Մատչելիության հղումներ

Ալիևը հետագա բանակցությունների համար միջնորդ և հարթակ է փնտրում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Բաքվում անցկացվող միջազգային համաժողովում, 25-ը նոյեմբերի, 2022թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում Բաքվում անցկացվող միջազգային համաժողովում, 25-ը նոյեմբերի, 2022թ.

Հայաստանի վարչապետի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, հայտարարել է Ադրբեջանի նախագահը` ելույթ ունենալով Բաքվում ընթացող միջազգային համաժողովում:

«Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիևը երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», - ասել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի առաջնորդի պնդմամբ՝ նման քայլերով Հայաստանը փորձում է բանակցային գործընթացն անվերջ դարձնել, ինչը, իր հերթին, նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, և որ խաղաղություն չի լինի: «Բայց դա Հայաստանի ընտրությունն է», - հայտարարել է Ալիևը՝ Փաշինյանի առաջ քաշած պայմանը որակելով խաղաղ գործընթացի տապալման փորձ:

Պաշտոնական Երևանը հերքում է Ալիևի պնդումները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը։ Դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, «Արմենպրես»-ին ասել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։

Պարզաբանելով Բաքվի դիրքորոշումը Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը մերժելու հարցով՝ Ալիևը հիշեցրել է Պրահայի հանդիպմանը հաջորդած Մակրոնի հարցազրույցի, Ֆրանսիայի Սենատի ընդունած «հակաադրբեջանական» բանաձևերի մասին, պնդել, որ նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում է «փորձ արվել Ադրբեջանի վրա հարձակվել»։

«Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները, հստակ է, որ Ֆրանսիան չի կարող լինել միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում։ Այդ մենք չենք նրանց դուրս մղել, Ֆրանսիան ինքն է իրեն կտրել տվյալ գործընթացից։ Մինսկի խմբի մյուս անդամները՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, նման միակողմանի քայլեր չեն արել», - պնդել է Իլհամ Ալիևը:

Այժմ, ինչպես Ադրբեջանի նախագահն է ասել, փնտրվում է միջնորդ և համապատասխան հարթակ հետագա բանակցությունների համար։

Կրեմլն արդեն արձագանքել է՝ ոչ միայն պատրաստ է, այլև մշտապես հայտարարում է աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին՝ աջակցելու երկու պետություններին իրավիճակի կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ի դեպ, Բաքվում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս միջնորդ՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Այսօր նա առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ և քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր, խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների գործընթացը, փոխանցում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մինչ եվրոպացի դիվանագետի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացի քննարկումը, Ալիևը հարկ է համարել հարևան երկրի հասցեին հերթական վիրավորական արտահայտությունները հնչեցնել միջազգային լրագրողների և փորձագետների հետ հարցուպատասխանի ընթացքում՝ «չզարգացած, Ռուսաստանից կախված, Ռուսաստանի ստրուկ», ասել է, թե հայերը հոգեբանական օգնության կարիք ունեն, Հայաստանի պատմությունը որակել է կեղծ, հորինված, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին էլ անվանել «պատերազմական հանցագործ»։

Ինչ վերաբերում է Փաշինյանին, Ալիևը պատմել է, որ նրա իշխանության գալուց հետո մի քանի հանդիպումներ է ունեցել եւ զգուշացրել՝ Բաքուն չի համակերպվի օկուպացիայի հետ, «մենք ձեզ ոչնչացնելու ենք», - իր խոսքերն է վկայակոչել Ադրբեջանի նախագահը և պնդել, թե դա ոչ ինչ-որ խիզախություն, ոչ էլ քարոզչություն էր․ - «Պարզապես մենք գիտենք՝ ինչ կարող ենք անել մենք և ինչ կարող են անել իրենք»։

Ըստ Ադրբեջանի առաջնորդի՝ Փաշինյանը միայն պատերազմից հետո է փոխել հռետորաբանությունը, պարզապես ինքը չգիտի՝ որքանով են այդ հայտարարություններն անկեղծ: «Գուցե ևս մեկ սառը ցնցուղի կարիք ունեն», - հեգնել է Ալիևը։

Հերթական այս ելույթի ընթացքում էլ նա չի շրջանցել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման: Թեև պաշտոնական Երևանը շարունակաբար հակադարձում է` Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ ընդունված որևէ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ խոսք չկա, Ալիևը շարունակում է պատմել այդ ճանապարհի գրավչության մասին՝ պնդելով, թե Երևանը չի կարող արգելափակել Ադրբեջանի այդ պահանջը, ընդ որում, ըստ նրա, իրենց մյուս հարևանը՝ Իրանը ևս չի խոչընդոտի այդ ճանապարհի գործարկմանը: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման թեման այժմ Ռուսաստանի հետ է քննարկում, քանի որ, նրա խոսքով, «Հայաստանի Ռուսաստանի սաթելիթն է», և ինքը չի պատրաստվում այլևս ժամանակ վատնել Հայաստանի հետ այդ հարցով բանակցությունների համար:

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա նույնպես դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ։ Այդ նախագծերը որևէ մեկի դեմ ուղղված չեն, ընդհակառակը, դրանք կգործեն միայն ի շահ բոլոր կողմերի»», - նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է՝ Բաքուն ոչ տարածքներ, ոչ էլ պատերազմ չի ուզում, եթե ցանկանար, կաներ, նաև հավելել է. - «Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք հասկանան, որ որևէ ընդհանրություն չունեն Ղարաբաղի հայերի հետ։ Մենք ցանկանում ենք Զանգեզուրի միջանցք և մենք ձգտում ենք դեպի սահմանների դելիմիտացիա պատմական քարտեզների հիման վրա, այլ ոչ թե այն քարտեզների, որոնք նրանք փորձում են ներկայացնել»: Նա չի հստակեցրել, թե ինչ քարտեզներ են ներկայացնում Բաքվին, և ինչ տարբերություններ ունեն դրանք:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG