Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Միաժամանակ ռազմական գերատեսչությունը փոխանցում է, որ հայկական զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը:
Ադրբեջանական կողմն, իր հերթին, հաղորդագրություն է տարածել, թե իբր «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», ինչը ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է՝ շեշտելով, որ դա հերթական ապատեղեկատվությունն է:
Երեք օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին, հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ էին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ արձակել, ինչի հետևանքով այն վնասվել էր:
Շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակման հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորների մասին են հաղորդել: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր: