Պաշտոնական Ստեփանակերտը մերժում է ապրիլի սկզբին Բաքվում հանդիպելու և ինտեգրացիոն հարցեր քննարկելու Ադրբեջանի առաջարկը։ Արցախի արտգործնախարարությունն այսօր վերահաստատել է նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ պատրաստ են հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչներին, բայց Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում, այսինքն Իվանյանում, որտեղ, մասնավորապես, կքննարկեն Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։
Արցախի արտգործնախարարությունը ևս մեկ անգամ ընդգծել է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա։
Անդրադառնալով Բաքվում հանդիպելու և այսպես կոչված ինտեգրացիոն հարցեր քննարկելու Ադրբեջանի առաջարկին, պաշտոնական Ստեփանակերտը շեշտում է, որ «ադրբեջանական կողմի պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը»։
Արցախի արտգործնախարարությունը, մասնավորապես, հիշեցրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը անցած շաբաթ օրը կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։ Ավելին՝ երեկ ևս մեկ անգամ փորձել են վերահսկողության տակ առնել այդ ճանապարհը, որը շրջափակման պայմաններում Շուշիի շրջանի համայնքների և Արցախի այլ բնակավայրերի միջև կապի միակ հնարավորությունն է։
Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ «ողջամիտ քայլերի միջոցով հնարավոր է հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը նույնպես՝ պահպանելով ու պաշտպանելով Արցախի Հանրապետության կենսական շահերը»:
Արցախում ստեղծված իրավիճակը երեկ նախագահը խորհրդարանական ուժերի հետ քննարկել է Անվտանգության խորհրդի նիստում։ Հրապարակված տեսանյութում Արայիկ Հարությունյանը Բաքու մեկնելու Ադրբեջանի առաջարկին չի անդրադառնում, միայն նշում է, թե պետք է «սթափ գնահատել ստեղծված իրավիճակը և կատարել անհրաժեշտ գործողությունների»։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն այժմ բանակցում է ադրբեջանական կողմի հետ. Արթուր Հարությունյան
Ի՞նչ ողջամիտ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Ստեփանակերտը։ Իշխանական խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն ասում է, թե ամենի ինչ կախված է ընթացող բանակցություններից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն այժմ բանակցում է ադրբեջանական կողմի հետ՝ անցած շաբաթ օրը Ստեփանակերտ-Լիսագորի ճանապարհահատվածի մոտակայքում գրաված բարձունքից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու նպատակով։
«Ռուս խաղաղապահներն այս պահին շարունակում են բանակցությունները, բանակցությունները ավարտվելուց հետո, արդյունքները պարզ լինելու պարագայում մենք արդեն քայլերը պետք է ձեռնարկենք, որոշենք: Այս պահի դրությամբ մեր քայլերը բանակցությունների շարունակությունն են», - նշեց Արթուր Հարությունյանը:
Ադրբեջանական կողմի հետ ընթացող բանակցություններին զուգահեռ, ռուս խաղաղապահները, ըստ Արթուր Հարությունյանի, այս պահին նույնպես տեղակայված են այն նույն բարձունքում, որտեղ ադրբեջանցիները առաջխաղացում են ապահովել։
Չնայած ռուսների ներկայությանը, միևնույն է, գրունտային ճանապարհի շահագործումը անվտանգ չէ։
«Ռուսները նույն բարձունքում տեղակայված են և հենց իրենց տեղակայման նպատակն է, որպեսզի լրացուցիչ լարվածություն չստեղծվի, նոր առաջխաղացում տեղի չունեն և բանակցությունները վարվեն ելման դիրքեր հետ վերադարձնելու համար», - ասաց արցախցի պատգամավորը:
«Ազատության» հարցին՝ հնարավոր չէ՞ այդ ճանապարհը շահագործել ռուսական կողմի անմիջական վերահսկողությամբ, Հարությունյանը պատասխանեց. - «Այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով չի շահագործվում, բայց բանակցությունների արդյունքում կտեսնենք, հնարավոր է որևէ փոփոխություն լինի, մենք սպասում ենք դրական արդյունքի»:
Արցախի ընդդիմությունը ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում իշխանությանը։ Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի պնդմամբ՝ պատերազմից հետո անցած 2,5 տարվա ընթացքում նախագահ Արայիկ Հարությունյանն այդպես էլ Արցախի պաշտպանությունն ուժեղացնելու համար ոչինչ չի արել, գումարները պարզապես մսխվել են։
«Երկուսուկես տարվա ընթացքում պիտի Արցախի ինքնապաշտպանությունը բարձր մակարդակի վրա արդեն լիներ: Եվ մենք բազմիցս իշխանություններին դիմում էինք, հանրային և ոչ հանրային, հորդորում, կոչ անում, որ գումարները ոչ թե պետք է մսխել ուղղակի հանրությանը բաժանելով և իրականությունից կտրելու նպատակով, այլ պետք է դա կենտրոնացնել Արցախի ինքնապաշտպանության վրա», - ընդգծեց Հակոբյանը:
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Արայիկ Հարությունյանը նաև չկարողացավ անցած 2,5 տարվա ընթացքում հակառակվել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչը, նրա գնահատմամբ, կործանարար ազդեցություն ունի Արցախի համար։