Մատչելիության հղումներ

Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս՝ խաղաղության համաձայնագրի Ալիևի պահանջը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս:

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները», - ասել է Ալիևը, հավելելով, թե միայն այս դեպքում նրանք, այսինքն՝ հայերը, կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են։

Նրա խոսքերով՝ ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի, պատերազմի, հետպատերազմական իրողությունները պետք է գտնեն և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղ բանակցություններում։

«Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի», - հայտարարել է նա Թալիշ գյուղում։

Ադրբեջանի նախագահը այսօր այցելել է Թարթառի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ նրա ասելով՝ ադրբեջանցի 20 ընտանիք արդեն բնակություն է հաստատել, ևս 180 ընտանիքներ դեռ կվերադառնան, նշելով, որ գյուղի վերականգնման աշխատանքների մեկ տարին էլ չի լրացել։

Ադրբեջանցի զինվորականները Թալիշ գյուղում, արխիվ
Ադրբեջանցի զինվորականները Թալիշ գյուղում, արխիվ

Նա ասել է, որ 44-օրյա պատերազմում Թալիշի ուղղությամբ մարտական գործողությունների հաջողությունը մեծ նշանակություն են ունեցել պատերազմի հետագա ընթացքի վրա, բարձրացրել են ադրբեջանական բանակի ու ժողովրդի ոգին, որովհետև բոլորը գիտեին Թալիշի ռազմավարական նշանակությունը։

Ալիևը Թալիշից է շնորհավորել ադրբեջանցիների Նովրուզը, և իր խոսքում ներկայացրել է Ադրբեջանի պայմաններն ու պահանջները։

«Տեսեք թե այսօր ինչ է ասում Հայաստանի ղեկավարությունը, որն ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Այսօր ասում են՝ մեզ հնարավորություն տվեք ապրելու 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ նկատի ունենալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտում արած հայտնի հայտարարությունն ու ինքնիշխան Հայաստանի տարածքի վերաբերյալ ներկայիս հայտարարությունները։

Նա հերթական անգամ քննադատել է միջազգային հանրությանը, կրկին պնդելով, որ նրանք երկակի մոտեցում էին ցուցաբերում։ Նրա կարծիքով՝ փորձ էր արվում «Ադրբեջանից գրաված բոլոր տարածքները միավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ»։ «Ինչո՞ւ այն ժամանակ միջազգային կազմակերպությունները, հայամետ որոշ երկրներ չէին դատապարտում Հայաստանին։ Դեռ որքան պետք է հանդիպենք երկակի չափանիշների ու երեսպաշտության», - ասել է Ալիևը՝ դժգոհելով, որ որոշ երկրներում Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող համաժողովներ, սեմինարներ են անցկացվում։

«Հայամետ որոշ երկրներ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որը աշխարհի քարտեզի վրա չկա, Ադրբեջանի տարածքում գոյություն չունի։ Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ օկուպացիայի տարիներին բոլոր այդ ուժերի միակ նպատակը օկուպացիան հավերժ դարձնելն էր, չկարգավորել այդ հակամարտությունը և սառեցնել այն», - ասել է նա, շարունակելով, թե երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա ճնշումներ են գործադրվել, օգնություն է ուղարկվել Հայաստան։

«Հայաստանի դաշնակիցները ցանկանում էին տաբեր ուղիներով կանգնեցնել մեզ։ Մեր դիմաց ոչ ոք չդիմացավ, և այսօր չեն կարող, և վաղը նույնպես չեն կարող դիմանալ։ Մեր ուժեղ կամքը, մեր ուժեղ քաղաքականությունը, մեր հաղթական բանակը կպատասխանի մեր դեմ ուղղված յուրաքանչյուր կեղտոտ պլանի», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Գովաբանելով իրենց բանակը ու փնովելով հայկական բանակը, նա ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ոչ մի դասալիք չի ունեցել, իսկ հայկական բանակում, վերջին տվյալներով՝ 10 հազարից 11 հազար դասալիք է եղել։

Նրա խոսքերով՝ որպես սեփական ուժերով իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնած երկիր, ապագայում ևս գնալու են միայն առաջ։ «Ճիշտ այնպես, ինչպես 44- օրյա պատերազմի ընթացքում էինք գնում առաջ և պատերազմի ավարտից հետո ենք գնում և գնալու ենք առաջ բոլոր ոլորտներում ու բոլոր ուղղություններով»,- հայտարարել է Ալիևը։

Նրա ասելով՝ ոչ ոք չպետք է մոռանա ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, բոլորը պետք է ընդունեն նոր իրողությունները, ոչ ոք չպետք է մոռանա, որ ադրբեջանական հողերը 30 տարվա ընթացքում գտնվում էին օկուպացիայի տակ և ապագա խաղաղության համաձայնագրերի համար այդ կարևոր գործոնները պետք է լինի յուրաքանչյուրի գլխում։

Ըստ Ալիևի՝ պատերազմից հետո Ադրբեջանի դեմ անարդարացի քայլեր, կեղտոտ գործողություններ են ձեռնարկվել։ «Հայերի հովանավորները, Հայաստանի զավթողական քաղաքականությունը կիսող երկրները մեր դեմ Ինֆորմացիոն պատերազմ են հայտարարել»,- Նովրուզի առիթով իր շնորհավորական խոսքում ասել է Ալիև՝ Թալիշից և հայտարարել, թե այսօր կանգնած են հայրենի ղարաբաղյան հողում, հայրենի զանգեզուրյան հողում և այդտեղ կանգնած կմնան հավերժ։

Իլհամ Ալիևը այսօր Թարթառի շրջան էր մեկնել իր կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ու դստեր Արզուի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG