Մատչելիության հղումներ

Անվտանգության երաշխավորին փոխելը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության. Արման Գրիգորյան


«Ազատության» զրուցակիցը Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։

«Ազատություն». - Երևանի մեկնաբանությունը Դուք հիմնավոր չե՞ք համարում։ Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղարն էր ասել, որ ճիշտ չէ, թե Ռուսաստանից երես ենք թեքել, անվտանգության երաշխիքների փնտրտուք է պարզապես, այլ դռներ ենք թակում, որովհետև չկա այդ օգնությունը։

Գրիգորյան. - Ուրիշ անվտանգության երաշխիքներ փնտրելը Ռուսաստանից երես թեքելուն հավասարազոր դիրքորոշում է։ Ի՞նչ կարող է նշանակել ուրիշ անվտանգության երաշխիքներ։ Այսինքն՝ խոսքը կարող է գնալ այս պահին համակարգը, որում Հայաստանը գոյություն ունի, դրանից դուրս գալու և այլընտրանքային ինչ-որ համակարգում տեղ զբաղեցնելու մասին։ Եվ դժվար չի կանխատեսել, որ դա գրգռելու է Ռուսաստանի հակազդեցությունն ու դժգոհությունը։

«Ազատություն». - Բայց մյուս կողմից, իսկապես չկա Ռուսաստանի էն աջակցությունը, որը Երևանն ակնկալում է։ Որքան էլ որ գրգռեց դա Մոսկվային, միևնույն է, Եվրամիության էդ քաղաքացիական դիտորդները եկան կանգնեցին։

Գրիգորյան. - Ամբողջ խնդիրն այն է, որ այն, ինչ որ ռուսները անում են, բավարար չլինելով հանդերձ՝ համեմատելի չի այն բաների հետ, որոնք մենք կարող ենք ակնկալել ուրիշ տեղերից։ Ուրիշ տեղերից մեզ ընդհանրապես ոչինչ չեն առաջարկում։ Էդ նույն Եվրոպական միության առաքելությունը ուճացնել և դա հավասարազոր համարել անվտանգության համակարգի, որ դա նույն բանն է, ինչ որ փոխադարձ անվտանգության պարտավորությունները կամ դաշինքը... Ես չեմ ուզում նսեմացնել նրանց դերակատարությունը, չեմ ուզում ասել, որ դա բացասական բան է, իրականում դրական է, ես դա ողջունել եմ։ Բայց դա համեմատել անվտանգության համակարգի հետ չի կարելի։

«Ազատություն». - Հետևաբար Դուք նաև չեք տեսնում արցախահայության համար անվտանգության էդ միջազգային մեխանիզմը, որը Երևանը անվանում է տեսանելի, շոշափելի»

Գրիգորյան. - Ես չգիտեմ դրա բովանդակությունն ինչ է, էդ անվտանգության մեխանիզմը։ Ես չեմ բացառում, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Իրականում կարող են ինչ-որ մեծ տերություններ, որոնք որպես միջնորդ կարող են հանդես գալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման, կարող են նման պարտավորություններ ստանձնել, կարող են նման երաշխիքներ տրամադրել։ Բայց այստեղ երկու հարց կա։ Որքանո՞վ են արժանահավատ լինելու այդ երաշխիքները՝ ելնելով նրանից, թե ինչ շահեր ունեն նրանք Հայաստանի հետ իրենց հարաբերություններում, ինչ շահեր ունեն էդ այլընտրանքային միջնորդները Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններում։ Դա մեկ։ Երկրորդը ավելի կարևոր է. միջնորդի ընտրության հարցը ստրատեգիական կողմնորոշման ընտրության հարց է, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ կոնֆլիկտի։ Միայն այն չի, որ ինչ-որ մի տեղից եթե մենք կարողանանք երաշխիքներ ստանալ արցախահայության համար, ապա կարելի է մտածել դրա մասին, կարելի է ուղղակի թողնել մի անվտանգային համակարգ, մյուսին անցնել և այլն։ Էդ անցումը ինքնին սպառնալիք է դիտարկվելու Ռուսաստանի կողմից, ուզենանք դա մենք թե չուզենանք, հավանենք թե չհավանենք, դա մեր որոշելիք հարցը չի։ Ռուսները դա համարում են սպառնալիք։ Այստեղ միակ իրական հարցը հետևյալն է. եթե ռուսները դրան հակազդեն, ի՞նչ ենք անելու մենք, և ո՞վ է մեզ օգնելու և որքա՞ն է մեզ օգնելու։ Եվ դրա օրինակները կան, երբ մենք նայում ենք Ուկրաինային, երբ մենք նայում ենք Վրաստանի օրինակին։ Մենք պետք է շատ երկար մտածենք նման քայլի դիմելու համար։ Ստրատեգիական օրիենտացիան փոխելու հարցը հղի է նման վտանգներով, և մենք պարզապես չենք կարող դա անտեսել՝ մտածելով ընդամենը այն մասին, թե զուտ իդեալական տեսանկյունից ո՞ր համակարգում մեր լինելը ավելի լավ կլինի, ո՞ր արժեքային համակարգում մեր պետական գոյությունը ավելի ճիշտ կլինի, որտե՞ղ մենք ավելի մեծ շանսեր կունենանք զարգացման, դեմոկրատիայի, տնտեսական զարգացման և այլն։

«Ազատություն». - Մյուս կողմից, պարոն Գրիգորյան, Ձեր ասածի ընդդիմախոսները հիմա հավանաբար Ձեր այս խոսքն էլ փոխադրելով՝ կասեն՝ նշանակում է Դուք ասում եք, որ Ռուսաստանին այլընտրանք չկա։

Գրիգորյան. - Ես չեմ ասում դա։ Դա իրականությունն է օբյեկտիվ։ Որևէ մեկը, էդ այլընտրանքի մասին շատ խոսող մարդիկ թե' Հայաստանում, թե' դրսում, որևէ շոշափելի բան չեն տվել, որ իրականում Ռուսաստանին այլընտրանք կա՝ որպես անվտանգության երաշխավոր, որպես այլընտրանքային դաշնակից։ Եթե Հայաստանը նման փոփոխության ճանապարհի վրա կանգնի, եթե նման որոշում կայացնի, միայն Ադրբեջանից ու Թուրքիայից Հայաստանը պետք չի լինելու պաշտպանել, այլ նաև Ռուսաստանից։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG