Մատչելիության հղումներ

«Մարդկանց ելումուտը լրիվությամբ կտրվել է». Շուշի շրջանի 4 գյուղերը կտրված են Արցախի մյուս բնակավայրերից


Շուշիի շրջանի չորս գյուղեր՝ Մեծ Շենը, Հին Շենը, Եղցահողն ու Լիսագորը, արդեն չորս օր է կտրված են Ստեփանակերտից և Արցախի մյուս բնակավայրերից։

Շաբաթ օրը, Լիսագորի հատվածում բարձունքի գրավումից հետո ադրբեջանական զինուժն ամողջության դիտարկում է այդ ճանապարհը՝ զրկելով արցախցիներին այլընտրանքային միակ կապից։ Լաչինի միջանցքի շրջափակման ավելի քան երեք ամիսների ընթացքում այս դժվարանցանելի ճանապարհով էին ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հումանիտար բեռներ տեղափոխվում։

Գագիկ Նասիբյան
Գագիկ Նասիբյան

Արցախի մյուս բնակավայրերից կտրված Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանի փոխանցմամբ, իրենց գյուղը ադրբեջանցիների կողմից դիտարվում է դեռ 44-օրյա պատերազմից հետո։ 73 բնակիչ ունեցող այս համայնքում ադրբեջանական դիրքերի և գյուղի բնակիչների տների միջև հեռավորությունը ընդամենը մի քանի հարյուր մետր է։

Ինչ վերաբերում է Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհի հատվածում ադրբեջանական զինուժի շաբաթօրյա առաջխաղացմանը, ապա, ըստ Գագիկ Նասիբյանի, այդ հատվածը իրենցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է. - «Հաջողությունների ինչ-որ որ հասել են, գյուղին մի ութ-տաս կիլոմետր հեռավորության վրա ա գտնվում։ Կոնկրետ իրանց նպատակը էն էր, որ միակ ճանապարհը Արցախը կապող էս մեր չորս համայնքների հետ, իրենց վերահսկողության տակ վերցնեն։ Ու տենց էլ արել են»։

Շուրջ 150 բնակիչ ունեցող Եղցահողում արդեն որոշակի խնդիրներ են առաջացել դեղորայքի ձեռքբերման հարցում, մասնավորապես դիաբետով հիվադների համար։ Համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանի փոխանցմամբ, նաև ուսանողները Ստեփանակերտ չեն կորղանում գնալ, կամ այնտեղից գյուղ վերադառնալ։

Մինչև գրունտային ճանապարհի փակվելը Եղցահողը նույնպես 44-օրյա պատերազմից հետո արդեն իսկ բավական ծանր վիճակում էր հայտնվել։ Համյանքի բնակիչների տների և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը ահստեղ նույնպես ընդամենը 500-600 մետր է։

Արտակ Հակոբյան
Արտակ Հակոբյան

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ, գյուղի բնակիչները միայն տնամերձ հողերը մշակելու հնարավորություն ունեն։ Արտակ Հակոբյան ասում է, որ անցած օգոստոսին, երբ հանձնվեց Բերձորը, գյուղը շրջապատող բարձունքները ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցան, ու հենց այդ պատճառով խոտհարք չեն կարողանում անել, այդ բոլոր տարածքները ադրբեջանցիների նշանառության տակ են։

Անասպահությամբ զբաղվելը նույնպես անվտանգ չէ, ադրբեջանցիների կողմից անասունների գողության 17 դեպք է արձանագրվել. - «Եթե հինգ րոպե աչքաթող ես անում, արդեն գողանում-տանում են»։

Ադրբեջանցիների հետ տարվող բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել

Ըստ պաշտոնական Ստեփանակերտի, շուրջ չորս օր է, ռուսական կողմը բանակցում է, որ ադրբեջանցիները Լիսագորի մերձակա բարձունքից վերադառնան ելման դիրքեր, սակայն առայժմ բանակցությունները արդյունք չեն տվել։

Արցախի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն ասում է, թե հույսով սպասում են, որ բանակցությունները արդյունք կտան, բայց միաժամանակ նշում է՝ չի հավատում, որ ադրբեջանական զինուժը ետ կքաշվի։

Այլընտրանքային միակ ճանապարհով փակելով, ըստ Հայրապետյանի, ադրբեջանցիները նպատակ ունեն խոչընդոտել հումանիտար բեռների տեղափոխմանը և Արցախին ստիպել զիջումների գնալ. - «Այսինքը՝ մի կողմից խոսում են բանակցելու մասին, մյուս կողմից փորձում են ուժի սպառնալիքի կիրատմամբ ինչ-որ բաներ պարտադրել, որը որ դրական արդյունք չի տալու»։

«Ադրբեջանցիները չեն հեռանալու մինչև համապատասխան միջոցներ չձեռնարկվեն», - վստահ է Լիսագորի գյուղապետը։

Արցախից կտրված համյանքի ղեկավարը հիշեցնում է նախկինում տեղի ունեցած դեպքերը՝ ադրբեջանցիները, առաջխաղացում ապահովելով, մշտապես հրաժարվել են ետ գնալ. - «Ասենք, մեկը մեկին պաստայաննի գալիս ա խփում-գնում, խփում-գնում։ Մի օր եթե դու մի հատ ուժ հավաքես, մի հատ էլ դու պետք ա իրան խփես, որ հաջորդ անգամ ինքը չփորձի նորից քեզ խփի... Մե'նք պետք է պատասխանը տանք։ Էսքան վախտը ինչքան բարձունքներ ա եղել, եկել են, զբաղեցրել են։ Գնացել են, բանակցել են, չգիտեմ ինչ են արել, ոնց են արել, ամեն ինչը մնացել ա նույն ձև, ոնց որ եղել ա։ Հիմա պետք ա փոխվի էդ մտածելակերպը։ Դա իմ կարծիքն ա անձնական»։

Թեև Ստեփանակերտից պնդում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմը բանակցություններ է վարում՝ ադրբեջաական զինված ուժերին Լիսագորի հատվածում ելման դիրքեր վերադարձնելու համար, ռուսական կողմն այդ բանակցությունների մասին իր տեղեկագրում անցած 4 օրերի ընթացքում, որևէ տեղեկություն չի հրապարակել։ Շաբաթը օրը հաստատել էին, որ ադրբեջանցիներն առաջ են եկել՝ դա համարելով եռակողմ հայտարարության խախտում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG