«Ազատություն». - Ադրբեջանը չի ուզում անգամ լսել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին, այդ դեպքում Հայաստանն ունի՞ հնարավորություն ապահովելու այդ տարածքի հայկական մնալը։
Բրոերս. - Կարծում եմ, դրանք այն հարցերն են, որոնք շատ ինտենսիվ քննարկվում են։ Խաղաղությամբ զբաղվող համայնքում մենք միշտ ասել ենք, որ այս խաղաղ գործընթացի անգործունակության հիմնական պատճառներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության բացակայությունն է։ Ինչպես նշեցիք, Ադրբեջանն ասել է, որ չի ցանկանում քննարկել կարգավիճակի հարցը։ Բայց դա նրա համար էլ որոշակի խնդիր է առաջացնում։ Կենսունակ երկարաժամկետ լուծման հասնելու համար, որը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտում, Ադրբեջանը պետք է երկխոսություն վարի այդ բնակչության հետ, որոնց նա անվանում է իր իսկ քաղաքացիներ։ Սակայն հատկապես 2014 թվականից ի վեր Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հետևողական արժեզրկման և ապաինստիտուցիոնալացման պատճառով մենք չենք տեսնում անհատների և կազմակերպությունների այնպիսի տեսակետներ, որոնք կարող են երկխոսության սկիզբը դառնալ: Ուրեմն ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից: Կարծում եմ, որ կան մի շարք նախապայմաններ, որոնք Բաքվի և Ստեփանակերտի երկխոսությունն ավելի հնարավոր ու հավանական կդարձնեն: Առաջինը, իհարկե, որ դադարեին հրադադարի խախտումները։ Այս իրավիճակում ամենամեծ ռիսկը հրադադարի խախտումներով հարկադրանքի շարունակական կիրառումն է, ինչը պարզապես ոչնչացնում է վստահության ցանկացած զգացում: Կարծում եմ, որ նաև պետք է դյուրացնել 2020-ին տեղահանված Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը: Դա կարող է իսկապես հեշտ և քիչ ծախսատար տարբերակ լինել Ադրբեջանի համար՝ ցույց տալու, որ նա լուրջ է վերաբերում Ղարաբաղի հայերի հետ հարաբերություններին: Եվ առհասարակ, վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումների մի ամբողջ շրջանակ կա: Դրանցից մի քանիսը մենք տեսել ենք վրացական համատեքստում՝ աբխազների և հարավօսերի դեպքում: Այնքան շատ բաներ կան, որ կարելի է անել Ղարաբաղի հայերի գոնե որոշակի վստահությունը շահելու համար: Այս ամենն իհարկե հիանալի է հնչում, բայց հրադադարի շարունակական խախտման մթնոլորտում և մի իրավիճակում, երբ ադրբեջանական հասարակությունը ակնհայտ պատրաստ է վիճարկել Հայաստանի և հայերի պատմությունը, երկխոսությունն ավելի շուտ ֆանտաստիկայի ժանրից է թվում: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք իսկապես կարիք ունենք տեսնելու փոփոխություններ, նոր մոտեցում ադրբեջանական խոսույթում և այն ամենում, ինչ սովորեցնում են հայաստանցիների մասին ադրբեջանական դպրոցներում: Մենք իսկապես կարիք ունենք շատ ավելի լայն փոխակերպումների, որոնք հնարավորություն կտան հասարակական հաշտեցման այնպիսի միջոցներ կիրառել, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության համար: Այնպես որ, դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու:
«Ազատություն». - Դուք կարծում եք Ադրբեջանը պատրաստվում է 2025-ին՝ ժամկետի ավարտին, հրաժարվե՞լ ռուս խաղաղապահներից:
Բրոերս. - Դա հիմա Հարավային Կովկասում ամենապահանջված հարցի պատասխանն է, ինչպես ասում են, մի միլիոն դոլար արժողությամբ: Եվ դեռ այդպես էլ կշարունակի մնալ: Ես սովորել եմ կանխատեսումներ չանել: Այս համատեքստում ամեն ինչ չափազանց անկանխատեսելի է։ Բայց ես կասեի, որ մինչև փետրվարի 24-ը դա անհավանական ելք էր թվում: Իսկ հիմա դա շատ ավելի հավանական է: Ուկրաինայում պատերազմն իսկապես սասանել է Ռուսաստանի՝ որպես Հարավային Կովկասում անվտանգություն ապահովողի դիրքերը: Եվ, իհարկե, դա բացասական ազդեցություն ունի, այդ թվում Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ առաքելության համար: Ես չգիտեմ, թե արդյոք Բաքուն կընդունի այդ որոշումը, բայց ուկրաինական պատերազմի հետևանքով ես հիմա դա շատ ավելի հավանական եմ համարում, քան նախկինում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.