Մատչելիության հղումներ

Բլինքենը զանգահարել է Ալիևին, ընդգծել՝ չկա ռազմական լուծում, կարևորել Լաչինի միջանցքի վերաբացումը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ առաջարկելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ քննարկումներին նպաստելու գործում, հաղորդում է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

«Պետքարտուղար Բլինքենը քաջալերեց չլուծված խնդիրներին լուծում գտնելը և ընդգծեց, որ չկա ռազմական լուծում: Նա վերահաստատեց կոմերցիոն և մասնավոր ավտոմեքենաների համար Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը: Պետքարտուղար Բլինքենն ասաց, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է շարունակական համագործակցություն խաղաղ գործընթացում», - ասված է պաշտոնական Վաշինգտոնի հաղորդագրությունում:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը հեռախոսազրույցի մասին գրել է իր թվիթերյան էջում՝ նշելով. - «Այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու աջակցությունս Հայաստանի հետ կայուն խաղաղությանը և այդ ջանքերին նպաստելու մեր պատրաստակամությունը։ Ուղիղ բանակցությունները միակ ճանապարհն են՝ հասնելու տևական և կայուն խաղաղության»:

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ալիևը Բլինքենի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը, պատճառաբանելով, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ։

«Ճանապարհի շրջափակումը Հայաստանի կեղծ քարոզչությունն է», - պնդել է Ադրբեջանի նախագահը՝ հերթական անգամ մատնանշելով անցած 100 օրերին ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների անցումը Լաչինի միջանցքով։ Այդ մեքենաների թիվը, նրա հաշվարկներով, գերազանցում է 4 հազար 700-ը:

Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է նաև, թե վերջին շաբաթներին հայկական կողմը, «չարաշահելով Եվրամիության առաքելության տեղակայումը, միտումնավոր սրում է իրավիճակը, խախտում հրադադարը»։

Ալիևն ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը վերջին առաջարկություններով և փոփոխություններով արդեն ներկայացվել է հայկական կողմին։ Ադրբեջանի նախագահը նաև հիշեցրել է, որ Ղարաբաղի հայերը Բաքու այցելելու հրավեր են ստացել՝ «քննարկելու ինտեգրացիան և ենթակառուցվածքները»։

Երեկ էլ պետքարտուղար Բլինքենը զանգահարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG