Մատչելիության հղումներ

Ըստ Բաքվի՝ Երևանը դեմ է խաղաղության համաձայնագրում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները բացառող կետին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսի ժամանակ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսի ժամանակ

Ըստ պաշտոնական Բաքվի` Երևանը դեմ է խաղաղության համաձայնագրի տեքստում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները բացառող կետին: Այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարություններին:

«Հայաստանը հետաքրքրված չէ խաղաղության համաձայնագրով, քանի որ դեմ է համաձայնագրի տեքստում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները բացառող կետերին», - հայտարարել է Հաջիզադեն՝ Փաշինյանին մեղադրելով նաև անտարբերության մեջ։

«Այն, որ Հայաստանի վարչապետն ասուլիսի ժամանակ հայտարարում է, թե պատրաստ է ստորագրել {խաղաղության պայմանագրի} նախագիծը, որում նշվում էին միայն Հայաստանի առաջարկները և հաշվի չէին առնվում Ադրբեջանի առաջարկները, խաղաղ գործընթացի նկատմամբ նրա անտարբերության ևս մեկ ապացույց է», - պնդել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:

Հաջիզադեն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել և կանխել «Հայաստանի այդ ապակառուցողական գործողությունները»։

Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, մասնավորապես, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպել, Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, ինչը, ըստ վարչապետի, հայկական կողմի համար կարմիր գիծ է։

XS
SM
MD
LG