Բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) խափանման միջոցը փոխվեց` 50 միլիոն դրամ գրավի դիմաց նա ազատ կարձակվի:
«Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել», - տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Վերաքննիչ դատարանը, սակայն, անփոփոխ թողեց «անպիտան հրթիռների» քրեական գործով անցնող մյուս երեք մեղադրյալների, այդ թվում` պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցները: Այս մասին լրագրողներին հայտնեց Տոնոյանի պաշտպան Ավետիք Կարապետյանը` հիշեցնելով, որ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Առաջին ատյանի դատարանը հունվարի վերջին որոշել էր անփոփոխ թողնել պաշտպանության նախկին նախարարի, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, բանակին հրթիռներ մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի և Զինված ուժերի ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի խափանման միջոցները։ Կալանքից ազատ էր արձակվել միայն Ավիացիոն սպառազինության պետ Արտյոմ Համբարյանը։