Անպիտան հրթիռների գործով արդեն երեք ամիս շարունակվող քննության ընթացքում այսօր առաջին անգամ դատարան էր եկել նաև ամբաստանյալ, Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը։ Հարցերի, սակայն, նա հրաժարվեց պատասխանել։
Անցած ամիս զինվորական բարձր պաշտոնից հեռացված Դավթյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Մինչ օրս Դավթյանը առաջադրված մեղադրանքին չի անդրադարձել՝ ասել է միայն, որ ընթանում են իրավական գործընթացներ։
Շատ մանրամասներ հայտնի չդարձան նաև այսօրվա դատական նիստից․ քննությունն անցնում է դռնփակ՝ ռազմական գաղտնիք չհրապարակելու պատճառաբանությամբ։
Գործով առանցքային մեղադրյալ, կես տարուց ավելի կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը միայն ասաց, որ այսօր միջնորդություն են ներկայացրել՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու, Տոնոյանին պատկանող գույքն ու դրամական միջոցները կալանքից հանելու վերաբերյալ։
«Դատարանի կողմից որպես կալանքի հիմնավորում դրվել է այն հանգամանքը, որ ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է ապօրինի ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, և որպես նոր հանգամանք մեր կողմից հիշատակվել է այն, որ վերաքննիչ դատարանում Դավիթ Գալստյանի պաշտպանները ներկայացրել էին համաձայնագիր` համաձայն որի, ըստ էության, սույն քրեական գործով ենթադրյալ հանցագործության պատճառած վնասը ապահովել երաշխավորվել է, և այս հանգամանքն էականորեն նվազեցնում է այն մտավախությունը, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում կարող է որևէ կերպ խոչընդոտել պարոն Տոնոյանը, և այդ հանգամանքը հաշվի առնելով` գտել ենք, որ այլ խափանման միջոցը, մասնավորապես գրավն ի զորու է ապահովելու պատշաճ վարքագիծ, եթե ընդունենք, որ այդ խոչընդոտելու ռիսկը եղել է», - ասաց փաստաբանը:
Տոնոյանից բացի, այս գործով կալանքի տակ են նաև Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Զինված ուժերի ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Շաբաթներ առաջ, սակայն, գրավի դիմաց ազատ արձակվեց նույն գործով մեղադրյալ, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը։ «Պատրոն Դավո» մականունով հայտնի գործարարը կալանքից ազատ արձակվեց 50 միլիոն դրամ (կամ 100 հազար դոլար) գրավի դիմաց, երբ վերականգնեց պատճառված վնասը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն դրամը։
Ըստ քրեական գործի` 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4 հազար 200 հրթիռներ, որոնք անպիտան են եղել, և մեղադրյալները պետությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4,6 միլիոն դոլար են յուրացրել։
Գործով անցնող մեղադրյալները, սակայն, առաջադրված մեղադրանքը չեն ընդունում և պնդում են, թե հրթիռներն անգամ փորձաքննություն չեն անցել, չեն կրակվել։
Այսօրվա նիստի ավարտին հաղորդվեց, որ հաջորդ դատական նիստի ընթացքում դատարանը կշարունակի լսել Տոնոյանին ազատ արձակելու՝ կողմերի տեսակետները, ինչից հետո կգնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Հաջորդ դատական նիստը մայիսի 2-ին է: