Մատչելիության հղումներ

Ըստ փաստաբանի, չկա որևէ հիմք «անպիտան հրթիռների» գործով մեղադրյալներին ճաղերի ետևում պահելու համար


Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, արխիվ

Առանձնապես խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու մյուս բարձրաստիճան զինվորականների գործով նիստում դատարանն այսօր շարունակել է քննել մեղադրյալների կալանքը փոփոխելու հարցը։

Չնայած պաշտպանական կողմի պահանջին՝ «անպիտան հրթիռների» գործով նիստը շարունակում է անցնել դռնփակ, և լրագրողները մեղադրող կողմի տեսակետը լսելու հնարավորությունից զրկված են:

Այսօր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի կալանքը փոխելու հարցն էր քննվում։ Նախկին բարձրաստիճան զինվորականը երեք ամսից ավելի է՝ կալանավորված է։

Այս գործով առաջինը կալանավորված ԳՇ ավիացիոն վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, որ այս պահին չկա որևէ հիմք այս պահին մեղադրյալներին ճաղերի ետևում պահելու համար։

«Այսինքն՝ բոլոր անձինք իրենց ցուցմունքները տվել էն նույնիսկ մի քանի անգամ, բոլոր փաստաթղթերը ձեռք են բերվել, և այս պահին ասել, որ «դուք ազատության դեպքում կարող եք ինչ-որ փաստաթուղթ թաքցնել», ուղղակի աբսուրդ կարող է լինել: Եթե ասում են՝ «կարող եք խոչընդոտել գործի քննությանը ինչ-որ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու պարագայում», պետք է հասկանալ, օրինակ, ո՞ւմ վրա», - նշեց փաստաբանը:

Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինեն Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել:

Ամենայն հավանականությամբ այսօր դատարանը կգնա խորհրդակցական սենյակ՝ բոլոր մեղադրյալների կալանքի վերացման միջնորդությունը քննելու։ Որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ հունվարի 24-ին։

«Եկել են ասում են՝ «մենք մեր անձով, մեր հեղինակությամբ երաշխավորում ենք, որ այս անձը պատշաճ վարքագիծ կդրսևորի», հիմա եթե սա էլ պետք է ասեն՝ «չէ, որևէ մեկդ ոչ մի կեպ չեք կարող նպաստել պատշաճ վարքագծին, միայն կալանք պետք է կիրառվի», ուրեմն այս կալանքը պատիժ է», - ասաց Սարգսյանը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը հարցնում է՝ ինչո՞ւ են ընտրում՝ ում կալանավորեն, ում ոչ։ «Ազատության» դիտարկմանն՝ արդյոք Գլխավոր շտաբի գործող պետ ու այս գործով պաշտոնական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Արտակ Դավթյանի՞ն նկատի ունի, Սարգսյանն արձագանքեց՝ թեկուզ հենց նրան։

«Շատ ճիշտ են արել, որ Արտակ Դավթյանի նկատմամբ որևէ խափանման միջոց չեն կիրառել, որովհետև այդպիսի հիմք չկա, բացարձակապես հիմք չեմ տեսնում: Բայց նույն տրամաբանությամբ, օրինակ, Ավետիք Մուրադյանի պարագայում, ով 2019 թվականից որևէ պաշտոն չի զբաղեցնում և որևէ հիմնավորում չեն ներկայացնում խոչընդոտման մասով, ինչի՞, օրինակ, պետք է կալանքի տակ գտնվի: Տպավորություն է, որ պատժի միջոց է, տպավորություն է, որ ընտրվում է՝ ում պետք է կալանավորել, ում չպետք է կալանավորել», - ընդգծեց փաստաբանը:

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ 2018 թվականին բանակի համար ձեռքբերված ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներ են քրեական գործի հարուցման պատճառ դարձել։

Գլխավոր շտաբի գործող պետից, ՊՆ նախկին նախարարից, ավիացիայի վարչության նախկին պետից բացի այս գործով մեղադրյալ է նաև բանակին հրթիռներ մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Իրավապահները հայտնում են, որ այդ գործարքի հետևանքով առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4.6 միլիոն դոլարի հափշտակություն է կատարվել։ Մեղադրյալների պաշտպանները հակառակն են պնդում՝ չկա որևէ ապացույց, որ հրթիռներն անպիտան են եղել։

«Պատերազմի ժամանակ այս հրթիռները կրակվել են, բայց եկեք էլի օբյեկտիվ քննություն արեք, մենք էլ ենք ուզում օբյեկտիվ լինի, և բոլորը թող տեսնեն ինչ է, բայց ինչի պարտադիր կալանքի տակ», - նշեց փաստաբանը:

Երեկ դատավոր Մանվել Շահվերդյանը մերժել էր իր ինքնաբացարկի միջնորդությունը, որ պաշտպանական կողմն էր ներկայացրել։ Պատճառներից մեկն էլ գործը ձեռքով մակագրմանն էր առնչվում։ Պաշտպանական կողմը կասկած ունի՝ գործը դատավորին ոչ թե այբբենական կարգով է փոխանցվել, այլ դատարանի նախագահն է այդ որոշումը կայացրել։

«Ես ուզում եմ «Դատալեքս» համակարգով այսօր ստուգել նույն օրը դատարան մուտքագրված քրեական գործերը, որպեսզի տեսնեմ, թե որում է մակագրվել և տեսնենք՝ արդյոք ազգանունների այդ կարգը պահպանվել է, հիմա էլ տեսնում ենք, որ այս համակարգը չկա: Այսինքն ամեն ինչ արվում է, որպեսզի իրենց ցանկալի եղանակով գործերի քննությունը շարունակվի և հասարակական հսկողությունը չլինի», - նշեց Սարգսյանը:

Ի դեպ, այս մասին այսօր նաև գրառում է արել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ դատական գործընթացների մասին տեղեկությունը հասանելի դարձնող «Դատալեքս» համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը։ Օմբուդսմենն ընդգծել է, որ այն կարևոր միջոց է դատարանների նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար։ Վերջին մի քանի ամիսներին գործերը դատավորներին ձեռքով են մակագրվում, քանի որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում առգրավված է դատական համակարգի էլեկտրոնային մակագրման համակարգիչը։

XS
SM
MD
LG