Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, իշխանությունը հանրությունից թաքցնում է այն, ինչ իրականում բանակցվում է


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյան

Ընդդիմությունը պահանջում է, որ կառավարությունն իրենց տրամադրի Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկները։

Այս հարցով դեռևս երկու ամիս առաջ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրությամբ դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղարին, սակայն առայսօր պատասխան չի ստացել։

«Սա գրությունն է հունվարի 25-ի՝ հասցեագրված Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որտեղ շատ պարզ ձևակերպել եմ, որ ցանկանում եմ ծանոթանալ խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկներին, որոնք, ինչպես բազմիցս Ձեր ելույթներում հայտնել եք Դուք, վարչապետը, ԱԳ նախարարը, ուղարկվել են Ադրբեջանին։ Հանդիպման համար խնդրում եմ հայտնել օր և ժամ։ Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ և իրավունք ունեմ ի պաշտոնե ծանոթանալու այդ փաստաթղթին։ Եվ ինձ չեն պատասխանել», - «Ազատությանն» ասաց Խամոյանը։

Ինչո՞ւ Անվտանգության խորհուրդը կամ կառավարությունը ընդդիմադիր պատգամավորին խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի առաջարկներին ծանոթանալու հնարավորություն չի տալիս։ Ագնեսա Խամոյանի համոզմամբ, ակնհայտորեն հանրությունից թաքցնում են այն, ինչ իրականում բանակցվում է։

Ի դեպ, պատգամավորն ասում է, որ դեռ անցած տարի արտգործնախարարությունում այդ փաստաղթղթի նախնական տեքստին ծանոթանալու հնարավորություն ստացել է, և դեռ այն ժամանակ Արցախի մասին որևէ հիշատակում չի տեսել. - «Արտաքին գործերի նախարարությունում ամենանախնական տարբերակին ծանոթացա, որտեղ արդեն իսկ արձանագրվեց ինձ համար, որ չկա Արցախի հարց խաղաղության պայմանագրում, չկա, առավել ևս, ինքնորոշման իրավունքի առաջ մղում»։

Թե ինչ փոփոխությունների ենթարկվել արդեն մի քանի անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխանակված ու լրամշկված փաստաղթուղթը, պարզ չէ։

Այսօր խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանը միայն տեղեկացրեց, որ ստացել են Ադրբեջանի հերթական առաջարկները և առաջիկայում կպատասխանեն դրանց։ Միրզոյանը որևէ մանրամասն փոխանակվող առաջարկներից չներկայացրեց։

Հայկ Կոնջորյան
Հայկ Կոնջորյան

Մինչդեռ խաղաղության պայմանագրի տեքստին ծանոթանալու ընդդիմության պահանջին ի պատասխան, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երեկ հակադարձել էր, թե վարչապետ Փաշինյանն ընդդիմադիրներին փակ հանդիպման է հրավիրել, որտեղ նրանք կարող էին ծանոթանալ հայկական կողմի առաջարակներին. - «Ամեն անգամ գալիս են, կուսական զարմանքով խոսում են, որ այ, մենք չգիտենք, թե դուք ինչ եք բանակցում, այ-այ-այ... Եկեք մեզ մի հատ պատմեք... Էն դեպքում, երբ վարչապետը էս ամբիոնից ուղիղ եթերով հրավիրել ա իրանց, հրավիրել ա փակ քննարկման, որտեղ պատրաստ էր ներկայացնել այդ թվում նաև բանակցային գործընթացը։ Էս մարդիկ շեֆից հարցրել են, շեֆը արգելել ա, և չեն եկել էդ քննարկմանը։ Չնայած տեղում համաձայնվել էին»։

Ագնեսա Խամոյանը սակայն Փաշինյանին տեսնել չի ուզում, այլ փաստաթղթին է ցանկանում ծանոթանալ. - «Հարգելի գործընկերներ, ես միջնորդների կարիք չունեմ և կարդալ էլ գիտեմ։ Ես կարող եմ կարդալ էդ պայմանագիրը։ Ես օգնականի կարիք չունեմ, դա կլինի Նիկոլ Փաշինյանը, թե չգիտեմ ով կլինի»։

Այն, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Ալիևը նորանոր պահանջներ է առաջ քաշում՝ նաև տարածքային պահանջներ ներկայացնելով Հայաստանին, չեն թաքցնում նաև Հայաստանի իշխանությունները։ Ավելին, Փաշինյանը վերջին ասուլիսում փակագծեր բացեց՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ հայկական առաջարկների մեծ մասը ջնջած հետ է ուղարկում և խոսում սպառնալիքի լեզվով. - «Ադրբեջանն ասում ա՝ դե պատերազմում հաղթել եմ, էս ի՞նչ բանակցություններ եք անում, էս ի՞նչ առաջարկներ եք տալիս և այլն, և այլն։ Հաղթել եմ, թուղթ եմ ուղարկում, հինգ սկզբունքներս ուղարկել եմ, ստորագրեք: Եթե 23 թվականին չստորագրեք, ես լայնածավալ հարձակում եմ սկսելու»։

Պաշտոնական Երևանը վերջին օրերին պարբերաբար ահազանգում է Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին։ Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ դատելով իշխանության քայլերից՝ Փաշինյանի կառավարությունը կա'մ չի պատկերացնում, թե երկրին ինչ ծանր հարված է սպասվում, կա'մ հասկանալով դաշտ է նախապատրաստում նոր կորուստների համար։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

«Քայլերի այն մասը, որը պետք է իրականացնի, պարզապես հրապարակման ենթակա չէ։ Սակայն առաջնագծի իրավիճակը և իրերի դասավորությունը իմանալով՝ դա համապատասխան ենթադրությունների հնարավորություն տալիս է», - ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը նաև մտահոգիչ է համարում, որ այս օրերին, երբ զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած իրավիճակի, իշխանությունը քարոզչական միջոցներով արշավ է սկսել զինվորականների դեմ. - «Եթե իշխանությունը մի կողմից գիտակցում է իրավիճակի լրջությունը, բայց շարունակում է Զինված ուժերի մարտունակությանը կամ բարոյահոգեբանական վիճակին հարվածներ հասցնել, ապա դա անում է նպատակաուղղված, դա անում է գիտակցված, դա անում է հետագայում կրկին բանակին որակումներ տալու [նպատակով], որպեսզի դրանով հիմնավորվի իր հետագա մյուս կորուստները և զիջումները»։

Իր վերջին ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, թե 2020-ի պատերազմը պարտվել են, որովհետև բանակում գործել է հինգերորդ շարասյուն: Ասվածը հաստատող որևէ փաստ, սակայն, վարչապետը չէր ներկայացրել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG