Մատչելիության հղումներ

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ԱԱԾ-ն հաստատել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի հերթական առաջխաղացումը


Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի հերթական առաջխաղացումն է հաստատել Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), անդրադառնալով գերատեսչության երեկ երեկոյան տարածած հաղորդագրությանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հայաստանի Հանրապետությունում որևէ իշխանական մարմին, անվտանգային մարմին, ԱԱԾ-ից սկսած, ի վիճակի չեն մեր երկրի ինքնիշխանությունը պաշտպանել։ Առաջին հերթին նրանց փնթիության պատճառով թշնամին ազատ կարողանում է Հայաստանի սուվերեն տարածքում առաջխաղացում արձանագրել», - ասաց Մանուկյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնել էր, որ հայկական կողմի հաշվարկներով՝ ադրբեջանական կողմը Կոռնիձորի հատվածում սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել առնվազն 5 կետերում:

Ավելի վաղ հենց Բաքուն էր պնդել, որ Լաչինի նոր ճանապարհի շահագործմամբ պայմանավորված, ադրբեջանական զինուժը վերահսկողություն տակ է վերցրել մի շարք բարձունքներ։

«Ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել մի հերթական բլոկբաստեր», - երեկ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։

«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով և որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը», - ընդգծեց վարչապետը:

Ազգային անվտանգության ծառայության համաձայն, օրերս Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի, երկու երկրների սահմանապահները պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում: Թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, գերատեսչությունը չի պարզաբանել, միայն շեշտել է, թե այդ հատվածում Հայաստանի բանակը դիրքեր չի ունեցել։ Ըստ ԱԱԾ-ի՝ դիրքերը տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա։

«Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ», - ասված է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունում։

Իշխող ուժից էլ չեն հստակեցնում՝ ե՞րբ, ի՞նչ ձևաչափով է տեղի ունեցել պայմանավորվածությունը։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հորդորեց այդ հարցով դիմել հենց Ազգային անվտանգության ծառայությանը։

«ԱԱԾ-ն հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը ստել է կառավարության նիստին պետական նախարարներին և ամբողջ հայ ժողովրդին, թե սա պայմանավորվածությունների արդյունքում է տեղի ունեցել», - ասաց Գեղամ Մանուկյան։

Հայաստանյան իշխանությունները չեն պարզաբանում նաև, ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիները հերթական անգամ փաստացի ներխուժել են Հայաստանի տարածք, ինչու չի կանխվել ադրբեջանցիների առաջխաղացունը։ ԱԱԾ-ից այս հարցին երեկվա հաղորդագրության մեջ մեկ նախադասությամբ են անդրադարձել․ - «Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»։

Երեկ նաև Ստեփանակերտից էին հաստատել, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Արցախից հայտնել էին նաև, որ արդեն իսկ պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր նոր ավտոճանապարհը, որով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG