Մատչելիության հղումներ

2023-ին կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրությունը․ բժիշկը տապալման վտանգ է տեսնում


«Ես առհասարակ ոչ մի հիվանդություն չունեմ»․ որ Հայաստանի բնակչության զգալի մասն այս տարեց տղամարդու պես իրեն առողջ զգա, Առողջապահության նախարարությունը նախատեսել է բոլորի առողջությունն ապահովագրել։

Համակարգը կներդրվի 2023-ին, նախապատրաստական շրջանը մեկ տարի կտևի, հետո՝ մինչև 2027-ը, նախատեսվում է, որ երկրի շուրջ 3 միլիոն բնակչությունը կունենա առողջապահական ապահովագրության անհատական փաթեթ։ Այսինքն, եթե իրեն կատարյալ առողջ համարող այս տղամարդն անգամ առողջական խնդիրներ ունենա, բուժման համար կա՛մ չի վճարի իր գրպանից, կա՛մ քիչ կվճարի։

Առողջապահության նախարարության այս ծրագրով՝ աշխատող քաղաքացիներն ամեն ամիս իրենց եկամուտից հաստատված գումար կվճարեն, թե որքան, գերատեսչության ղեկավարը չի շտապում թիվ նշել։

«Պետությունը համաֆինանսավորմամբ իր վրա կվերցնի բեռի մի մասը՝ ըստ եկամուտի չափի․ եթե քաղաքացին միջին աշխատավարձից ցածր է ստանում, ապա սուբսիդավորման տոկոսը շատ ավելի բարձր կլինի։ Էստեղ չափից բացի կարևոր է նաև ֆինանսավորման մեթոդը՝ մինչև որ մենք չանցնենք կանխավճարային մեթոդին ֆինանսների կուտակման, մենք չենք կարող արդյունավետության մասին խոսել», - ասաց նախարարը։

Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան

Հեղափոխությունից մեկ տարի անց առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ էր այսպիսի ծրագիր առաջ քաշել՝ հայտարարելով՝ Հայաստանի բնակչության 85 տոկոսն առողջական խնդրի դեպքում սեփական գրպանից է վճարում, հիմնականում՝ աղքատանալու գնով։

Մարդկանց այս բեռը թեթևացնելու համար Թորոսյանն առաջարկել էր աշխատող քաղաքացիներից առողջապահական հարկ գանձել՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։ Երկար քննարկումներից հետո, ծրագիրը մերժվեց, դեմ էր նաև Ֆինանսների նախարարությունը։

Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան

Թորոսյանի հաջորդը՝ Անահիտ Ավանեսյանն ասում է՝ ծրագիրը վերամշակել են ու այն մինչև տարեվերջ շրջանառության մեջ կդրվի։ Ֆինանսների նախարարությունը դեռ չի շտապում կարծիք հայտնել։ Ֆինանսների նախարարի խոսնակ Ռոնա Ահարոնյանն ասում է՝ առայժմ չեն կարող ասել՝ ֆինանսական որքան ծախս է պահանջվելու այս ծրագրի համար, ինչ աղբյուրներից են դրանք լրացվելու, Կառավարությունը նոր վարկ վերցնելու կարիք ունենալու է, թե ոչ։ Չգիտեն, որովհետև, ըստ խոսնակի, վերջնական փաստաթուղթ Առողջապահության նախարարությունը չի ներկայացրել։

«Տևական ժամանակ է՝ համակարգված փաստաթուղթ չենք ստացել իրենցից։ Այսինքն՝ կա միայն գաղափար հանդիպումներ, քննարկումներ, բայց վերջնական արդյունք աշխատանքային քննարկումները դեռևս չեն տվել, պիտի լինի փաստացի փաստաթուղթ, որի հիման վրա կարողանան արդեն մեր նախարարությունում գնահատականներ տալ», - «Ազատությանն» ասաց Ահարոնյանը։

Առողջապահության նախարարությունում համաձայն չեն Ֆինանսների նախարարության այս դիրքորոշման հետ, ասում են՝ ակտիվ քննարկումներ են ունեցել։ Ըստ այդ ծրագրի՝ ապահովագրական այդ փաթեթից վճարվելու են քաղաքացու ընդհանուր թերապևտիկ, վիրաբուժական ծախսերը, այդ թվում՝ սրտի թանկարժեք վիրահատության։

Քաղցկեղի բուժման գործող պետպատվերին զուգահեռ ապահովագրական փաթեթից քաղցկեղ ունեցող յուրաքանչյուր հիվանդի բուժման համար կվճարվեն մինչև 1.6 միլիոն դրամ արժեցող քիմիաթերապիայի ծախսերը, վերջին սերնդի սարքավորումներով՝ միջինը մինչև 22 սեանս ճառագայթային բուժումը։

Ատամնաբուժական ծախսերը հիմնականում դուրս կմնան այս փաթեթից, բացառությամբ 63 տարեկանից բարձր քաղաքացիների պրոթեզավորումը, բուժումը, իսկ տարիքային բոլոր խմբերի համար կգործի միայն ատամնաբուժական անհետաձգելի դեպքերի փոխհատուցումը, օրինակ, մինչև երկու ատամի հեռացում։

