Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը «հինգերորդ շարասյան» մասին երեկվանից բազմաթիվ հարցեր է առաջացրել՝ ո՞ւմ նկատի ուներ, կոնկրետ ի՞նչ են արել վարչապետի մատնանշած անձինք, որ պատերազմում նման ելք արձանագրվեց, ի՞նչ փաստերից էր խոսում, ու որտեղի՞ց դրանք նրան։
«Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում», - երեկվա ասուլիսին ասել էր նա:
Դատախազությունն «Ազատության» հարցմանն ի պատասխան միայն տեղեկացրել է՝ 2020-22 թվականներին ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվել է պետական դավաճանության 20 վարույթ: Դրանցից 13-ը՝ 22 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Յոթ քրեական վարույթ՝ 34-ի վերաբերյալ, ընթացքի մեջ է: Արդյոք բոլոր 56-ի գործերը պատերազմին են վերաբերում, թե՞ նաև հետպատերազմական երկու տարիներին, չեն մանրամասնել։ Բայց դատախազությունից փոխանցել են՝ այս պահին պետական դավաճանության դեպքերով ուժի մեջ մտած դատավճիռ չկա։
Խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներքին խարդավանքներին. ՊՆ
Ուրեմն որտեղի՞ց այդ փաստերը վարչապետին՝ ԱԱԾ տնօրենը, որի ենթակայությամբ են քննվել ու քննվում այդ գործերը, այսօր հրաժարվեց պատասխանել։ Պաշտպանության նախարարի խոսքն էլ ընդհանուր էր՝ առանց կոնկրետ օրինակների։ Ասում էր՝ ամենօրյա սխալ տեղեկատվություն է տրվել, նաև՝ հօգուտ թշնամու։ Սուրեն Պապիկյանը կարծում է՝ դա արվել է դրսի դրդմամբ։
Ով է ղեկավարել վարչապետի մատնանշած «հինգերորդ շարասյունը». պաշտպանության նախարարն ասում է՝ չի կարող առաջնորդների մասին խոսել, հետո հորդորեց սպասել դատավճիռներին:
«Իհարկե, նաև բոլորի անմեղության կանխավարկածը պիտի հաշվի առնենք: Երբ որ դատարանը կունենա որոշումներ, բոլորիս համար պարզ կլինի՝ ովքեր են այն մարդիկ, ովքեր ներսից թուլացրել են մեր բանակը: Խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներքին խարդավանքներին: Բայց, ժողովուրդ ջան, ես որևէ դավաճանության, որևէ քրեական գործի, որևէ անձի, որևէ երկրի, այդ թվում՝ հոգով «հինգերորդ շարասյան» Հայաստանի քաղաքացիների, ովքեր չեն ուղղորդվում որևէ երկրից… ես չեմ կարող հիմա ասել ձեզ տվյալներ, որոնց չեմ տիրապետում», - ասաց Սուրեն Պապիկյանը:
«Ազատության» հարցին՝ նախկինում չե՞ն եղել այդպիսի դեպքեր, և «ինչո՞ւ ձեր իշխանության ժամանակ, եթե նախկինում, օրինակ, պատերազմ դրա պատճառով չէր պարտվում, իսկ վարչապետը խոսում է պատերազմ պարտվելու մասին», Սուրեն Պապիկյանն արձագանքեց. - «Ես չեմ կարող նշել, թե ինչու ինչը ի հայտ եկավ, ես խոսում եմ այն երևույթների մասին, որոնք վտանգել են մեր երկրի անվտանգությունը, ավելին չեմ խոսում»:
Ընդդիմության արձագանքը
Անպատասխանատու հայտարություն, ընդդիմությունից Աննա Գրիգորյանն այսպես է որակում Փաշինյանի երեկվա խոսքը: Ասում է՝ դրանից հետո վարչապետը պետք է փաստեր բերեր, անուններ տար, դեպքեր նշեր, ոչ մեկը չարեց. - «Քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ իր պատասխանատվությունը փորձում է դնել այլոց ուսերին: Ճիշտ է՝ չկան այդ այլք, կարելի է՞ ուղղակի ամբողջ մեղքը բարդել ինչ-որ գոյություն ունեցող «հինգերորդ շարասյան» վրա, բայց չկոնկրետացնել, թե ինչի մասին է խոսքը:
Եթե խոսքը առանձին դավաճանություն իրականացրած անձանց մասին է, ապա իրենց վերաբերյալ կա քննություն, կան դատական գործեր, և թող ապացուցվեն: Այո, կարող էին լինել դավաճաններ, և այդ դավաճաններն ամենախիստ կերպով պետք է պատժվեն, բայց անթույլատրելի է, որ առանձին դավաճանական դեպքերը պրոյեկտում են ամբողջ բանակի վրա»:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը չփաստարկված հայտարարություններն անմիջական հարված է համարում բանակին:
«Ու միևնույն համատեքստում ինքը խոսում է նոր, շատ մեծ էսկալացիայի վտանգի մասին: Եթե այդ էսկալացիան լինի վաղը, կրտսեր զինվորականներն ինչպե՞ս են ենթարկվելու իրենց ավագներին, երբ չգիտեն՝ իրենց գործընկերներն այդ ներկայացուցիչներն են, թե ոչ: Այսինքն՝ անվստահության լրջագույն մթնոլորտ է լինելու բանակում», - նշեց պատգամավորը:
Պաշտպանության նախարարը կարծում է՝ բացերի մասին պետք է խոսել. - «Մենք պիտի իմանանք՝ ինչ խնդիրներ ունենք, այդ խնդիրներն արմատախիլ անենք»:
Հիմքեր չներկայացնելու դեպքում իմփիչմենթի գործընթաց սկսել
Վարչապետի երեկվա հայտարարությունից հետո քաղաքագետ Արման Գրիգորյանը Պաշտպանության հանձնաժողովից պահանջել էր հետաքննել 44–օրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերում «հինգերորդ շարասյան» գոյության մասին Փաշինյանի պնդումը, հիմքեր չներկայացնելու դեպքում իմփիչմենթի գործընթաց սկսել։
«Գործ ունենք մի հայտարարության հետ, որ կարող է բարոյալքման պատճառ դառնալ Զինված ուժերում, որը կարող է Զինված ուժերի կողմից դիտվել որպես իրենց քավության նոխազ սարքելու փորձ, այս վտանգները չգիտակցող կամ արհամարհող մարդը չի կարող շարունակել զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը», - նշեց նա:
«Հենց այդ դավաճանությունները բա ի՞նչ են, եթե հինգերորդ շարասյուն չեն»
Պաշտպանության հանձնաժողովի անդամ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արմեն Խաչատրյանից «Ազատությունը» հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվում են քննություն սկսել, չհստակեցրեց։ Որպես վարչապետի հայտարարության հիմնավորում նրա կուսակիցներն ասում են, թե հենց պատերազմի ժամանակ եղել են զինծառայողներ, որոնք հողերը հանձնված լինելու, անիմաստ չպայքարելու մասին խոսակցություններ են տարածել, ջլատել բանակը։
«Հենց այդ դավաճանությունները բա ի՞նչ են, եթե «հինգերորդ շարասյուն» չեն: Հիմա վարչապետը քաղաքական հայտարարություն է անում, ասում է իր կարծիքը, բայց մարդկանց մեղադրելու համար, այո, արդեն դատական ակտ է պետք: Իհարկե, եթե քաղաքական հայտարարությունը կա, դա նշանակում է, որ այդ հայտարարությունը ձգտելու է դատական ակտի վերածվի: Այո, կարծիքները սկզբում դա է լինում, հետո դատական ակտը… սկզբից լինում է կարծիքը, կասկածը, որը բերում է իրավական գործընթացների, վերջում նոր դատական ակտ», - ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է իմփիչմենթին, որի առաջարկը հայտարարությունը չհիմնավորելու դեպքում հնչել էր, վարչապետի կուսակիցը բացառեց դա։