զբաղեցրել է դիրքերը. հայտարարեց Սեյրան Օհանյանը զինվորականների հետ քննարկումից հետո


Խորհրդարանական ընդդիմությունը փակ քննարկում է հրավիրել սահմանային իրավիճակի և Տեղ գյուղում վերջին զարգացումների ֆոնին։ Նիստին մասնակցել են պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Աշոտ Խաչատրյանը։

ԳՇ պետը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը թերացումների վերաբերյալ, ասաց. - «Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, և թերացողները կերևան»:

Հարցին՝ ի՞նչ հանձնարարություններ են տրվել, որ չեն կատարվել, Էդվարդ Ասրյանը պատասխանեց. - «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»:

Երկու շաբաթ առաջ, երբ ադրբեջանցիները հաղորդում էին մի շարք բարձունքներ վերցնելու մասին, սյունեցիներն էլ՝ պնդում, թե ադրբեջանցիները Տեղ գյուղի հողեր են մտել, վարչապետը հավաստիացրեց՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան - Արցախ երթուղին է փոխվել, ադրբեջանական հաղորդումներն էլ բլոկբաստեր որակեց։ Երեկ արդեն, ասաց, հանձնարարություններ է տվել, որոնք ձախողվել են։

«Ազատություն» - Պարոն Ասրյան, վարչապետը ինչի՞ մասին էր խոսում, այդ հանձնարարականները ե՞րբ է տվել, ամսի 30-ի՞ն, թե՞ ավելի ուշ։

Էդվարդ Ասրյան- Ի՞նչ հանձնարարականների մասին է խոսքը։ Անվտանգության ապահովման հանձնարարականները մշտապես տրվում են։

Քննարկումից հետո Էդվարդ Ասրյանը միայն հայտարարեց, որ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ ԱԱԾ ավելի վաղ արած հայտարարության մասին, որ ադրբեջանցիների առաջխաղացումից հետո Տեղ գյուղում բարելավումներ են տեղի ունեցել, նա որևէ հստակ պատասխան չտվեց, չմանրամասնելով, թե քանի կետերում են այդ բարելավումները տեղի ունեցել։

«Բարելավումը մշտապես իրականացվում է, քանակական ես չեմ հրապարակի։ Իրավիճակը հարաբերական կայուն է», - ասաց նա։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ դռնփակ քննարկումը բուռն էր, պաշտոնյաները, ըստ նրա, ներկայացրել են իրավիճակը Տեղ գյուղի հատվածում, պատասխանել մտահոգիչ հարցերի. - «Որոնք վերաբերում են ընդհանուր կառույցների, զինված ուժերի և այլ հատվածներում հակառակորդի հնարավոր սադրանքների և մեր պատրաստության վերաբերյալ։ Քանի որ դիվանագիտական հարցեր են, և քանի որ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, ակնհայտ է, որ Գլխավոր շտաբի պետը շատ հարցերի չէր տիրապետում, և բացթողումները վերաբերում են ՀՀ քաղաքական իշխանությունների գործողություններին, որոնք պետք է կանխավ համագործակցություն կազմակերպեն ուժային կառույցների միջև, և ցանկացած այդպիսի փոփոխությունների շրջանակներում դիրքերի զբաղեցման, փոխարինման գործընթացը որպեսզի մենք կարողանանք առաջընթացով կատարենք, կանխարգելենք շատ միջոցառումներ և իհարկե, չուշանանք»։

«Ազատություն» - Դուք կարողացա՞ք ճշտել՝ դա ում մեղքն է, ճի՞շտ եմ հասկանում, որ զինվորականների պատասխանը հետևյալն էր, որ քաղաքական իշխանությունը չի՞ տվել այդ հրամանները։

Սեյրան Օհանյան - Կարճ ասեմ՝ ուշացել են մերոնք, դրա համար հակառակորդը զբաղեցրել է այն հատվածում, որտեղ իմ հասկանալով՝ ԱԱԾ-ն է այդտեղ խնդիրներ իրականացրել, բայց խնդիրն այստեղ այն է, որ շատ քաղաքական հարցեր, շատ բանակցություններին վերաբերվող խնդիրների պատասխանները քաղաքական իշխանության խնդիրն է, ոչ թե զինվորականների։

«Ազատություն» - Ո՞ւմ մեղքով են ուշացել, որովհետև վարչապետը երեկ ասում էր, որ ինքը տվել է հանձնարարականներ, և եղել են թերացումներ, ձախողումներ։

Սեյրան Օհանյան - Տեսեք՝ ծառայողական քննություն է հիմա անցկացվում, քննության արդյունքով իրենք այդ պատասխանները կտան և կներկայացնեն հանրությանը, բայց երբ իրենք չեն ասում և չեն ասում, թե որոնք են թերությունները, այդ պատճառները, և միանգամից առանց ծառայողական քննություն անցկացնելու պաշտոնյաների հանում են պաշտոններից, օրինակ՝ սահմանապահ ծառայության զորքերի հրամանատարը ազատվել է պաշտոնից, դա նշանակում է, որ ղեկավարությունը նորից հանդես է գալիս դատավորի դիրքում և ինքնուրույն որոշումներ իրականացնում՝ առանց մանրակրկիտ ուսումնասիրելու այս գործընթացի իրողությունները։

XS
SM
MD
LG