Հայաստանը Գերմանիայից ակնկալում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի (Հաագա) որոշման անհապաղ իրականացումը։ Այս մասին այսօր Գերմանիայում Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Գերմանացի պաշտոնյայի խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիներին սպառնացող վտանգից և հումանիտար բազմաշերտ խնդիրներից, հաղորդում է ԱԺ լրատվականը։
Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը և խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի ու հայաբնակ Արցախի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:
Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը և կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:
«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա:
Բունդեսթագի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության, ուղիղ և բաց զրույց ծավալելու համար` նշելով, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու, ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար: