Մատչելիության հղումներ

Փոխադարձ մեղադրանքներ և վիրավորանք՝ Լաչինի միջանցքի հարցի շուրջ


Լաչինի միջանցքի փակման շուրջ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի քննարկումն այսօր խորհրդարանում վերածվեց փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների։ Իշխող մեծամասնությունն ընդդիմության նախագիծը չընդգրկեց նիստերի օրակարգ, «Քաղաքացիական պայմանագիրը» պարզապես չմասնակցեց քվեարկությանը։

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր, որ խորհրդարանն իր հայտարարությամբ ամրագրի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և որ արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը փակագծեր բացեց՝ պարզաբանելով, թե ինչը դուր չի եկել իշխանականներին։

«Առաջարկվում էր հրաժարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառից, ինքնորոշման իրավունքը չշեշտել, Հայաստանի հանձնառությունից հրաժարվել», - նշեց Մինասյանը:

Հիմնական զեկուցող Անդրանիկ Թևանյանն էլ հայտարարեց՝ իշխանությունը 2021-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ խաբել է ժողովրդին. - «Ձեզ խաբել են, հարգելի հայրենակիցներ, որովհետև նախընտրական ծրագրով խոստացել են անպայմանորեն հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, նույնիսկ խոսել են Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ մեղադրեց Անդրանիկ Թեևանյանին՝ Ալիևին պաշտպանելու համար։

«Մի տեսակ արդեն տպավորություն է ստեղծվում, որ դուք ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք մեր խորհրդարանում: Կամ երբ որ դուք գալիս եք, մանտրայի պես կրկնում եք ինքնորոշման իրավունքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ ձեր թեզերը, մենք եթե քաղաքական հիշողություն չունենանք, կմոռանանք, որ դուք ներկայացնում եք էն մարդու խմբակցությունը, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով ժամանակին բանակցում էր ընդհանուր պետության շուրջ, համաձայն որի, Լեռնային Ղարաբաղի հայությունը պետք է ունենար ադրբեջանական անձնագրեր: Խնդրում եմ՝ մի մոռացեք պատմությունը, որովհետև մենք չենք մոռանում և անընդհատ հիշեցնելու ենք ձեզ», - նշեց Կոնջորյանը:

Իշխանականների և ընդդիմադիրները հորդորները խորհրդարանում հյուրընկալված աշակերտներին

Այս բուռն քննարկմանը օթյակից ուշադիր հետևում էին Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի աշակերտները, պատգամավորները նրանց էլ անմասն չթողեցին, փորձեցին երեխաներին էլ իրենց ճշմարտացիության մեջ համոզել՝ բացատրելով, թե ինչպիսին պետք է լինել կամ չլինել։

Ամեն ինչ սկսվեց դաշնակցական Գեղամ Մանուկյանի հորդորից։

«Եթե մի քիչ ձեր դպրոցի անունը կրող Աշոտ Նավասարդյանին և նրա նման նվիրյալներին ուսումնասիրեք, պարզ կդառնա, որ նրանց պատկերացմամբ, խաղաղությունը չէին մուրում, նրանց պատկերացմամբ, թշնամու ամեն հարձակումից հետո պետական պաշտոնյաները թութակի պես չէին կրկնում խաղաղություն: Խաղաղության համար պետք է ուղեղով աշխատել», - ասաց Մանուկյանը:

Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ իր հորդորը հղեց աշակերտներին. - «Առաջին հերթին չլինեք կաշառակեր, չլինեք գող և ավազակ, ինչպես որ եղել են տարիներ ու տասնամյակներ շարունակ այն մարդիկ, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է այս վիճակում»:

Թեման շարունակեց կուսակից Վահագն Ալեքսանյանը. - «Ես ձեզ խնդրում եմ՝ ձեր կյանքի ցանկացած մի էտապում, փուլում, երբ որ տեսնեք, որ պետական պաշտոնյան հղփանում է այնքան, որ ոսկեզօծ պատերի մեջ է սկսում ապրել, արեք այն, ինչ որ պետք է անեք»:

Չշրջանցվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեկ տարի առաջ վաճառված Մոնումենտի դղյակի լուսանկարների թեման։ Հայկ Կոնջորյանն աշակերտներին փորձեց բացատրել, թե ինչ է արել նախկին վարչապետը։

«Հովիկ Աբրահամյանը, հարգելի աշակերտներ, Հայաստանի վարչապետն է եղել, Ազգային ժողովի նախագահն է եղել և ստացել է պետական աշխատավարձ, պահանջվում է նրանից բռնագանձել 59 անշարժ գույք և 21 միլիարդ դրամի չհիմնավորված հաշվի մնացորդ, դրանք թվեր են, որոնք այսօր ձեզ շատ բան չեն ասի, բայց այդ գումարով ձեր համար և մյուս աշակերտների համար կարելի էր հարյուրավոր դպրոցներ կառուցել, հազարավոր լաբորատորիաներ կառուցել», - ներկայացրեց Կոնջորյանը:

Վահագն Ալեքսանյանն էլ հետաքրքրվեց ընդդիմադիրներից՝ հավանո՞ւմ են Աբրահամյանի տունը. - «Պարոն Արծվիկ Մինասյան, խնդրում եմ, նկարագրեք, Դուք նախարար եք եղել, Ձեր վարչապետը եղել է Հովիկ Աբրահամյանը, ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, Ձեր ճաշակո՞վ է»:

Տեղից արձագանքելու համար փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ձայնի իրավունքից զրկեց ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Նազարյանին և Ասպրամ Կրպեյանին։

Ի դեպ, իշխանությունը արդեն երկրորդ է մերժում Լաչինի միջանցքին վերաբերող ընդդիմության հայտարարության նախագիծը։

XS
SM
MD
LG