«Հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, մի միջավայրում, ուր մեզ համար այլևս անվտանգ չէ», - Գերմանիայում, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամում, ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնավորեցնելով 44-օրյա պատերազմին և դրան հաջորդող իրադարձություններին վերաբերող որոշ կարևոր դրվագներ։
ԱԺ նախագահն ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի կողմից և մեծ թափով շարունակվում է անարգվել մինչ օրս:
Ալեն Սիմոնյանը թվարկել է՝ Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ, փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքն, իսկ Ադրբեջանը չի ենթարկվում այդ պարտավորեցնող որոշմանը, մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղում երեք ոստիկան է սպանվել, Նաումանի հիմնադրամի քննարկումից ժամեր առաջ ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող հայերի ուղղությամբ։
Եզրափակելով՝ Սիմոնյանը հավաստիացրել է՝ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:
Հանդիպման ավարտին հիմնադրամի ղեկավար կազմը վերահաստատել է իր պատրաստակամությունը երիտասարդ, բայց հաստատուն ժողովրդավարություն ունեցող Հայաստանին աջակցելու մասին:
Ազգային ժողովի նախագահը աշխատանքային այցով Բեռլին է մեկնել մարտի 27-ին։ Նա երեկ հանդիպել է Գերմանիայում Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին, կրկին խոսել տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ շեշտելով՝ Հայաստանը Գերմանիայից ակնկալում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում։