ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է, որ Ռիքերն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ երկու կողմերն աշխատում են կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Նա մեջբերել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության լավագույն ճանապարհն է։
Ռիքերն ընդգծել է Վաշինգտոնի աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել երկու կողմերին՝ պլանավորել հետագա բանակցությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության համար հարթակ ստեղծելու ուղղությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցերը, տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը։
«Բայրամովը հանդիպմանը նշել է, որ Հայաստանը դեռ չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և ամբողջությամբ դուրս չի բերել իր զինուժը Ադրբեջանի տարածքից։ Նա ընդգծել է Հայաստանի ապակառուցողական գործողությունների կանխարգելման կարևորությունը», - ասված է հաղորդագրությունում։
Բայրամովը խոսել է նաև «Ղարաբաղի հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրման Բաքվի մոտեցման մասին»։
Պաշտոնական Երևանը քանիցս շեշտել է, որ Հայաստանն այլևս Լեռնային Ղարաբաղում զորքեր չունի: Հայկական կողմը իր հերթին է պնդում, որ Բաքուն ամբողջությամբ չի կատարել 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ չի վերադարձրել բոլոր ռազմագերիներին: