Մատչելիության հղումներ

Զենքի մատակարարը 50 մլն դրամի գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ Դավիթ Տոնոյանն ու մյուս մեղադրյալներ կմնան բանտում


Դավիթ Գալստյանը (Կ) և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (Ա), արխիվ։
Դավիթ Գալստյանը (Կ) և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (Ա), արխիվ։

Գլխավոր դատախազությունից ավելի ուշ պարզաբանեցին, թե ամբաստանյալ Գալստյանն արդեն լիովին վերականգնել է իրեն մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն դրամը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր 50 միլիոն դրամի (կամ 100 հազար դոլարի) գրավի դիմաց ազատ արձակեց «անպիտան հրթիռների» գործով առանցքային մեղադրյալներից մեկին՝ զենքի մատակարար Դավիթ Գալստյանին։

Գլխավոր դատախազությունից ավելի ուշ պարզաբանեցին, թե ամբաստանյալ Գալստյանն արդեն լիովին վերականգնել է իրեն մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն դրամը։ Այդ պատճառով մեղադրողները նրա կալանքը փոփոխելուն չեն առարկել։

Դատարանը սակայն անփոփոխ թողեց մյուս երեք մեղադրյալների՝ բարձրաստիճան նախկին զինվորականների խափանման միջոցը՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ու Զինված ուժերի ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը կմնան կալանքի տակ։ Նրանք շուրջ կես տարի է բանտում են։

Դատարանի որոշումը Դավիթ Տոնոյանի փաստաբանն Ավետիք Կարապետյանն անհիմն ու ապօրինի է համարում. - «Քանի որ քրեական գործում չկան այնպիսի տեղեկություններ, որոնք պետք է չնչին թեկուզ չափով ապացուցեին, կարողանային ապացուցել պարոն Տոնոյանի կալանքի տակ գտնվելը»։

Առանձնապես խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարի փաստաբանն այսօր ասաց, որ Տոնոյանի ազատ արձակման համար այս անգամ ևս անձնական երաշխավորություն էին ներակայացրել իշխանական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Տոնոյանի փաստաբանները կասկածներ ունեն՝ դատարանը ճնշումների է ենթարկվում։ Գործը քննող դատավոր Մնացական Հարությունյանին այդ պատճառով էին ինքնաբացարկ ներկայացրել, որը. սակայն, մերժվեց։ Ցանկանում էին իմանալ՝ օրենքին համապատասխա՞ն էր գործը նրան մակագրելը, այսինքն՝ արդյո՞ք դա եղել էր ըստ այբբենական հերթականության։

«Էս գործով որևիցե դատարան, նախաքննության փուլից սկսած, թե դատական քննության փուլից սկսած, որևիցե մեկը մեղադրանքի կողմի դիրքորոշմանը հակառակ որևիցե որոշում չի կայացրել», - ասաց Կարապետյանը։

Պաշտոնեական կեղծիք կատարելու ու պաշտոնեկան դիրքի չարաշահման համար մեղադրվող Զինված ուժերի ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգյսանը ևս հայտարարում է՝ անպիտան հրթիռների դատական գործընթացում ամեն ինչ կանխատեսելի է. - «Այստեղ դատարանների մասով ոչինչ չենք տեսնում։ Դատարաններն անում են այն, ինչ որ իրենցից ակնկալվում է՝ առանց որևէ իրավական փաստարկների, հիմնավորումների»։

2018 թվականին բանակի համար ձեռքբերված ավելի քան 4 հազար 200 հրթիռներն էին այս քրեական գործի պատճառը։ Դրանք, ըստ պաշտոնական տեղեկության, անպիտան են եղել, և մեղադրյալները պետությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4,6 միլիոն դոլար յուրացում են կատարել։

Գործով անցնող փաստաբանների պնդում են՝ չկա որևէ փաստ, որ կհաստատի պաշտոնական պնդումները։ Հիշեցնում են, քրեական գործի պատճառ դարձած հրիթռների անգամ փորձաքննությունն է անկատար մնացել։ Ասում են՝ մեղադրող կողմը դրա անհրաժեշտությունն էլ չի տեսնում։

«Երբ մենք դիմում ենք վարույթ իրականացնող մարմնին, որ անհրաժեշտ է այս գործով իրականացնել՝ վերջ ի վերջո հասկանալու համար՝ էդ հրթիռները պիտանի՞ են, ի՞նչ չափով են պիտանի, մեզ պատասխանում են, որ՝ դատավարական կառուցակարգերով մենք ստուգել ենք հրթիռների պիտանելիությունը։ Այլ դատավարական կառուցակարգ, քան փորձաքննություն, տվյալ դեպքում՝ փորձարկում իրականացնելը, Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ», - ասաց Դավիթ Տոնոյանի փաստաբան Ավետիք Կարապետյանը։

«Անպիտան հրթիռների» քրեական գործով անցնող առանցքային դեմքերից է նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Արտակ Դավթյանը, որը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատ արձակվեց անցած ամիս։ Դավթյանը ազատության մեջ և հայտնի չէ՝ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել է, թե՝ ոչ։ Այժմ զինված ուժերը ղեկավարում է Գլխավոր շտաբի պետի տեղակալը։ Նոր ղեկավար դեռ չի նշանակվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG