Մատչելիության հղումներ

Բժշկական ծառայությունները շարունակում են անհասանելի մնալ շատ հայաստանցիների համար


38-ամյա Ռոբերտ Նազարեթյանը ականի պայթյունի հետեւանքով առաջին կարգի հաշմանդամ է դարձել: Ասում է` իրեն անհրաժեշտ բուժումը անվճար է, սակայն ընտանիքի մյուս անդամները անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային բուժում ստանալ չեն կարողանում:

«Աղջիկս անցած տարի ութ տարեկան էր, նշիկների համար գնացինք երկու հիվանդանոց, 300 հազարից ավելի գումար ուզեցին», - պատմում է Նազարեթյանը:

Վերջին տարիներին մինչեւ 7 տարեկան երեխաների համար հիվանդանոցային բուժսպասարկումն անվճար է, սակայն 7 տարեկանը լրանալուց հետո, եթե երեխայի ծնողները վճարունակ չեն, ապա նա չի կարող բուժում ստանալ: Մանկաբույժ Սուսաննա Հարությունյան ասում է, որ հաճախ բժիշկների եւ երեխաների ծնողների միջեւ կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվում:

«Վճարը բավականին մեծ գումարներ է կազմում, հատկապես եթե երեխան պետք է հոսպիտալացվի մի քանի օրով: Նա պետք է վճարի ինչպես յուրաքանչյուր օրվա բուժման համար, այնպես էլ առանձին բոլոր հետազոտությունների համար: Շատ դեպքերում ծնողները չեն ցանկանում երեխաներին հոսպիտալացնել, եւ միայն եթե շատ խիստ անհրաժեշտություն է լինում, այդ դեպքում են հոսպիտալացում: Ընդ որում գումարները վճարելուց, բնականաբար, առաջանում են դժգոհություններ, եւ այդ մարդկանց զայրույթը հասկանալի է, որովհետեւ չկան ինչ-որ զեղչեր այդ տարիքի երեխաների համար: Միայն եթե նրանք սոցիալապես խիստ անապահով են, այդ դեպքում կարող է լինել անվճար բուժսպասարկում, կամ եթե շատ սուր իրավիճակ է, անհետաձգելի իրավիճակ է, այդպիսի հիվանդություններն են միայն անվճար սպասարկվում», - ասում է Հարությունյանը:

Սակայն ոչ միայն երեխաները, այլ նաեւ շատ մեծահասակներ, ովքեր սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված չեն կամ չունեն բժշկական ապահովագրություն, այս նույն իրավիճակում են հայտնվել: Մելանյա Նազարեթյանն ասում է, որ տարիներ շարունակ չեն կարողանում միջոցներ գտնել հետազոտվելու եւ բուժում ստանալու համար: Իր եւ ամուսնու թոշակը միասին մոտ 60 հազար դրամ է կազմում:

«Մենք չենք կարող գնալ բժշկի, որովհետեւ փող չունենք», - իր եւ ամուսնու բազմաթիվ հիվանդությունները թվարկելով ասում է 65-ամյա կինը:

Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի խոսքերով` առողջապահական համակարգը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, քանի որ պետական բյուջեից տրամադրվող միջոցները բավարար չեն, եւ նախարարությունը չի կարող իրեն թույլ տալ լուծել բնակչության ընդհանուր առողջական խնդիրները եւ ստիպված է առաջնահերթություններ սահմանել: Ըստ պաշտոնյանի` այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը բժշկական ապահովագրության ընդլայնումն է:

«Առողջապահության նախարարությունը պատրաստվում է ներկայացնել առաջարկություններ կառավարությանը, որպեսզի ընդլայնվեն քաղաքացիների խմբերը, որոնք պետք է ներգրավվեն բժշկական ապահովագրության մեջ: Առաջին հերթին խոսքը աշխատող մարդկանց մասին է», - ասում է Ծատուրյանը` հավելելով, որ հավանաբար մինչեւ 2014-ի վերջը կընդունվեն բոլոր այն իրավական ակտերը, որոնք թույլ կտան սկսել ապահովագրության համակարգի ներդրումը 2015 թվականից:

Ըստ Ծատուրյանի` այսօր ամենահամարձակ տվյալներով Հայաստանում ապահովագրություն ունեցողների թիվը չի գերազանցում 150-200 հազարը, ինչը բնակչության 6-7 տոկոսն է կազմում:

Ֆինանսների նախարարության տվյալներով` անցած տարվա 120 հազարի փոխարեն այս տարի սոցիալական փաթեթներ նախատեսվում է տրամադրել շուրջ 150 հազար պետական ծառայողների: Սոցփաթեթների միջոցով ստացված 132 հազար դրամից 52-ը պարտադիր ուղղվում է առողջության ապահովագրությանը, մնացած մասը կարող է օգտագործվել հանգստի, ուսման վարձ վճարելու կամ վարկի մարման նպատակով: Սակայն սոցիալական փաթեթներ ստացած մարդկանցից շատերը նախընտրել են ողջ գումարը ուղղել առողջապահությանը` ավելի ընդլայնված ծառայություններ ապահովվելով իրենց համար, կամ ապահովագրել նաեւ ընտանիքի անդամներին: Փաստորեն սոցիալական փաթեթներին ուղղված 13 միլիարդ դրամի գերակշիռ մասը` մոտ 10 միլիարդը, ծախվել է առողջապահության ապահովագրություն ձեռք բերելու նպատակով:

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քուրումյանն ասում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո առողջապահական ծառայությունները Հայաստանում շատերի համար անհասանելի են մնում, քանի որ հիվանդանոցային անվճար բուժումից կարող են օգտվել միայն սոցիալապես անապահով որոշակի խմբեր: Իսկ մյուսները, եթե անգամ կարողանում են լիարժեք հոգալ իրենց կենցաղային հարցերը, ապա առողջական խնդիրների դեպքում անկարող են լինում լուծել դրանք:

«Նույնիսկ միջին եկամուտ ունեցող ընտանիքում անդամներից մեկը առերեսվի լուրջ առողջական խնդիրների հետ, ապա առողջության հետ կապված ծախսերի պատճառով այդ ընտանիքը կկատարի ահռելի ծախսեր, ինչի արդյունքում այդ ընտանիքը ուղղակի կարող է վերածվել աղքատի», - ասում է Քուրումյանը:

«Word Vision Հայաստան» կազմակերպության առողջապահական քաղաքականության հարցերով փորձագետ Նաիրա Ղարախանյանի խոսքերով` խնդրի լուծումը հիվանդությունների կանխարգելման մեջ է: Իսկ Հայաստանում կանխարգելմանը չնչին գումարներ են հատկացվում, մինչդեռ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ այլընտրանքային ֆինանսավորման միջոցներ կարելի է գտնել որոշ հարկերի բարձրացման եւ դրանցից ստացված եկամուտները առողջապահությանը ուղղելու միջոցով:

«Օրինակ, մի շարք երկրներ բջջային հեռախոսների կամ ծխախոտի համար սահմանված հավելյալ հարկերից ստացված գումարը ուղղում են առողջապահական ծրագրերի: ԱՄՆ մի շարք նահանգներում բջջային հեռախոսներից վճար է գանձվում, որն ուղղում է 911 ծառայության ֆինանսավորմանը», - ասում է Ղարախանյանը:

Նրա խոսքով` հայ փորձագետներն ու պաշտոնյաները ուսումնասիրել են մի շարք երկրների փորձը, եւ նման օրենքների նախագծերը շուտով պատրաստ կլինեն նաեւ Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG