«Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը քաղաքական աջակցություն է ու պարարտ հող դիվանագիտական աշխատանքի համար», - նշում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Մեծ կարևորություն տալով Ֆրանսիայի օրենսդիր մարմնի այս քայլին՝ Քոչինյանն ընդգծում է, որ թեև բանաձևը շոշափելի հարցեր չի լուծում, բայց ապագային ուղղված քայլ է. - «Նման բանաձևերը որոշակի լեգիտիմություն են հավաքում ապագայում քաղաքական և դիվանագիտական ճանապարհով հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ հնարավոր աշխատանքներ տարածելու ուղղությամբ։ Ինչպես, օրինակ, Ադրբեջանն էր երեսուն տարի պատրաստել դիվանագիտական հենքը Արցախյան երկրորդ պատերազմից առաջ, սա կարելի է դիտարկել նաև որպես այն դիվանագիտական հենքը, որ անհրաժեշտ է Հայաստանին տարածքային ամբողջականությունը վերականգնելու տեսանկյունից»։
Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում։ Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով։ Համանման մի բանաձև էլ երկու շաբաթ առաջ ընդունել էր ֆրանսիայի օրենսդիր մարմնի վերին պալատը՝ Սենատը։
Չուշացավ Ֆրանսիայի կառավարության արձագանքը, որտեղ նշվում է՝ Հայաստանին աջակցող բանաձևը «չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»։ Դա խորհրդարանական նախաձեռնություն է։ Պաշտոնական Փարիզը նաև շեշտում է, որ «Ֆրանսիան շարունակում է խրախուսել երկրներին՝ առաջ գնալու բանակցություններում և հասնելու խաղաղության»։
Ինչպես Սենատի, այնպես էլ այս բանաձևի պարագայում Բաքվի արձագանքը կոշտ էր։ Պաշտոնական Բաքուն պնդում է, թե այն վնաս է հասցնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Մեկ շաբաթ առաջ էլ Ադրբեջանի նախագահն էր ասել, որ չի մասնակցի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը՝ դա պատճառանելով բանակցությունների միջնորդ Ֆրանիսայի նախագահի մասնակցությամբ։ Իլհամ Ալիևը պնդում է, որ Ֆրանսիան կողմնակալ է, նա չմասնակցելու իր որոշումը նաև Սենատի ընդունած բանաձևով էր պատճառաբանել։
Արեգ Քոչինյանի կարծիքով, Ֆրանսիայի խորհրդարանի դիրքորոշումը չէ միայն, որ հետ է պահել Ալիևին Մակրոնի մասնակցությամբ հանդիպումից. - «Ֆրանսիայի նախագահի առաջարկությամբ ու աշխատանքի շնորհիվ էր, որ եվրոպական դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել։ Եվ ինձ թվում է, որ եթե լիներ երկրորդ քառակողմ հանդիպումը, ապա այդ հանդիպմանը պետք է հարց դրվեր, թե եվրոպական դիտորդական առաքելության ժամկետի երկարացման, և ինչու ոչ, նաև կարողությունների և իրավունքների լայնացման։ Ես կարծում եմ, որ հիմնականը սա է»։
Միաձայն ընդունված բանաձևով Ֆրանսիայի Ազգային ժողովը նաև կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել և հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ այլ պետությունների դիրքորոշումները, բանաձևերը ճնշման գործիք են նաև իրավական գործընթացի ժամանակ։ Այդուհանդերձ, պաշտոնական տվյալներով 33 հայ ռազմագերի դեռ պահվում է ադրբեջանական բանտերում, Բաքուն տվյալներ չի տրամադրում բռնի անհետացածների վերաբերյալ։
Իրավապաշտպանն ընդունում է, որ միջազգային հանրությունը կարող էր ավելի կոշտ գործիքներ օգտագործել, օրինակ պատժամիջոցներ, որոնք Ադրբեջանը ուժեղ ճնշման ներքո չէր կարողանա չկատարել։ Սակայն քաղաքական պայմաններն են ստիպում միջազգային հանրությանն առավել զուսպ գործել. - «Գործոններից մեկը [այն է], որ, կարծում եմ, եվրոպական կառույցների և առանձին երկրների կախվածությունը էներգետիկ ոլորտի ճգնաժամով պայմանավորված մեծացել է Ադրբեջանից։ Երկրորդ կարևոր գործոնը, ես կարծում եմ, հայ-ադրբեջանական երկխոսությունն է, որի պայմաններում չեզոք են և երկու երկրների հետ էլ կարող են կառուցողական փոխհարաբերություններ ունենալ, քան այս երկրներից որևէ մեկի կողմը բռնելը»։
Պաշտոնական Երևանը դեռևս միայն ԱԺ խոսնակի մակարդակով է շնորհակալություն հայտնել Ֆրանսիային։ «Թվիթերի» իր միկրոբլոգում Ալեն Սիմոնյանը «Կեցցե՛ Ֆրանսիան» վանկարկումով գրառում է արել։
Սենատի ընդունած բանաձևին նույնպես Երևանից միայն նա էր պաշտոնապես արձագանքել։