Մատչելիության հղումներ

Հայկական և ադրբեջանական կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքները


Երեկ սահմանին վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին նա հոսպիտալում է, «Ազատությանը» տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ չհաղորդելով, թե մասնավորապես ինչ վիրավորում է ստացել։

«Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը հոսպիտալում ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց Թորոսյանը:

Ադրբեջանցիները երեկ հրադադարը խախտել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հետ սահմանին։ Ընդ որում, Հայաստանի ՊՆ փոխանցմամբ՝ հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացվել երկու անգամ՝ օրվա երկրորդ կեսին, որի ժամանակ էլ զինծառայողը վիրավորվել է, և երեկոյան 23-ից հետո։ Երկու դեպքում էլ կրակի տակ են եղել արևելյան դիրքերը, բայց ռազմական գերատեսչությունը տեղանքը չի կոնկրետացնում։ Երեկոյան, Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հակառակորդը կիրառել է նաև ականանետ:

«Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - նշեց ՊՆ խոսնակը:

Բաքուն էլ հայկական կողմին է մեղադրել երեկ երեկոյան և գիշերը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։ Իսկ Արցախում, ՊԲ-ի հաղորդագրության համաձայն, հրադադարը խախտվել է շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Ստեփանակերտից հերքել են Բաքվի հայտարարությունը, թե ՊԲ-ը երեկ կրակել է Ասկերանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերին։

Միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում շարունակել երկխոսությունը

Մինչ սահմանային իրավիճակի լարման պատճառով վերջին երկու օրում հայկական կողը երեք վիրավոր ունի, կողմերն էլ միմյանց են մեղադրում, միջազգային հանրությունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում շարունակել երկխոսությունը։

Բաքվից Երևան ուղևորվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն է տեսաուղերձ տարածել. «Պետքարտուղար Բլինքենը հավատում է խաղաղության հեռանկարին և Հարավային կովկասի ներուժին: Նա ինձ խնդրել է այս շաբաթ տարածաշրջան վերադառնալ: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և կոչ է անում շարունակել այս ջանքերը նաև հաջորդ տարի»:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը հայտարարել է՝ Միացյալ Նահանգները շարունակում է ուղիներ փնտրել առաջնորդների և երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև նոր հանդիպում կազմակերպելու համար։

«Մեր նպատակը պարզ է՝ մենք կցանկանայինք տեսնել սահմանը որքան հնարավոր է շուտ սահմանազատված, մենք կցանկանայինք տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև որքան հնարավոր է շուտ, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Չնայած այս կոչերին, ոչ առաջնորդների, ոչ էլ արտգործնախարարների հանդիպման մասին չի հայտարարվել։

Ադրբեջանի նախագահն անցած շաբաթ հայտարարեց դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը չեղարկելու մասին. դեմ էր Ֆրանսիայի միջնորդությանը։

Այսօր էլ նույն վայրում կգտնվեն, ԵԱՀԿ նախարարական համաժողովին կմասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Բայց «Ազատության» տեղեկություններով՝ Արարատ Միրզոյան- Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսված չէ, չնայած հենց նրանք էին մոտ մեկ ամիս առաջ Վաշինգտոնում պայմանավորվել ակտիվացնել շփումները։

Քաղաքագետը չի բացառում նոր էսկալացիայի հավանականությունը

Քաղաքական և ռազմական վերլուծությունների Stratfor ամերիկյան կենտրոնն, օրինակ, կարծում է՝ հայ-ադրբեջանական բանակցությունները «կանգ են առել»։ Հայաստանցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն Բաքվի քայլերին հետևելով չի բացառում նոր էսկալացիայի հավանականությունը: «Ադրբեջանն իր վերջնագրերն է ուզում կյանքի կոչել, ոչ թե բանակցել», - կարծում է Գրիգորյանը։

«Նույնիսկ այս իշխանությունները, որոնք անընդհատ գնում են զիջումների, անընդհատ հրաժարվում են սեփական պատկերացումներից, նույնիսկ այս իշխանությունները չեն կարողանում բավարարել Ադրբեջանի մաքսիմալիստական պատկերացումները տարբեր գործընթացների վերաբերյալ: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցն է, տեսնում ենք, որ դելիմիտացիայի գործում մաքսիմալիստական մոտեցում է ցուցաբերում Բաքուն, ապաշրջափակման գործընթացում: Այսինքն՝ քանի դեռ Հայաստանը չի կատարում Ադրբեջանի վերջնագրերը, էսկալացիայի վտանգը միշտ էլ գոյություն ունենալու է: Սրա լուծումն, իհարկե, Հայաստանի զինված ուժերի կարողությունների վերականգնումն է, որովհետև այսպես կոչված խաղաղության պայմանագիրը նույնիսկ եթե ստորագրվի, Ադրբեջանը շարունակելու է ուժային ճնշման միջոցում արդեն այլ օրակարգերով զիջումներ կորզել Հայաստանից», - նշեց քաղաքագետը:

Հայ - ադրբեջանական սահմանին կամ Լեռնային Ղարաբաղում արյունալի նոր միջադեպերի հավանականությունը նաև միջազգային փորձագետները չեն բացառում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG