Տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացումն անթույլատրել է, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում, այսօր հայտարարել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունն՝ արձագանքելով Բաքվի հայտարարությանը։
Բաքուն օրերս հայտարարեց, որ «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում կրկին Բաքու է հրավիրում քննարկելու վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցեր»։
Ըստ Ստեփանակերտի՝ «հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը»։
Ստեփանակերտը հայտարարում է՝ երբեք չի հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից՝ վկայակոչելով Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացված երկու հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ, շեշելով՝ Արցախը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին:
Ստեփանակերտը կրկին վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպել Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում՝ «քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը»։
Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև երկու հանդիպում է տեղի ունեցել, առաջինը՝ փետրվարին, երկրորդը՝ մարտի սկզբին։ Մարտի 13-ին Ադրբեջանի իշխանություններն արդեն Արցախի ներկայացուցիչներին հրավիրեցին Բաքու, ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ՝ «վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու»։ Պաշտոնական Ստեփանակերտը մերժեց այս առաջարկն ու նաև բացառեց արցախցիների «վերաինտեգրացիան» Ադրբեջանի կազմում։