Մատչելիության հղումներ

Պաշտոնանկություններ և նշանակումներ Զինված ուժերում


Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը
Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը

Զինված ուժերում վարչապետի առաջարկությամբ և նախագահի լիազորությունները կատարողի հրամանագրով մի շարք պաշտոնանկություններ են կատարվել:

Այսպես, Արտակ Դավթյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Այս պահին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակման վերաբերյալ վարչապետի աշխատակազմից առաջարկություն նախագահականում չի ստացվել, «Ազատությանը» տեղեկացրին Բաղրամյան 26-ից:

Նրանից բացի, վարչապետը պաշտոններից ազատել է 4 վարչությունների պետերի:

Արթուր Պողոսյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի, Անդրանիկ Մակարյանը` Պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԳՇ պետի տեղակալի, Արմեն Հարությունյանը` Հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի, Արմեն Առուշանյանը` Ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոններից:

Զինված ուժերում այսօր նաև նշանակումներ են կատարվել. Արմեն Գյոզալյանը նշանակվել է Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ՝ ազատվելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Սերյոժա Ստեփանյանը կզբաղեցնի Բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի, Վաչագան Ներսեսյանը` Պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի, Գոռ Նիկոյանը` Հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնները:

Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչությունը կղեկավարի Կարեն Գրիգորյանը:

Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ Բագրատ Մաթևոսյանը` Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:

Պաշտոնից ազատվածներից Արտակ Դավթյանը և Անդրանիկ Մակարյանը մեղադրյալ են, համապատասխանաբար` «անպիտան հրթիռների» քրեական գործով և պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի գործով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին հայտարարել էր Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, նույն օրն ավելի ուշ միջնորդել նախագահին ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին։

Հիշեցնենք՝ 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո Դավթյանը ստանձնել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, 2020-ի հունիսին նրան այդ պաշտոնում փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ Նիկոլ Փաշինյանի` 4 տարուց ավելի քիչ պաշտոնավարման ընթացքում արդեն 4 անգամ ԳՇ պետ է փոփոխվել:

XS
SM
MD
LG