Վերջին շրջանում բժշկական ապահովագրությունը 2015 թվականից պարտադիր դարձնելու՝ կառավարության մտադրության մասին բազմաթիվ հրապարակումներ ու քննարկումներ եղան: Կառավարությունն անգամ պետական առողջապահական գործակալությանը հանձնարարել էր համապատասխան հայեցակարգ մշակել:
Սակայն Կառավարության վերլուծական տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մոտ ապագայում բժշկական ապահովագրությունը պարտադիր չի դառնա՝ չմանրամասնելով, թե ո՞րն է ծրագրի հետաձգման պատճառը:
Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը արդեն մշակվել և ներկայացվել է կառավարությանը, սակայն մոտ ապագայում այն չի քննարկվի: Այս մասին ասաց Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը՝ հավելելով, որ չգիտի դրա պատճառը:
Ծատուրյանի խոսքով՝ նախատեսվում էր, որ բժշկական ապահովագրությունը պետք է պարտադիր լիներ բոլոր աշխատողների համար:
«Բոլոր մարդիկ ովքեր պաշտոնապես գրանցված են և աշխատում են Հայաստանի Հանրապետությունում, նրանք պետք է իրենց գործատուի հաշվին ունենային բժշկական ապահովագրությունից օգտվելու հնարավորություն: Այսինքն՝ խոսքը վերաբերում էր բոլոր գործատուներին՝ և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտի», - նշեց Ծատուրյանը:
Խոսքը չէր վերաբերելու այն պետական ծառայողներին, որոնք սոցփաթեթի շրջանակներում արդեն իսկ ստացել են բժշկական ապահովագրությունից օգտվելու հնարավորություն:
Ծատուրյանի խոսքով, սակայն, չէր քննարկվել այն մասնավոր ընկերությունների հարցը, որտեղ գործատուն արդեն իսկ ապահովագրել է իր աշխատակիցներին․ - «Դրանք մեխանիզմներ են, որոնք միշտ էլ հնարավոր է հստակեցնել, ուղղակի դրան չենք էլ հասել»:
Ծատուրյանը նշում է, որ կշարունակեն հայեցակարգի մշակման աշխատանքները, եթե քաղաքական որոշում կայացվի:
«Հայեցակարգից մինչև ներդրում հասնելը բավականին երկար ճանապարհ է: Դա այդքան հեշտ և արագ արվող բան չի, բայց եթե սկզբունքորեն որոշվի, որ պետք է անել կարող ենք արդեն շարունակել», - ասաց Պետական առողջապահական գործակալության պետը: