Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և բարձրաստիճան մյուս նախկին զինվորականների քրեական գործը հնարավոր է տեղափոխվի նոր ձևավորվող Հակակոռուպցիոն դատարան։
Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն «Ազատությանը» հայտնեց, որ դատարանն այժմ այդ հարցն է քննում. «Կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանը համապատասխան որոշում կկայացնի: Գտնում եմ, որ ամեն դեպքում այդ գործն ուղարկվելու է Հակակոռուպցիոն դատարան»:
«Անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի դատավարությունը 7 ամիս առաջ է մեկնարկել, սակայն դատարանն այս ամիսների ընթացքում այդպես էլ բուն դատաքննությունը չի սկսել։ Նիստերի մեծ մասը հետաձգվել է՝ ոչ պաշտպանական կողմի պատճառով, ասում է փաստաբանը։
«Տարբեր պատճառներ կարող են լինել, դրանցից մեկը կարող է հենց նա լինել, որ այս ձգձգումները նպատակ ունեին Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման և հակակոռուպցիոն դատարանին փոխանցելուն մի շարք քրեական գործեր, այսպես ասած` ցանկալի դատարան է ստեղծվում: Կարծում եմ` բոլորի համար էլ հայտնի է, և այդ դատարանի միջոցով մի շարք քրեական գործի ելքը որոշելն է: Չենք կարող նաև հաշվի չառնել իրական դատարանի ծանրաբեռնվածությունը, այնուամենայնիվ, հայտնի է` ինչպես են հիմա ծանրաբեռնված դատարանները, բայց այդուհանդերձ, դա այն օբյեկտիվ հիմքը չէ, որը թույլ կտար անցած 8 ամիսների ընթացքում նորմալ դատական նիստեր չանցկացնել», - նշեց Սերգեյ Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով` անտրամաբանական է՝ ինչու է պաշտպանության նախկին նախարարը մնում կալանքի տակ
Մինչ այդ, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարն ավելի քան 10 ամիս է` կալանքի տակ է։ Դատարանն այս ընթացքում չի բավարարել նրան ազատ արձակելու միջնորդությունը, մինչդեռ մյուս մեղադրյալների դեպքում կա՛մ փոխվել է խափանման միջոցը, կա՛մ էլ կալանավորման միջնորդություն չի ներկայացվել։
Հովհաննիսյանն ասում է՝ դատարանն այդ դեպքերում իրավաչափ որոշում է կայացրել, և անտրամաբանական է՝ ինչո՞ւ է այդ ամենից հետո պաշտպանության նախկին նախարարը կալանքի տակ. «Տրամաբանություն դուրս է, թե որևէ պաշտոն այժմ չզբաղեցնող Դավիթ Տոնոյանն ինչպես պետք է խոչընդոտի, ինչպե՞ս է մեկնաբանվում, որ մյուսները կարող են չխոչընդոտել, կամ Դավիթ Տոնոյանը կարող է խոչընդոտել, կամ ռիսկն այդ աստիճան բարձր է, բայց տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվում դեռևս: Անհասկանալի ու անհիմն պատճառաբանություններով շարունակում է մնալ կալանքի տակ զուտ այն պատճառաբանությամբ, որ նախկինում եղել է նախարար ու այդ ամենի վրա ազդեցություն կունենա, ընդամենն այդքանը»:
Ըստ մեղադրող կողմի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։
Քրեական գործի հարուցման պատճառ դարձած ռազմամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով, կատարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4.6 միլիոն դոլարի հափշտակություն։ Պաշտպանական կողմն այս մեղադրանքերը չի ընդունում, ավելին՝ պաշտպանները պնդում են՝ հրթիռները ժամկետի մեջ են եղել։
Դա հաստատող նաև երրորդ երկրի անվտանգության ծառայության պատասխանը կա մեղադրող կողմի հարցմանն ի պատասխան, նախօրեին տարածված հայտարարության մեջ շեշտել է պաշտպանության նախկին նախարարը։
«ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել», - հայտարարել է Տոնոյանը։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք նախարար նշանակված ու պատերազմից մի քանի օր անց պաշտոնից հեռացած Դավիթ Տոնոյանն իր մեղադրանքը որակում է «թավշյա» քաղաքական հետապնդում և մտադիր է իր իրավունքների պաշտպանության համար նաև քրեական վարույթ նախաձեռնելու քայլեր ձեռնարկել: