Հայաստանը պատրաստ չէ հաջորդ տարի միանգամից անցնել առողջապահական համապարփակ ապահովագրության համակարգին, ինչի մասին այս տարի ավելի վաղ խոսում էր Առողջապահության նախարարությունը։
Ֆինանսների նախարարությունը թեև դեռ վերջնական եզրակացություն չի հայտնել Առողջապահության նախարարության նախագծի վերաբերյալ, այդուհանդերձ, «Ազատության» հետ զրույցում նախարար Տիգրան Խաչատրյանն ակնարկեց՝ գործընթացը պետք է աստիճանական լինի, բարեփոխումները՝ ճիշտ հաջորդականությամբ, որպեսզի, հաշվի առնելով բյուջեի հնարավորությունները, ցնցումներ չլինեն։ Նախարարն ասում է՝ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով, նախնական տվյալներով, նախատեսվում է առողջապահության ոլորտում 130-140 միլիարդ ծախս, մինչդեռ Առողջապահության նախարարությունում քննարկումները 350 միլիարդ դրամի շուրջ են։
«Այսինքն՝ այդ 2,5 անգամ ավելացումը չի կարող տեղի ունենալ մեկ տարվա ընթացքում, մենք խնդրել ենք, որ գործընկերները ներկայացնեն գործողությունների պլան, թե ինչպես կարող են գալիք տարիների ընթացքում շարունակաբար և հետևողականորեն ֆինանսավորման ծավալները ավելացնելով գնալ բարեփոխումների այլ ճանապարհով: Այսինքն՝ ամեն տարի եղածին գումարենք ինչ-որ բան, որ սրանից 3 տարի հետո, 5 տարի հետո ունենանք այն բարեփոխումները, որոնք մեր գործընկերները տեսնում են որպես ոլորտի զարգացման կարևոր նպատակ», -ընդգծեց Խաչատրյանը:
«Եթե համակարգային խնդիր է, անհնար է փոքր-փոքր գումարներ տալով խնդիրները փոքր-փոքր լուծել, պետք է համակարգային գնալ», - ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Առողջապահության փոխնախարարը, որ տարեսկզբին որոշ մանրամասներ էր պատմել նախագծի մասին, անգամ նախնական թվեր ներկայացրել, համաձայն որի պարտադիր բժշկական ապահովագրության համար նախատեսվում էր աշխատավարձի 6 տոկոսի պահում (3-ը գործատուն կվճարի, 3 -ը՝ աշխատողը) այսօր «Ազատության» հետ զրույցում չհերքեց՝ ժամկետների փոփոխություն հնարավոր է, ֆինանսական ոլորտի պատասխանատուների հետ քննարկումների արդյունքում գուցե ընդունեն փուլային տարբերակը։ Ի՞նչ է սա նշանակում, փոխնախարարը դեռ շատ փակագծեր չբացեց:
«Բայց երբ որ ասում ենք՝ գործարկում, նկատի չենք ունենա, որ ամբողջ համակարգը միանգամից 23-ին կներդրվի ու կսկսի աշխատել: Ամեն ինչ կախված է, թե այս փուլայնության որոշումը ինչպես կկայացվի, բայց չեմ կարծում, որ մյուս տարի հարկերի այդ խնդիրը կլինի, որովհետև որոշումը կայացնելուց հետո՝ ամբողջ կոնցեպցիայի, պետք է նաև օրենքի փոփոխություններ և այլն, այդ ամբողջ բազան ապահովվի: Գուցե պետք է պետական բյուջեից նաև ֆինանսավորում արվի, գուցե պետք է նաև կամավոր ապահովագրություն արվի: Կան երկրներ, որոնք արդեն պատմականորեն այդ ճանապարհով գնացել են, ու մենք փորձում ենք համադրելու ճանապարհով գտնել լավագույն տարբերակը՝ համադրելով նաև մեր փորձի հետ, թե որը մեր երկրում կաշխատի», - նշեց փոխնախարարը:
Առողջապահության նախարարությունում կարևորում են, որ այս համակարգը հնարավորինս արագ ներդրվի. նպատակը՝ հիվանդությունների կանխարգելմանը նպաստելն է։ Այդուհանդերձ, «Ազատության» հետ զրույցներում տարբեր փորձագետներ հակադարձում էին՝ պետք է նախ ամուր առողջապահական համակարգ ձևավորել, նոր միայն խոսել ապահովագրության առավելություններից։
Այս կարծիքին է նաև Ֆինանսների նախարարը, թեև առողջապահության ոլորտի գործընկերները պնդում են՝ որակի բարելավումն առանց համակարգի մյուս փոփոխությունների արդյունք չի տա. - «Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականի ընթացքում Առողջապահության նախարարության մեր գործընկերները իրենց նորացված ֆինանսական հնարավորությունները կօգտագործեն կամ ավելացված ֆինանսական հնարավորությունները կօգտագործեն այդ բարեփոխումների համահունչ՝ ծառայությունների որակը բարձրացնելու: Առանց որակի հարցը քննարկելու մենք չենք կարող համաձայնվել, որ բարեփոխումները տեղի են ունեցել»:
«1,5 տոկոս ՀՆԱ-ից միայն առողջապահությանը գումար տալով անհնար է ավել լավ որակ ապահովել համակարգում: 30 տարի անընդհատ փորձել ենք որակ բարելավել, փորձել ենք ռեֆորմներ անել, ավելի լավացնել, բայց միևնույն է, դա քիչ է միայն արդյունք գրանցելու համար: Մեր կարծիքով՝ պետք է զուգահեռ տարվեն աշխատանքները», - նշեց Նանուշյանը:
Ապահովագրությունը ինքնանպատակ չէ, այս հարցում միակարծիք են կառավարության թե՛ ֆինանսական, թե՛ առողջապահական ոլորտի պատասխանատուները։ Իսկ ժամկետների մասով, դեռ հստակ որոշում չկա. ասում են՝ մինչև տարեվերջ ավելի հստակ պատկեր կուրվագծվի։