Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար. Մարուքյան


Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար. Բաքվի՝ Երևանին ուղղված հերթական մեղադրանքներին անդրադառնալով, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ հայտնել էր, թե օգոստոսից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին՝ Քելբաջարի և Լաչինի հատվածներում անցած տարի Հայաստանում արտադրված ականներն են հայտնաբերվել», պնդելով, թե այդ ականները վկայում են, որ Հայաստանը Լաչինի միջանցքն «օգտագործել է ապօրինի ռազմական գործունեության համար»՝ «կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության 6-րդ կետը»։

«Ինչի՞ համար է սա արվում, սա արվում է մեկ բանի համար, որ Լաչինի միջանցքի նկատմամբ փորձեն վերահսկողություն սահմանել և հիմա այդ, այսպես կոչված, սոուսն են պատրաստում: Հիմա մենք արձագանքել ենք և մեր միջազգային բոլոր գործընկերներին տեղեկացնում ենք, որ այդ ականները հանվել են նշված վայրերից, այսինքն, Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից», - նշեց Մարուքյանը:

Երևանի հասցեին նույն մեղադրանքները նաև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալն էր հնչեցրել։ Ջեյհուն Շադլինսկին պնդել էր, թե Բաքուն փաստեր ունի «ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներ զենքի փոխադրման», ինչպես նաև «ռազմական սադրանքների համար պայմանների ստեղծման» մասին։

Ստեփանակերտն էլ է սադրանք որակում Բաքվից հնչող այս մեղադրանքները։

«Ամեն ինչ արվում է, որպեսզի իրավիճակն ապակայունացվի, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախի ժողովրդին վախեցնեն, որովհետև սա անհեթեթություն է ուղղակի: Եվ սրանով հարված է հասցվում ռուս խաղաղապահ առաքելությանը, ընդհանրապես խաղաղապահ առաքելությանը որպես այդպիսին», - ընդգծեց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանական կողմը նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարին ու հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին երեկ տեղափոխել էր, իրենց ներկայացմամբ, «ականապատված տարածքներ»։

«Եթե օգոստոսին նրանք այդ վերահսկողությունը սահմանել են այդ տարածքի նկատմամբ, այդ ինչպե՞ս եղավ, որ նոյեմբեր ամսին են ականները հայտնաբերվել: Իրականությունը հետևյալն է՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, որտեղ օկուպացված տարածքներ կան շուրջ 140 կմ, Ջերմուկ, Սոթք, Խոզնավար, այս տարածքներից Հայաստանի Հանրապետության տեղադրած հետևակային ականները հանել է, տեղափոխել է նշված բարձունք, որը իրենց լեզվով ասում են Սարիբաբա, և այնտեղ ուզում են ցույց տալ, որ «տեսեք, Լաչինի միջանցքն օգտագործվել է ռազմամթերք տեղափոխելու համար», - ընդգծեց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Լաչինի միջանցքը փակելու, Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ենթարկելու հիմքեր ստեղծելու մտադրության համար Ադրբեջանին ավելի վաղ Հայաստանի վարչապետն էր մեղադրել։ Նախօրեին էլ ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ռուս խաղաղապահները դեռ ամբողջությամբ չեն տեղակայվել միջանցքում։

«2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։ Մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում», - հայտարարել է վարչապետը։

Այս մասին ամիսներ առաջ նաև հենց գյուղացիներն էին ահազանգել. միջանցքում գտնվող Հին Շենից ադրբեջանական դիրքերը մի քանի մետր են բաժանում՝ Հին Շենը, Մեծ Շենն ու նոր ճանապարհի մի հատվածը զինված ադրբեջանցիների թիրախում է:

«Դիրքային փոփոխությունները Բերձորի հետ կապված են, տեսանելի սարերը, որ կան մեր հետևում, լրիվ իրանք պոստեր են դրել», - ասաց Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը:

Բաքվից Երևանին մեղադրում են նաև ռազմականացման համար, Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանն այսօր անդրադառնալով այդ հայտարարություններին, ասաց, որ հայկական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ պաշտպանական ծախսերն ավելացնելը որևէ երկրի դեմ չէ։

Էդմոն Մարուքյանն աբսուրդ է որակում ադրբեջանական կողմի պնդումը, թե Հայաստանի ռազմականացումը խոչընդոտում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը. - «Պաշտպանական ծախսերի ավելացումն ուղղված է լինելու բանակի բարեփոխումներին, մեր սահմանների ամրապնդմանը, և դա ուղղված չէ որևէ երկրի դեմ: Այս իմաստով սա ուղղակի շահարկում է, որը որևէ հենք չունի»:

Մարուքյանի խոսքով՝ Հայաստանը խաղաղության պայմանագրի գործընթացից որևէ միլիմետր չի շեղվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG