Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի համոզմամբ՝ միջազգային հանրությունն ականատեսն է կարևորագույն փոփոխությունների, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության տարածմանն աշխարհով մեկ։
Ելույթ ունենալով իր նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովում, Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է՝ ժողովրդավար պետությունները դառնում են ավելի ուժեղ, այլ ոչ թե թուլանում՝ ավտորիտարների դեմ պայքարում:
«Ինչպես ես հաճախ ասում եմ՝ մենք գտնվում ենք պատմության շրջադարձային փուլում, երբ այսօր կայացվող որոշումներն ազդում են աշխարհի զարգացման ընթացքի վրա՝ առաջիկա մի քանի տասնամյակների կտրվածքով», - ընդգծել է նախագահ Բայդենը, խոստովանելով՝ ժողովրդավարություն կերտելն ու զարգացնելը մեծ ջանքեր է պահանջում։
«Ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատանքը երբեք չի ավարտվում», - շեշտել է Բայդենը և դիմելով գագաթնաժողովի 120 հրավիրյալներին՝ հորդորել զարգացնել ձեռք բերած առաջընթացը աշխարհով մեկ ժողովրդավարության տարածման հարցում։
Այդ նպատակի համար Միացյալ Նահանգների կառավարությունն այս տարի 690 միլիոն դոլար է հատկացրել։ Ըստ Սպիտակ տան՝ այդ գումարը կուղղվի մասնավորապես անկախ լրատվամիջոցներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարական բարեփոխումներին, արդար ընտրություններին աջակցությանը։ Բացի այդ, Միացյալ Նահանգների առաջնորդն օտարերկրյա գործընկերներին հորդորեց միանալ մասնավոր լրտեսական ծրագրերի դեմ պայքարին՝ պաշտպանելու այլախոհներին, ակտիվիստներին, լրագրողներին կիբեր սպառնալիքներից, հետապնդումներից:
Արդեն երկրորդ անգամ անցկացվող այս հավաքը Բայդենի նախընտրական խոստումներից է՝ ավտոկրատ կառավարությունների վերելքի ֆոնին փորձելու վերականգնել և ամրապնդել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում։
Հրավիրյալների ցանկում այս տարի ևս չկան Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը, Հունգարիան, փոխարենը՝ գագաթնաժողովին առաջին անգամ մասնակցում են 8 երկրներ՝ Բոսնիա և Հերցեգովինան, Լիխտենշտեյնը, Կոտ դ'Իվուարը, աֆրիկյան մի շարք երկրներ։
120 հրավիրյալ երկրներից մեկն էր Հայաստանը։ Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի 3,5 րոպեանոց ելույթի մեծ մասը Լաչինի միջանցքի շրջափակման, Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին էր։
Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` Freedom House-ը, չեն կիսում գագաթնաժողովին նախագահ Բայդենի հնչեցրած լավատեսական ու դրական գնահատականները։ Freedom House-ը, որ տարիներ շարունակ ուշադրությամբ հետևում է աշխարհի երկրներում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին, նշում է, որ ոչ թե ժողովրդավարությունը, այլ ավտորիտարիզմն է թափ հավաքում աշխարհում, իսկ ժողովրդավարական պետությունների թիվը, ընդհակառակը, նվազում է։ Կազմակերպության տվյալներով՝ «Հանուն ժողովրդավարության» առաջին գագաթնաժողովին մասնակցած 77 երկրներ անցած մեկ տարում որևէ առաջընթաց չեն արձանագրել, 17-ը հետընթաց են գրանցել, և միայն 16 երկիր է բարելավել դիրքերը։