Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, ոստիկանապետ Վահե Ղազարյանը պետք է հրաժարական տա, այլապես երեկ «Եռաբլուրում» տեղի ունեցած ոստիկանական բիրտ գործողությունների պատասխանատվությունը կրում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ վաղ առավոտյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին, երբ վերջիններս որոշել էին թույլ չտալ վարչապետի ու իշխանության մյուս ներայացուցիչների մուտքը «Եռաբլուր»։
Ոստիկանները ծնողների թևերը ոլորելով, ձեռքերից ու ոտքերից քաշքշելով՝ խցկում էին ոստիկանական մեքենաներ՝ այդ կերպ ճանապարհ բացելով «Եռաբլուր» ժամանող վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար։
«Եվ եթե այդ հրաժարականը չի լինում, կամ վարչապետը չի հեռացնում ոստիկանապետին, ապա անմիջական պատասխանատվությունը կրում է նաև ինքը», - ասաց Սաքունցը։
Իրավապաշտպանը դատապարտում է զոհված զինածառայողների ծնողներին բերման ենթարկելու իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք որակելով անթույլատրելի և անհամարժեք։
Ըստ Սաքունցի՝ իշխանությունը մարդկանց հետ պետք է հաղորդակցվի և ոչ թե նրանցից ոստիկանական պատնեշով բաժանվի։
Տասնյակ տարիներ բանակի խնդիրնեով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարն ասում է, որ Փաշինյանը պետք է կամք դրսևորի, լսի զոհվածների հարազատներին և մարդանց հարցերին պատասխանի, որքան էլ որ այդ հարցերը տհաճ լինեն։
«Իշխանությունն ասելիք չունի այդ մարկանց, իսկ այդ մարդկանց ասելիք պետք է ունենա։ Ինքը պետք է քաջություն ունենա՝ լսելու նաև նրանց հայհոյանքները, և մարդիկ, նորից եմ կրկնում, չպետք է մնան միայնակ՝ իրենց կորստի, վշտի, ցավի հետ։ Նրանց հետ պետք է ոչ թե ցավակցելու, այլ ապրումակցելու այդ վարքագիծը վերաբերմունքն ունենաս, որ մարդիկ վստահություն ունենան, որ իշխանության կողմից ամեն ինչ արվում է՝ պատասխաններ տալու, պատասխանատվություն կրելու համար», - ասաց Սաքունցը։