Մատչելիության հղումներ

Ըստ Մանուկյանի՝ Փաշինյանը «ստում է՝ շարունակելով իր վրայից դեն նետել պատերազմի պարտության մեղավորությունը»


Գեղամ Մանուկյան, Նիկոլ Փաշինյան
Գեղամ Մանուկյան, Նիկոլ Փաշինյան

Ընդդիմադիր պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը պնդում է, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանը ստել է։

Վարչապետը մոտ կես ժամանոց ելույթի վերջին հատվածում, Հայաստանում կոռուպցիայի խորը հետևանքերի մասին խոսելիս, հպանցիկ անդրադառնում է մի դրվագի, ասում, թե պատերազմի օրերին կարևորագույն հրթիռների վրայից ոսկյա մասեր են անհետացել, որի հետևանքով դրանք անպիտան են դարձել։

«Պատերազմի ժամանակ ինչպիսի դեպքերի առնչվեցինք՝ պարզվեց, որ ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա, և սա արտահայտում է ամբողջը, որ շատ դեպքերում մենք էսօր, երբ որ գնում ենք խնդիր լուծելու պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող, էդ գործիքը վերցրած գնում են օգտագործելու, պարզվում է էդ գործիքի կաղապարը կա, մեջի ամբողջ պարունակությունը հանված է և հայտնի չէ, թե ով է հանել։ Փաստն էն է, որ էդ գործիքով հնարավոր չի լինում էդ խնդրը լուծել», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։

Ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ այս մասին Փաշինյանն առաջին անգամ չէ, որ խոսում է։ Դեռ 2021 թվականի մայիսի 28-ին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբում, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր․ - «Հայաստանում կա սպա, ով Ս300-ի վրայից պլատա է հանում, որ միջի ոսկին 30-40 հազար դրամով ծախի»։

Այս հայտարարությունից հետո Մանուկյանը հարցում էր ուղարկել դատախազություն ու պարզել, որ դեռ 2019-ի թվականի օգոստոսին, մինչ 44-օրյա պատերազմը, հարուցված քրգործով նախաքննություն է ընթանում։ Ավելի քան երկու տարի անց, սակայն, այս քրեական գործից իրավապահները որևէ մանրամասն չեն հայտնում, իսկ վարչապետը, ըստ ընդդիմադիր պատգմավորի, դեռ չապացուցված այս դրվագը շարունուկում է որպես օրինակ ներկայացնել ու վարկաբեկել բանակը։

«Նախ Նիկոլ Փաշինյանը ստում է, որ պատերազմի ընթացքում է Ս300-ի վրայից պլատա կորել, եթե կորել է։ Խոսքը վերաբերում է 2019 թվականին։ Պարտավոր էր Գլխավոր դատախազությունից նաև տեղեկացնել, որ կա կասկածյալ, մեղադրյալ և այլն, որը չի արել», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեում, 24-ը հոկտեմբերի, 2022թ․
Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեում, 24-ը հոկտեմբերի, 2022թ․

Մանուկյանը մի քանի օրինակներ ևս հիշատակելով՝ պնդում է, թե Փաշինյանը փորձում է մանիպուլացնել 44-օրյա պատերազմի պարտության պատճառները։

«2020 թվականի դեկտեմբերին Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն կամավորներն ասել են, որ «պահեստի դուռը փակ է եղել, զենքը եղել է, բայց իրենց չեն տվել, ստիպված դուռը կոտրել են» ու ասում է, որ տվել են կոնկրետ անուն, միգուցե հենց նրա պատճառով էլ պատերազմը պարտվեց։ Մինչև վերջերս, մեկ-երկու ամիս առաջ, Քննչական կոմիտե հարցումներին ի պատասխան ես ստացել են իրավապահներից պատասխան, որ որևէ մի կասկածյալ, կամ մեղադրյալ չկա։ Այսինքն՝ օդի մեջ ուղղակի հեղինակազրկելով Զինված ուժերը, մեր բանակի սպառազինությունը, մեր բանակի սպայակազմը Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել բանակը, շարունակում է իր վրայից դեն նետել պատերազմի պարտության մեղավորությունը», - ասաց Մաուկյանը։

Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեում վարչապետը հայտարարել էր, թե կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքը չի նվազել, դեռ մի բան էլ ավելացել է։

Փաշինյանի գրասենյակից հրթիռների վրայից ոսկյա մասերի անհետացման մասին հայտարարության հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն չի հնչել։ Իրավապահները ևս հավականական գործի հետ կապված որևէ տեղեկատվություն դեռ չեն տարածել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG