«Եռաբլուր» զինվորական պանթեոնից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 40 ծնող է բերման ենթարկվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրանց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Ըստ փաստաբանի՝ ոստիկանները բռնություն կիրառելով են նրանց բերման ենթարկել, քաշքշել, վնասվածքներ պատճառել։
«Ծնողները շոկի մեջ են, որոշ ժամանակ անցնի, նրանք կբողոքարկեն ոստիկանների ապօրինի գործողությունները», - ասաց փաստաբանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն էլ հայտարարել է, որ այս դեպքով հանցագործության մասին հաղորդում կներկայացնի՝ շեշտելով՝ «Եռաբլուրում» տեղի ունեցածը ոտնահարում է Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրապական կոնվենցիայի ու Հայաստանի օրենսդրության մի շարք (մեծ շարք) նորմեր։
Այսօր ավելի ուշ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ հորդորելով միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով։
«Սեպտեմբերի 21-ին Ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ: Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին», - ասված է հաղորդագրությունում:
Զոհվածների ծնողները գիշերվանից «Եռաբլուրում» էին որպեսզի արգելեն վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների մուտքը պանթեոն։
Առավոտյան, նախքան վարչապետի ժամանումը, ոստիկանները փորձել են բացել ճանապարհը և բերման են ենթարկել փողոցը փակած մայրերին։ Նրանք «Ազատությանը» պատմեցին, որ ոստիկաններն իրենց քաշքշելով են բերման ենթարկել։ Ոստիկանության բաժիններից ծնողները կրկին վերադարձել են «Եռաբլուր»։