Մատչելիության հղումներ

Ծրագրվում է հաջորդ տարի Հայաստանում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ


Իշխանությունները ծրագրում են հաջորդ տարի Հայաստանում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այսօր հայտարարեց, որ նախագիծն արդեն մշակվել է և սպասում է կառավարության գնահատականին։ Սա լինելու է պարտադիր բժշկական ապահովագրություն, նախագծով՝ աշխատավարձի 6 տոկոսն է պահվելու. 3-ը գործատուն կվճարի, 3 -ը՝ աշխատողը։

«Այդ հաշվարկներն իրականացված են` հիմք ընդունելով այն փաթեթը, որն առաջարկվում է, և փաթեթը բավականին համապարփակ է և 90-95 տոկոսով բոլոր ծառայությունները ընդգրկում է», - ասաց նա:

Հայաստանի իրար հաջորդող իշխանությունները տարիներ շարունակ խոսում են պարտադիր առողջապահական ապահովագրությունից, գործնական քայլեր, սակայն, մինչ այս պահը չեն արվել։ Այս պահին նախագծում ընդգրկված հիվանդություններից են օնկոլոգիական, սրտանոթային խնդիրները, օրգանների փոխպատվաստումը, վիրահատություններ, որոնք չեն պահանջում նորագույն տեխնոլոգիաների միջամտություն, նախնական հաշվարկով` նաև որոշ ատամնաբուժական ծախսեր, բայց ոչ թանկարժեք։

«Երկու ատամի բուժում, պրոթեզավորում, ատամի հեռացում, մնացած բոլոր ծառայությունները փաթեթից դուրս են, իմպլանտի տեղադրումը, իհարկե, փաթեթում չի ներառված: Հաշվարկել ենք նաև առողջության առաջնային պահպանման օղակում հաճախ օգտագործվող խրոնիկական տարբեր հիվանդությունների ժամանակ դեղերի փաթեթ», - ասաց Նանուշյանը:

Առողջապահական ոլորտի պատասխանատուները համարում են, որ այս համակարգը կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը, ընդգծում են՝ այսօր շատերը ֆինանսական պատճառներով բժշկի չեն դիմում, երբեմն դա կյանք է արժենում։

Ռիսկերից խուսափելու համար փուլային ճանապարհով պետք է դա անցնել. Մելիք-Նուբարյան

Երևանի բշժկական համալսարանի հանրային առողջության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը թեև ողջունում է այս համակարգի կիրարկումը, այդուհանդերձ ընդգծում է, որ ռիսկերից խուսափելու համար փուլային ճանապարհով պետք է դա անցնել։ Մասնագետի պնդմամբ` դրանք և՛ առողջապահական են, և՛ սոցիալ-տնտեսական։

Կարևորում է մատուցվող ծառայությունների բարեփոխումը և վերահսկողությունը, մի բան, որ ըստ մասնագետի ուսումնասիրությունների` այսօր այնքան էլ պատշաճ չի իրականացվում. «Ընդհանուր ծառայությունների մատուցման ենթաբարեփոխում պետք է արվի, և այստեղ ուզում եմ առանձնացել` շեշտը դնելով առողջության առաջնային պահպանման, ամբուլատոր պոլիկլինիկական ուղղակի աշխատանքի վերաիմաստավորման և պրոակտիվ դարձնելու, որպեսզի մենք չստեղծենք լրացուցիչ բեռ` հետագայում այդ ապահովագրական հիմնադրամի վրա, մարդիկ գնան, հոսպիտալացվեն, չհիմնավորված հետազոտություններ անցնեն»:

Ապահովագրական համակարգը կապված է մարդկանց եկամուտների հետ, ուստի տնտեսական աճ պետք է լինի, իսկ մակրոտնտեսական իրավիճակի վատթարացումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Կա նաև գործազուրկների խնդիր, քանի որ եթե նրանք չեն ներառվում համակարգում, ապա ողջ բեռը կընկնի 600 հազար հարկ վճարողների վրա։ Ֆիսկալ ռիսկերից. որքանով կկարողանա պետությունը հավաքագրել և բացահայտել մարդկանց եկամուտները։ Մասնագետն ասում է. «Կան գյուղատնտեսության մեջ ներգրավված մարդիկ, ի վերջո մենք ունենք նաև ստվերային տնտեսություն, և այստեղ կարևոր է, որ այդ ֆիսկալ դաշտում ռեֆորմներ անեն»:

Արդյոք այդ դեպքում հապճեպ չէ այսօր խոսել պարտադիր ապահովագրության մասին, քանի դեռ մի շարք խնդիրներ լուծված չեն։ Առողջապահության նախարարությունում դեռ հստակ պատասխան չունեն, սպասում են քննարկումներին, մինչդեռ առողջապահության նախկին նախարար, փաստացի այս համակարգի նախաձեռնող Արսեն Թորոսյանը երեկ «Ազատության» եթերում կարծիք հայտնեց՝ շտապողականությունը կարող է ավելորդ խնդիրներ առաջացնել։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցներում էլ տարբեր բժիշկներ, փորձագետներ պնդում էին, որ պետք է նախ ամուր առողջապահական համակարգ ձևավորել, նոր միայն խոսել ապահովագրական համակարգի առավելություններից, հատկապես, որ այսօր քիչ չեն նաև դժգոհությունները արդեն իսկ գործող պետական սոցփաթեթներից։ Զրուցակիցներս պետական համակարգում աշխատող քաղաքացիներ են, ուստի խուսափեցին ներկայանալ։

«Իրենք ամեն ինչ անում են, որ չկարողանաս դու օգտվել այդ սոցփաթեթից, գնում եմ միայն, տարին մի անգամ պարտադիր ստուգում եմ անցնում, սոցփաթեթն ակտիվանում է: Մի անգամ խալեր պետք է հեռացնեին, գնացի, բա չէ, որ նարկոզով չի, ուրեմն չենք փոխհատուցում: Գնացի, ասացի` նարկոզով արեք, ասին` չէ, խալերը նորից չի փոխանցվում: Իզուր անցավ այդ ամենը», - ասում է նրանցից մեկը:

Նկատենք, որ այսօր քիչ չեն կազմակերպությունները, որոնք օգտվում են մասնավոր ապահովագրական ընկերություններից, դրանք հիմնականում ՏՏ ոլորտի ընկերություններն ու միջազգային կազմակերպություններն են։ Նախագծով նրանց ևս պարտադրվում է պետական առողջապահական ապահովագրությունը։

XS
SM
MD
LG