Մատչելիության հղումներ

«Կառչած չենք մեր տարբերակին»․ նախարարը՝ պարտադիր առողջապահական ապահովագրության մասին


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Առողջապահության նախարարն այսօր երկու մեծ բուժհաստատություններում՝ Մոր և մանկան ավստրիական հիվանադանոցում և «Գյումրի» բժշկական կենտրոնում շրջելուց հետո մի նոր գաղափարի մասին խոսեց: Մի քանի տարի անց, ըստ Արսեն Թորոսյանի, Գյումրին կարող է դառնալ բժշկական քաղաք:

«Ապագայում շատ հնարավոր է նման զարգացումներ լինեն, ասենք՝ երեք, չորս, հինգ տարի հետո: Մենք տեսնում ենք, որ մի հետաքրքիր փոքրիկ քաղաք է ձևավորվում այստեղ՝ բժշկական քաղաք, և դա շատ ճիշտ է, որ բոլորը իրար հետ են և լինեն նույնիսկ մի իրավաբանական անձ, որովհետև մի իրավաբանական անձով մի քանի հարց է լուծվում», - ասաց Թորոսյանը՝ մանրամասնելով․ - «Մենակ գնումների դեպքում դու կարող ես ավելի էժան գին ունենալ, որովհետև միանգամից շատ ես առնում ամեն ինչ, մի հաշվապահ ես պահում, մի տնօրեն ես պահում, մի տնտեսվար ես պահում, մի գնումների մասնագետ: Էդ ամեն ինչը թվում է, թե ընդամենը հաստիքներ են, բայց որ տարվա վերջում գումարում ես, կարող է պարզվի, որ տարվա վերջում 30 միլիոն դրամ էկոնոմիա ես արել, իսկ էդ 30 միլիոն դրամով կարելի էր առնել մի նոր սոնոգրաֆիկ ապարատ, որը շատ կարևոր է բուժօգնության համար»:

Առողջապահության ոլորտում 140 միլիարդ դրամի ճեղքը փակելու տարբերակներից մեկը նախարարը համարում է պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը: Սակայն մինչև 6 տոկոս նոր հարկատեսակին շատերը դեմ են: Հարցին՝ ո՞ւր է հասել պարտադիր ապահովագրման ներդրման գործընթացը, Թորոսյանն արձագանքեց․ - «Դաժան և դժվար քայլերով գնում ենք առաջ և փորձում ենք էդ շատ կարևոր խնդրին լուծման տարբերակներ գտնել, որից մեկը, ճիշտ է, մենք առաջարկել էինք, բայց կառչած չենք դրան: Եվ շատ հավանական սցենարներից մեկը այն կարող է լինել, և մենք ամեն դեպքում դրան գնալու ենք, որ տարեցտարի մեր ոլորտին հատկացվող ֆինանսավորումը ավելանա ոչ թե նախատեսված չափաքանակներով, ինչպես Ֆինանսների նախարարությունը ուզում է, այլ առաջանցիկ տեմպերով, օրինակ՝ եթե մեզ ավելացնում են 10 միլիարդ դրամ տարեկան, մենք ուզենք 30-40 և էդ մեր դեֆիցիտը 140 միլիարդ դրամի հագեցնենք, լրացնենք ավելի շուտ, օրինակ՝ 3-4 տարվա մեջ, ու այդ ժամանակ որևէ հարկատեսակ ներդնելու կարիք չի լինի»:

Ոլորտի ղեկավարն անդրադարձավ նաև Գյումրիի բուժհաստատությունների խնդիրներին: Ծննդատունը մոտ 70 միլիոն դրամ պարտքի պատճառով փակման շեմին է: Արսեն Թորոսյանը նշեց, որ ցանկացած պահի պարտատերերը կարող են սնանկացման գործընթաց սկսել: Իրենք տարբերակ են առաջարկել ու դեռ պատասխան չեն ստացել:

«Պարզ պատահականություն է, որ մինչև օրս Գյումրու ծննդատունը գոյատևում է: Մենք, իհարկե, ունենք մեր զարգացման պլանը, հենց էսօրվա համար էլ, որը կարար լիներ շատ անցավ թե՛ կոլեկտիվի համար, թե՛ մարզի համար, դժբախտաբար, այն դեռևս ծննդատան և մարզային իշխանությունների կողմից չի ընդունվել, և մենք կարծես էս պահին մեզ մի քիչ տարանջատել ենք էդ պրոցեսից, որովհետև լիազոր մարմինը մարզպետարանն է», - ասաց նախարարը:

Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բազայի վրա շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշը նոր ծննդատուն կառուցելու նախաձեռնությամբ է հանդես եկել, ավելին՝ նույնիսկ առաջին քարն են դրել: Շինարարությունը հավանաբար հաջորդ տարի կսկսվի: Դեռ նախագծային աշխատանքներն են իրականացվում: «20 թվականի մեջ արդեն ինտենսիվ շինարարությունը, գարնանից, կարծում եմ, կսկսվի, վստահ չեմ, որ կվերջացնենք 20 թվականին, որովհետև պարզապես ֆիզիկապես հնարավոր չի դա՝ 3-հարկանի շինություն, այդքան արագ սարքել, բայց շատ հուսով եմ, որ 21-ին պատրաստ կլինի», - նշեց Թորոսյանը:

Նախարարը մանկական հիվանդանոցում շրջեց գրեթե բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ հիվանդանոցի տեխնիկական զինվածությանը, զրուցեց նաև հիվանդների հետ: «Գյումրի» բժշկական կենտրոնում առաջինն այցելեց հեմոդիալիզի բաժանմունք: Այստեղ սարքավորումների խնդիր կա: «Քանի հիմա ունենք սահմանափակ ռեսուրսներ, չնայած՝ աճող, որովհետև էս տարի էլի, ինչքան՝ մի 100 թե 200 միլիոն դրամ աճ ենք տալու դիալիզի վրա, որովհետև հիվանդները շատանում են, ամեն դեպքում, կգծենք ամենաօպտիմալ քարտեզը», - վստահեցրեց Արսեն Թորոսյանը:

Գյումրիում այս տարի հակատուբերկուլյոզային հիվանդանոցը փակվեց: Նախարարն ասաց՝ հիվանդները քիչ էին, որոշել են նրանց բուժումը կենտրոնացնել մեկ վայրում՝ Աբովյանում:


XS
SM
MD
LG