Նախարար Ավանեսյանի խոսքով՝ նպատակը հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերելն ու կանխարգելելն է, սա նշանակում է, որ քաղաքացիները փաթեթից օգտվելու համար նախ պետք է գնան պոլիկլինիկա, այնտեղից էլ, ըստ անհրաժեշտության, կուղեգրվեն հիվանդանոցներ։

Երևանցիներից հետաքրքրվեցինք՝ առողջական խնդիրների դեպքում նախընտրում են հիվանդանո՞ց գնալ, թե՞ պոլիկլինիկա։ Հարցվածներից շատերը շեշտեցին, որ կգնային հիվանդանոց, որովհետև «մասնագետներն ավելի վստահելի են»։

Նախապատրաստական 2023-ի ընթացքում, առողջապահության նախարարն ասում է, հզորացվելու են պոլիկլինիկաները, վերապատրաստվելու են մասնագետները, բարձրանալու է նրանց աշխատավարձը և այլն։

«Ո՛չ պոլիկլինիկական համակարգը, ո՛չ հիվանդանոցները պատրաստ չեն անցնել այս համակարգին»

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը, որ պարբերաբար նախարարության տարբեր ծրագրերի մշակմանն է մասնակցում, հաճախ նաև դրանք հեղինակում, ասում է՝ ո՛չ ոլորտի առաջնային՝ պոլիկլինիկական համակարգը, ո՛չ հիվանդանոցները պատրաստ չեն անցնել այս համակարգին։

Ըստ նրա՝ ծառայությունների որակը գնահատող ու հսկող չկա, նաև խորքային ու մեծածավալ ուսումնասիրություն չկա։

«Այսօրվա դրությամբ, որևէ մեկը չի կարող գալ ասել՝ «ինչո՞ւ ես այս կամ այն վիրահատությունը կատարել»։ Հարմար եմ գտել, կատարել եմ, դե պետություն ջան, էդ փողը տուր։ Այսինքն՝ այդ ամեն ինչը պետք է վերահսկել, այդ ամեն ինչը պետք է կարգավորել ու հասկանալ՝ ինչի համար կվճարի պետությունը և որ դեպքերում կասի՝ «չէ, կներես, էս մարդուն ընդհանրապես պետք չէր անել այդ թանկարժեք հետազոտությունը և, կներես, ոնց արել ես, գնա տակից դուրս արի»։ Գամ իմ ոլորտին, ամենաթանկ ոլորտին՝ ուռուցքաբանությանը, քիմիաթերապիայի համար վճարո՞ւմ է, մի քանի անգամ տվել եմ էդ հարցն, ինձ ոչ մեկ չի ասել՝ «այո՛, մտնելու է»։ Ես նայում եմ դրանց արժեքները, դրանց բյուջեն, ես նայում եմ մոտավորապես էն գումարները, որը որ ակնկալվում է, որ բնակչությունը պիտի վճարի, և ես կարծում եմ, որ ոչ, չէ, չի մտնելու», - ասաց Տեր-Մինասյանը։

Համակարգին երկու ձեռքով կողմ բժիշկը մտավախություն ունի, որ այդքան կարևոր առողջապահական համապարփակ ապահովագրությունն արագ կտապալվի։ Նա պնդում է՝ նախ պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձը պետք է չզիջի հիավանդանոցի բժշկի աշխատավարձին, հետո էլ պետք է ամբողջությամբ փոխել հին սարքերը։ 30 տարի, ըստ նրա, այս ոլորտն անտեսվել է։

«Նայեք տեսեք ինչ պայմաններում են աշխատում, ինչ աշխատավարձով են աշխատում ու ասենք թե, կներեք, ինչքան թուքումուր են ուտում։ Չէր կարելի ու հիմա էլ չի կարելի։ Էդ մարդկանց պետք է մի հատ լրիվ ռեստարտ անել։ Որ գալիս է պոլիկլինիկայում հետազոտված հիվանդը, նայում ես ամբուլատորիայում հետազոտման էդ խեղճուկրակ քարտը՝ մի հատ ջրաղացի քարի տակից հանած, մեջն ինչ-որ խզբզանքներով, սոնոգրաֆիայի նկարը նայում ես, ես բժիշկ լինելով ոչ մի բան չեմ հասկանում, ասում եմ՝ «հալալ է էն մարդուն, որը կարողանում է էս ապարատով ինչ-որ մի բան տեսնի ու ինչ-որ մի բան էլ կարողանա ախտորոշի, կամ բուժի», - ասաց Վահե Տեր-Մինասյանը։

Մինչ առողջապահության նախարարը համոզված է, որ ծրագիրը կհաջողի, ոլորտում տարիների փորձ ունեցող բժիշկը պնդում է՝ նման լուրջ ծրագիրը պետք է նույնքան լուրջ ներդրումով սկսել, ինքը դա չի տեսնում, հետևաբար տապալման վտանգ է կանխատեսում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG