Մատչելիության հղումներ

Այսօր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցն է


Սեպտեմբեր, 2020թ․
Սեպտեմբեր, 2020թ․

Այսօր գիշերվանից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները։ Երկու տարի առաջ այս օրը սկսվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը տևեց 44 օր։

Զոհերի հարազատները կրկին հայտարարել են, որ չեն թողնելու վարչապետ Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքը պանթեոն։

Երեկ ավելի ուշ, սակայն, լրատվամիջոցները գրեցին, որ կառավարության անդամներն այսօր «Եռաբլուր» չեն գնալու։ Առավոտյան 10։00-ի դրությամբ իշխանության որևէ ներկայացուցիչ «Եռաբլուր» չի եկել, ոստիկանական ուժերի կուտակումներ «Եռաբլուրում» ևս չկան։

Ոստիկանները բերման են ենթարկում զոհվածների հարազատներին, 21-ը սեպտեմբերի, 2022թ․
Ոստիկանները բերման են ենթարկում զոհվածների հարազատներին, 21-ը սեպտեմբերի, 2022թ․

Սեպտեմբերի 21-ին կրկին գիշերվանից զոհերի ծնողները «Եռաբլուրում» էին՝ արգելելու վարչապետ Փաշինյանի մուտքը պանթեոն։ Նախքան վարչապետի ժամանումը, ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը և քաշքելով բերման էին ենթարկել փողոցը փակած շուրջ չորս տասնյակ ծնողների։

«Եռաբլուրում» կարմիր բերետավորների գործողություններից հետո 35 հասարակական կազմակերպություններ պահանջեցին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։ Ոստիկանությունը միայն հայտնեց, թե ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է դիմել ոստիկանապետին չորս ծառայողի պատասխանատվության ենթարկելու համար՝ երկուսին աշխատանքից ազատեն, մեկին՝ խիստ, մյուսին սովորական նկատողություն անեն։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմ

Երկու տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավարտվեց 44 օր անց: Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հրթիռների, հրետանու և այլ ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի, նաև՝ արգելված զենքերի կիրառմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ, առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:

Երկու կողմերը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով Ադրբեջանին անցան նաև Լեռնային Ղարաբաղին հարակից՝ հայկական ուժերի վերահսկած 7 շրջանների մնացյալ տարածքները:

Երկու տարի անց էլ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել տասնյակ ռազմագերիների, ավելին՝ նրանց թիվը վերջին տվյալներով ևս 20-ով ավելացել է սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողություններից հետո, չեն բացվել հաղորդակցության ուղիները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG