Մատչելիության հղումներ

Լավրով. Ռուսաստանը առաջարկում էր առկախել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բայց կողմերը Պրահայում այլ փաստաթուղթ ստորագրեցին


Ռուսաստանի արտգործնախարարն այսօր պնդել է, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից: Ծավալուն` երկու ժամանոց ասուլիսում Լավրովը որոշ մանրամասներ է հայտնել հակամարտության կարգավորման շուրջ տարիներ շարունակված դռնփակ բանակցություններից, ընդգծելով` դեռևս տասը տարի առաջ է Մոսկվան առաջարկել կարգավիճակի հարցը թողնել ապագային:

«Այդ մոտեցումը շատ պարզ էր` հայերը դուրս են գալիս Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական հինգ շրջաններից` իրենց վերահսկողության տակ թողնելով երկու շրջաններ, որոնք կապում էին Ղարաբաղը Հայաստանին: Որ դրանք ադրբեջանական էին` ոչ ոք չէր վիճարկում, սակայն դրանց ճակատագիրը պետք է վճռվեր Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը փոխկապակցված: Այդ ժամանակ ի հայտ եկավ կարգավիճակը հետո֊ին թողնելու գաղափարը, և հետո ասելով հասկանում էինք հաջորդ սերունդներին»:

Ավելին, Լավրովը պնդել է, թե այս մոտեցումը կենսունակ է եղել նաև ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո` Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում: Հենց այդ հիմքով էլ, ըստ Լավրովի, Մոսկվան կարգավիճակի առկախման կետը ներառել է խաղաղության պայմանագրի իր տարբերակում, որն այս գարնանը ներկայացվել է կողմերին: Բաքուն այդ ժամանակ պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը, իսկ Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո` Սոչիում արդեն` մերժել:

«Սոչիում հոկտեմբերի վերջին մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ առաջ գնալ այն ջենթլմենական համաձայնության հիման վրա, ըստ որի պետք է բոլոր հարցերը կարգավորել, իսկ կարգավիճակը թողնել հետոյին: Բայց երբ նրանք եկան Սոչի, Փաշինյանն ու Ալիևը Պրահայից բերեցին այդ փաստաթուղթը, որում ասվում էր, որ նրանք ուզում են խաղաղության պայմանագիր կնքել` ՄԱԿ֊ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն», - նշել է Լավրովը:

«Այդ հռչակագիրն ասում է, որ բոլոր միութենական պետությունները հաստատում են սահմաննների անխախտելիությունը Խորհրդային Միության պետությունների միջև գոյություն ունեցող սահմաններով: Այլ կերպ ասած` այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության մաս էր, և երբ դրան հավանություն են տալիս թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Ֆրանսիան, թե Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը՝ ասելով, որ ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը առանց որևէ վերապահման, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է հարցը, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Մեկ ամիս առաջ հանդիպելով Սոչիում` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդները հայտարարություն տարածեցին, որտեղ որևէ բառ չկար Ղարաբաղի մասին: Ավելի ուշ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, թե կողմերը ոչ բոլոր կետերի շուրջ են համաձայնել, և որոշ դրույթներ ի վերջո դուրս են մնացել նախապես պատրաստված տեքստից: Թե ինչի մասին էին այդ դրույթները`Պուտինը չէր ասել: Հանդիպումից առաջ, սակայն, Հայաստանի վարչապետը ընդգծել էր, թե Երևանը կողմ է ԼՂ հարցով ռուսական կողմի առաջարկներին`հորդորելով Պուտինին պաշտպանել դրանք: Արտգործնախարար Լավրովն այսօր հեռակա է արձագանքել հայկական կողմի այդ հորդորներին։

«Երբ Պրահայի փաստաթղթի ստորագրումից հետո, որտեղ հղում է արվում Ալմա Աթայի հռչակագրին`առանց որևէ վերապահման, հայկական կողմը մեզ ասում է` թող Ռուսաստանը պաշտպանի Ղարաբաղի կարգավիճակի հարցով առաջարկները, դա փոքր-ինչ այլ օպերայից է, բանակցություններ վարելու հետ կապ չունի», ֊ ասել է նա:

Հայկական կողմին ուղղված թափանցիկ ակնարկներից բացի Ռուսաստանի արտգործնախարարը նաև Արևմուտքին է մեղադրել` հայ֊ադրբեջանական կարգավորման գործընթացին միջամտելու, Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները սեփականաշնորհելու և կարգավորման միակ ձևաչափը` Մինսկի խումբը տապալելու համար:

«Երևանի և Բաքվի հետ մեր շփումներում մենք նշում էինք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունից հետո Արևմուտքը` Վաշինգտոնի ու Փարիզի շուրթերով, պաշտոնապես հայտարարում էր, որ ոչ մի տեղ և ոչ մի ձևաչափում Ռուսաստանի հետ չեն համագործակցելու: Դրանով նրանք հայտարարեցին Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին: Այդ իսկ պատճառով, երբ մեր հայ գործընկերները հիշում են Մինսկի խումբը, մենք նրանց ասում ենք` այդ հարցը պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ` Միացյալ Նահանգներին ու Ֆրանսիային և իհարկե, Ադրբեջանին, քանի որ առանց Բաքվի միջնորդական որևէ ջանք իմաստ չունի», - հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան:

Հակառակ Լավրովի պնդումներին՝ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը ամիսներ առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում ընդգծել էր, որ չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին` Արևմուտքը պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ` հանուն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման:

Պաշտոնական Երևանը Մոսկվայի վերջին հայտարարություններին դեռ չի արձագանքել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG