Մատչելիության հղումներ

Լավրով. «Տեսնում ենք հայ - ադրբեջանական կարգավորումը այլ խաղացողների կողմից խոչընդոտելու փորձեր»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդական առաքելության հետ մեկտեղ մենք տեսնում ենք այլ խաղացողների կողմից այդ գործընթացը խոչընդոտելու փորձեր», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը միևնույն ժամանակ պնդել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խումբը «թաղել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները»։

«Մենք դրա հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Փարիզի ու Վաշինգտոնի բերանով պաշտոնապես հայտարարեց, որ չի համագործակցելու Ռուսաստանի հետ որևէ ձեւաչափով։ Այսպիսով, նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին», - պնդել է Լավրովը՝ հավելելով, որ արևմտյան միջնորդները փոխարենը փորձում են սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ռուսական մասնակցությամբ։

«Օրինակ, Բրյուսելում անցկացվում է սահմանազատման հանձնաժողովի նիստ։ Ադրբեջանցիներն ու հայերը քաղաքավարի մարդիկ են, նրանք գնում են այնտեղ։ Բայց ինձ համար դժվար է պատկերացնել, թե առանց նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզի, որը գտնվում է ռուսաստանյան շտաբում, ինչպես կարելի է քննարկել սահմանազատման և խաղաղության պայմանագրի հարցը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Անցած ամիսներին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հայտարարել է, որ չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման։

XS
SM
MD
LG