Մատչելիության հղումներ

Վնասի փոխհատուցումը չի նշանակում, թե Դավիթ Գալստյանն ընդունել է իր մեղքը. փաստաբան


Գրեթե 5.5 միլիոն դոլարի չափով վնասի վերականգնումը չի նշանակում, թե կալանքից ազատ արձակված Դավիթ Գալստյանն ընդունում է իր մեղքը, շեշտում է զենքի մատակարարի փաստաբանը։

Արմեն Անդրիկյանն ասում է՝ դեռևս նախաքննության փուլում են իրենք պատրաստակամություն հայտնել՝ փոխհատուցելու հնարավոր վնասը, իսկ թե ինչո՞ւ, պաշտպանն այսպես է բացատրում․ - «Մենք ցանկանում էինք նշել, որ մենք չենք ընդունում առաջադրված մեղադրանքը, բայց միևնույն ժամանակ պետությանը ցույց ենք տալիս՝ շահագրգիռ կողմին ցույց ենք տալիս, որ այստեղ կա ապահովման հնարավորություն, և պետությունը պետք է հանգիստ լինի, որ եթե ի վերջո հաստատվեց մեղքը և վնասը, ապա դա վերականգնելու հնարավորություններն առկա են»։

Մեղադրող դատախազը 2 օր առաջ դեմ չէր արտահայտվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու ու փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող Գալստյանի ազատ արձակմանը։

Գլխավոր դատախազությունից պարզաբանում են՝ նման դիրքորոշման համար նախ հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ զենքի մատակարարն արդեն լիովին վերականգնել է մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը։

Նկատենք՝ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ շուրջ 4,6 միլիոն դոլարի յուրացում մասին էր հայտարարել։ Ստացվում է, որ զենքի մատակարարը նշված գումարից դեռ մի բան էլ ավելի է վճարել պետությանը։ Արդյոք նախաքննության ընթացքում է ավելացվել պատճառված վնասի չափը, դատախազությունից չեն պարզաբանում։

Հենց Դավիթ Գալստյանն էր բանակին մատակարարել աղմկահարույց քրեական գործի պատճառ դարձած ավելի քան 4 հազար 200 հրթիռները։ Հրթիռները, ըստ իրավապահների, անպիտան են եղել, դրանք հնարավոր չի եղել կիրառել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ոչ դատախազությունը, ոչ էլ Գալստյանի պաշտպանը նաև չեն բացահայտում, թե արդյոք զենքի մատակարարը հենց զինամթերքով է վերականգնել հնարավոր վնասը։

«Ես վնասի ապահովման առարկայի մասին շատ բան չեմ կարող խոսել, որովհետև դա պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է ամբողջությամն», - նշեց փաստաբանը։

Դավիթ Գալստյանը 2 օր առաջ ազատ էր արձակվել 100 հազար դոլար գրավի դիմաց։ Գլխավոր դատախազությունում համարում են, որ նվազել է վկաների վրա նրա՝ ապօրինի ազդեցության վտանգը։

«Իր հետ կապված բոլոր դատավարական, քննչական գործողություններն ավարտված են, և այդ ապօրինի ներգործության ռիսկերը էականորեն նվազել են», - ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Մինչդեռ, ըստ դատախազության, մյուս 3 մեղադրյալների՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում առկա է ռիսկը, որ նրանք կարող են ապօրինի ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների վրա։ Շեշտում են՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ու Զինված ուժերի ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ի տարբերություն Գալստյանի, բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Բացի այդ, ասում են, որ նրանց առնչվող հարցաքննության փուլը դեռ չի ավարտվել։

«Որովհետև դատավարության մասնակից են հանդիսանում նրանց ենթակայությամբ աշխատած անձինք, նրանց կոլեգաները, և սա է հիմնական պատճառը, որ դատախազությունը գտնում է, որ դեռևս պահպանվում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը», - ասաց Աբրահամյանը։

Գրեթե կես տարի բանտարկված պաշտպանության նախկին նախարարի համար Վերաքննիչ քրեական դատարանում էլ անձնական երաշխավորություն էին ներկայացրել իշխանական երկու պատգամավորներ և «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը։ Իսկ մեղադրյալներից Ստեփան Գալստյանի ու Ավետիք Մուրադյանի պաշտպանները գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել։

«Քանի որ քրեական գործում չկան այնպիսի տեղեկություններ, որոնք թեկուզ չնչին չափով կարող են ապացուցել պարոն Տոնոյանի կալանքի տակ գտնվելը», - ասաց Դավիթ Տոնոյանի փաստաբանը։

Բարձրաստիճան նախկին զինվորականների պաշտպանները պնդում են՝ որևէ փաստական տվյալ չկա, որ Տոնոյանը, Գալստյանն ու Մուրադյանը կարող են խոչընդոտել արդարադատության իրականացմանը։ Նրանք նաև չեն ընդունում, որ հրթիռներն անպիտան են եղել, ասածը հիմնավորում են այն հանգամանքով, որ դրանք անգամ փորձաքննություն չեն անցել։

«Երբ մենք դիմում ենք, որ վարույթն իրականացնող մարմնին, որ անհրաժեշտ է այս գործով փորձաքննություն իրականացնել՝ հասկանալու համար հրթիռներն ինչ չափով են պիտանի, պիտանի չեն, մեզ պատասխանում են, որ այլ դատավարական կառուցակարգերով մենք ստուգել ենք հրթիռների պիտանելիությունը։ Այլ դատավարական կառուցակարգ, քան փորձաքննությունն է, տվյալ դեպքում փորձարկում իրականացնելը, Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ», - ընդգծեց փաստաբանը։

«Անպիտան հրթիռների» քրեական գործով անցնող առանցքային դեմքերից է նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, նա պաշտոնից ազատ արձակվեց անցած ամիս։ Դավթյանը ազատության մեջ և հայտնի չէ՝ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել է, թե՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG